Իրավիճակը պահանջում է համախմբում և արտակարգ լուծումներ

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Առկա իրավիճակի համատեքստում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները վկայում են, որ պետական կառավարման համակարգի ճգնաժամը խորանում է, իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի դեմարշային բովանդակությունը և դրա նկատմամբ 5-րդ շարասյան  աջակցող դիրքավորումը ևս մեկ անգամ ապացուցում են, որ եղել է և կա ռևանշի դավադիր պլան և որ այդ պլանը ձախողման վտանգի առաջ է կանգնած:
 
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելը ճգնաժամը հաղթահարելուն և ռևանշը չեզոքացնելուն ուղղված ողջունելի, սակայն շատ մասնակի քայլ է, որը բավարար չէ այդ հույժ կարևոր կառույցների գործառույթներն ազգայնացնելու և դրանք ՀՀ ինքնիշխանությանն ու իրավակարգի պահպանմանը ծառայեցնելու համար:
 
Ամբողջ պետական կառավարման համակարգը արմատական բարեփոխման կարիք ունի: Հատկապես խնդրահարույց է ԱԱԾ և Ոստիկանության հետ կապված վիճակը: Առաջին հերթին հարկավոր է այս կառույցները զատել խորհրդային ժառանգությունից և զտել հակապետական ու կոռումպացված կադրերից,  համապատասխանեցնել ներկայիս մարտահրավերներին և ենթարկեցնել քաղաքական ու քաղաքացիական  վերահսկողության:
 
Խիստ մտահոգիչ է վիճակը նաև մյուս բոլոր ոլորտներում:
Մեր ազգի և պետության առջև ծառացած բարդ ու դժվարին խնդիրները լուծելու, այդ թվում՝ բոլորիս աչքի առաջ մոբիլիզացվող ռևանշը չեզոքացնելու համար անհրաժեշտ է, որ բոլոր ազգային-ժողովրդավարական ուժերն ու ամբողջ քաղաքացիական հասարակությունը գործող իշխանության հետ միասին համախմբվեն և համաձայնեցված քայլերով երկրում ձևավորեն ճգնաժամի հաղթահարման և հետագա զարգացման նախադրյալներ ու պայմաններ:
 
Ազգային անվտանգության ապահովման և պետության ապագայի երաշխավորման համար կենսականորեն անհրաժեշտ այս գործընթացի հաջողության հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է:
Ուստի գործող իշխանությանը հորդորում ենք ներկայիս առօրեական տրամաբանության փոխարեն այլևս գործել հասունացող ռևանշը չեզոքացնելու համար անհրաժեշտ արտակարգ լուծումների դիմելու տրամաբանությամբ, ցուցաբերել առավելագույն լայնախոհություն և ապահովել հնարավորինս մեծ ներառականություն, ինչի համար այս փուլում առնվազն պետք է՝
 
համակարգային, հետևողական, կտրուկ և արդյունավետ քայլերով խափանել 5-րդ շարասյան ռևանշը,
 
անհապաղ դադարեցնել ազգային համախմբմանը խոչընդոտող ու հակառակորդի ջրաղացին ջուր լցնող, առաջին հերթին՝ Ամուլսարի հանքի շահագործմանը միտված, գործողությունները,
 
ճգնաժամային խնդիրների և բոլոր ռազմավարական հարցերի լուծման համար անցկացնել հանրաքվեներ կամ կիրառել ուղիղ ժողովրդավարության այլ միջոցներ,
 
ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոններում նշանակել այդ կառույցների հետ չկապված, իրենց կենսագրությամբ հանրային հիշողության մեջ բացասական հետք չթողած և պետական ինքնիշխանությունը պահպանելու հարցում վստահություն ներշնչող անձանց:
 
18 սեպտեմբերի 2019 թ.
  Երևան