ԴԱՏԱՐԿ ՆԵՐՈՂՈՒԹՅԱՄԲ ՉԵՆՔ ԲԱՎԱՐԱՐՎԻ

Ցեղասպանության ճանաչման նոր հակափաստարկ

ՀՀ փոխարտգործանախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ աշխարհը պետք է ճանաչի հայերի ցեղասպանությունը, որպեսզի հետագայում այդպիսի հանցագործությունները չկրկնվեն: 
Ըստ էության, գործադիր մարմնի անդամը նոր բան չի ասել: Մարդասիրական ու չարչկված այսպիսի խոսքեր կարող ենք լսել գրեթե ամեն օր՝ աշխարհի տարբեր անկյուններից ու ամենատարբեր լեզուներով: 
 
Շավարշ Քոչարյանի հայտարարությունը կարծես դրանց մեխանիկական կրկնությունն է և հարցեր առաջացնող մշտակաղապարային  խոսք: Եթե Հայոց ցեղասպանությունից կամ Հոլոքոստից հետո այլ սպանդներ չլինեին՝ կարող էինք համաձայնել այս հայտարարությանը, բայց դրանից հետո  վայրագ այդ երևույթը շարունակվել է ու, սպառազինությունների մրցավազքին նայելով՝ դժվար չէ կանխատեսել, որ դեռ շարունակվելու է: Ավելին՝ Հոլոքոստի ճանաչումից հետո, անգամ  իրենց շահերն ունեցող  պետությունները  դիմել են այդ քայլին: 
 
Արդյո՞ք  ժամանակը չէ Հայոց ցեղասպանության խնդիրը ՀՀ ղեկավարությունն այլ  տեսանկյունից դիտարկի և այլ երանգավորմամբ ներկայացնի: Բանն այն է, որ  50-100 տարի առաջվա  համեմատ Հայոց ցեղասպանության մասին  ընդհանուր առմամբ իրազեկված են  աշխարհի 5 մայրացամաքներում: Այլ խնդիր է, որ երբեմն ու ոմանց կողմից այն շահարկվում է, որպես հաղթաթուղթ՝ անսանձ Թուրքիային մերթընդմերթ զսպելու գործիք:
 
Բացի այդ, այսօր  տարբեր ազգերի ներկայացուցիչներ երբ դատապարտում են ցեղասպանությունը՝ ուրախացնում են մեզ, բայց նման գիտակցված դատապարտումների կարիքը երևի թե ավելի շատ այդ պատուհասը դեռևս չտեսած ազգերն ու ժողովուրդներն ունեն, զի վտանգը կախված է բոլորի գլխին. ինչու չէ՝ նաև մեր արհավիրքի դեմ աչք ու ականջ փակած, Հայոց 1915-ն անհոգի անտարբերության մատնած հսկաների գլխին:
 
Աշխարհի մի շարք պետություններ պետական մակարդակով ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը, դատապարտել այն: Ի՞նչ է փոխվել դրանից  հետո: Գրեթե ոչինչ: Տնտեսական կապերը Թուրքիայի հետ, եթե եղել են այնդպիսին, շարունակվել են, ձևական ինչ-որ հարաբերություններ՝ ևս:   Այնպես որ «ցեղասպանությունը պետք է ճանաչել» փաստարկը հարկ է վերաձևակերպել մեկ այլ բառակապակցությամբ՝ Թուրքիան չփորձի մտածել այն կրկնելու մասին:
 
Իհարկե, գուցե թե չունենք այն հզորությունը, որի հետ հաշվի կնստի Անկարան, փոխարենը Բաքվի նրա «պուճուր ախպերները» սեփական հաստ կաշիների վրա են զգացել հայ Զինվորի բազկի ուժը: 
Թերևս Թուրքիան առայժմ չի հասկանա մեր այդ պահանջը, բայց  ձևակերպումն ավելի հստակ ու հասկանալի կդարձնի  արտաքին աշխարհի համար: Սրան զուգահեռ՝ աստիճանաբար խնդրի քննարկումը պետք է փոխհատուցման հարթության վրա դնել, որպեսզի պարզ լինի, որ դատարկ ներողությամբ  պատասխանատվությունից չեն խուսափի: