Հունաստանում ՀՅԴ պառակտիչ գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՇ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆ ՀՀ- ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թավշյա հեղափոխության արդյունքում ունենք ապագայի նկատմամբ Նոր Հայաստանի խոստմնալից հեռանկարը: Բնականաբար, Սփյուռքը ևս իր ճնշող մեծամասնությամբ ունի նույն հեռանկարը և մոտեցումը: Ուստի հեղափոխական իշխանությունների կողմից սպասվում է Սփյուռքի նկատմամբ համակողմանի նոր և արդյունավետ մոտեցում: Սփյուռքի հետ կապերը անցյալում հիմնականում եղել են ՀՀ դեսպանությունների և  Սփյուռքի նախարարության միջոցով: Այդ հարաբերությունները ցավոք եղել են խտրական, միակողմանի և ոչ արդյունավետ: Այդ հարաբերություններում անտեսվել է Սփյուռքը իր ավելի քան 95 տոկոսով:
 
Ուրախալի է, որ արդեն աշխատանքի է անցել Սփյուռքի հետ կապերի գլխավոր հանձնակատարը, և կյանքի է կոչվել համապատասխան գրասենյակը, կցուցաբերվի նոր մոտեցում և նոր հայեցակարգ: Սակայն ՀՀ դեսպանությունների և ԱԳ նախարարության կողմից Սփյուռքի հետ կապերի շրջանակներում, ցավոք, դեռևս ականատես ենք լինում նախկին արատավոր մոտեցումների որոշակի օրինակների, որը վտանգում է արդյունավետ աշխատանքների բնականոն ընթացքը և չի համապատասխանում Նոր Հայաստանի որդեգրած նպատակային քաղաքականությանը և պահանջներին:
 
Դրա ցայտուն օրինակներից է վերջերս Աթենքի հայկական համայնքում տեղի ունեցած այն անառողջ իրողությունը, երբ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Հունաստանում ՀՀ դեսպանի հետ հանդիպում է միայն տեղի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի հետ՝ անտեսելով գործող մյուս կուսակցություններին և կառույցներին, իսկ վերջիններիս համատեղ արդարացի բողոք-նամակին ի պատասխան՝ դաշնակցությունը պաշտոնապես հայտարարում է. 
 
- Յունահայ համայնքին մէջ լուսանցքային դեր ունեցող շրջանակ մը, հանդիպման բնոյթը անտեսելով, առիթը կ՚օգտագործէ մեր գաղութը պառակտելու եւ Հ.Հ. իշխանութեանց հետ սնոտի բաժանարար գիծեր ստեղծելու համար։
 
Բոլորի համար պարզից էլ  պարզ է ՀՅԴ Հայաստանյան քաղաքականությունը, նրանք բազմաթիվ պառակտիչ գործեր են ցույց տվել, որոնցից վերջինը նրանց այսպես կոչված կարմիր քարտերն էին:
 
Հայաստանում շատերը դեռ չգիտեն, որ Սփյուռքում  ևս նրանք վարել ու վարում են նույն քայքայիչ քաղաքականությունը՝ նպատակ ունենալով ամեն գնով չեզոքացնել և վերացնել բոլոր այլ կառույցների գոյությունը:
 
Այս և նման անառողջ վիճակի հիմնական պատասխանատուները սփյուռքյան բոլոր այն ուժերն են, ովքեր տասնյակ տարիներ խոչընդոտել են Սփյուռքի միավորումը: Իսկ ՀՀ հին իշխանություններն էլ սեփական կերակրատաշտից նրանց բաժին հասցնելով՝ լավագույնս օգտվել են այդ վիճակից իրենց կլանային շահերը առաջ տանելու համար:
 
Նոր Հայաստանում, պետական տարբեր կառույցներում Սփյուռքի հետ կապերում հարկ է լինել չափազանց զգույշ և զգոն, չկրկնել անցյալի սխալները: Հարկավոր է միասնականության ոգով՝ հավասար և առարկայական մոտեցում ցուցաբերել Սփյուռքի տարբեր համայնքներին և գործող բազմաբնույթ կառույցներին:
 
Հասկանալի է որ ՀՀ բոլոր դիվանագետները չեն, որ համապատասխանում են իրենց կոչումին և գործում են թավշյա հեղափոխության տրամաբանության ոգով, սակայն դա չի նշանակում որ նրանցից ոմանք ինչ-ինչ շահերի բերումով հնարավորություն պիտի ունենան շարունակել աշխատել հին հոգեբանությամբ:
 
Մեր ցանկությունն ու պահանջն է, որ նման բացասական երեւույթներ այլեւս չկրկնվեն:
 
Եվրոպայի հայերի համագումար
23 հունիսի 2019 թ.
Ուփսալա – Շվեդիա