Երբ քո սահմաններն ուրիշ պետության սահմանապահներն են հսկում

ՅՈՒՐԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՄՈԼՈՐԵՑՆՈՂԸ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԼՐՏԵՍԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

«Սասնա Ծռեր» համահայկական կուսացկության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի անդրադարձը 1in.am կայքում հրապարակված «Նիկոլը «Սասնա ծռերից» վա՞տ տղա էր… Այս պահին ռուսական ռազմաբազան հանելը համարում եմ հանցագործություն հայ ժողովրդի դեմ» վերնագրով հոդվածին։
 
Հարցազրույցը ջղաձիգ և նկատելիորեն հուսահատ փորձ է՝ զրոյացնելու անկախ և ինքնուրույն հայկական պետություն ստեղծելու գաղափարը։
 
Կրեմլը և նրա հայանուն շահառուներն ակնհայտորեն տեսնում են, որ օրեցօր ամրապնդվում է այդ գաղափարը և, ըստ այդմ՝ անշեղորեն աճում է համակրանքը դրա դրոշակակիր «Սասնա Ծռեր» համահայկական շարժման նկատմամբ։
 
Եթե նախկինում գաղութատիրոջ քարոզչամեքենան կքարկոծեր Ռուսաստանից իրապես անկախ և ինքնուրույն պետության գաղափարը, իսկ այն կրող ուժին կպիտակավորեր որպես ազգի թշնամի, ապա ներկայումս, հաշվի առնելով իրողությունները, անկախության գաղափարը նույնիսկ չի վիճարկում, պարզապես՝ թողնում է անորոշ ապագային, իսկ այն կրող ուժին ընդամենը ներկայացնում է որպես հանցավոր անգրագիտության պատճառով արկածախնդիր ու պատեհապաշտ տեսակետներ արտահայտող։
 
Պետք է ուրախությամբ արձանագրել, որ հակառակորդը թուլացել ու նահանջել է, փակվել է իր ամրոցում և այլևս չի կարողանում տիրապետել մեր գիտակցությանը, այլ ընդամենը փորձում է ամրոցից արտագրոհների միջոցով արդարացնել իր գոյության անհրաժեշտությունը։
 
Հարկ է նշել, որ հարցազրույցում նաև որոշ հնարքներ են կիրառվում բավարար չափով չիրազեկված ընթերցողին մոլորեցնելու համար։
 
Առանց դրա, իհարկե, չէր էլ լինի։
 
Երկու օրինակ.
 
1) «Սասնա Ծռերը»  համեմատվում են ժողովրդականություն ունեցող Նիկոլ Փաշինյանի հետ, որը, ըստ հեղինակի, երբ վարչապետ չէր, լավ չէր պատկերացնում թուրքական վտանգը, ուստի դեմ էր ռուսական ռազմաբազային, իսկ երբ վարչապետ դարձավ և պաշտոնյաների բացատրություններից հետո պատկերացրեց իրականությունը, խելքը գլուխը հավաքեց,
 
2) թաքցնել ռուսական ռազմաբազայի և սահմանապահների տարբերությունը և նրանց առանձին լինելը, որպեսզի ոչ իրազեկ ընթերցողը չմտածի, թե լավ, որևէ պետության ռազմական բազա ուրիշ շատ պետություններում էլ կան, բայց ի՞նչ գործ ունեն օտար, տվյալ դեպքում՝ ռուսական, սահմանապահները մեր սահմանին։
 
Իհարկե, մոլորեցնող արդյունք ստանալու հիմնական միջոցն այսպիսի հնարքների կիրառումը չէ, այլ այն համատեքստը, որի մեջ կառուցվում է խոսքը։
 
Խոսքի հեղինակն այդ նպատակով նախապես դիրքավորվում է որպես գիտական մոտեցման և ռազմավարական տրամաչափի կրող և այդ «բարձր» դիրքից հանրային գիտակցությունը պիտակավորում է որպես ոչ գիտական և ոչ ռազմավարական, այլ ընդամենը մանր խնդիրներով ինքն իրեն զբաղեցնող, ինչի համատեքստում փորձում է շահեկան դիրք ձեռք բերել նաև անկախության գաղափարի և այն կրողների նկատմամբ։ Այսինքն՝ տողատակով ասվում է, թե ընթերցո՛ղ, դու ընդամենը գործից չհասկացող և մանր խնդիրներով զբաղվող հասարակության մի մասնիկն ես, իսկ ես քո ապագայով մտահոգ իմաստունն ու ռազմավարագետն եմ, ուրեմն ի՛նձ լսիր և ի՛նձ հավատա, ի՞նչ անկախ և ինքնուրույն պետություն, ի՞նչ բան, եղբայր, խելքդ Նիկոլ Փաշինյանի նման գլուխդ հավաքիր, նրանից լավը չես, և ուրիշներին մի՛ լսիր, ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի։
 
Մինչդեռ, իրականում, հենց հեղինակն է իր խոսքը դիտավորյալ կերպով կառուցում գիտականից ու ռազմավարականից դուրս և, դիմելով տարատեսակ քարոզչական հնարքների, փորձում է իր նպատակին հասնել։
 
«Սասնա Ծռեր» համահայկական շարժումը, հիմնվելով գիտական հետազոտությունների վրա և ռազմավարական տրամաչափի մեջ դիտարկելով անկախ հայկական պետություն ստեղծելու անհրաժեշտությունը, մշակել է դրան հասնելու հստակ ծրագիր։
 
Գիտությունն ու ռազմավարությունն ասում են, որ անկախ և ինքնուրույն հայկական պետություն հնարավոր է ստեղծել միայն ռուսական գաղութային կախյալությունից ձերբազատվելուց հետո։
 
Գիտությունն ու ռազմավարությունն ասում են, որ գաղութային կախյալության պայմաններում բացառված է զարգացումը, չես կարող զարգանալ ու հզորանալ, այլ ընդհակառակը, շարունակելու ես թուլանալ ու արյունաքամ լինել՝ մինչև ոչնչանաս, քանի որ գաղութատիրոջ կյանքի սնունդը քո արյունն ու քրտինքն է։
 
Գիտությունն ու ռազմավարությունն ասում են, որ գաղութային կախյալության պայմաններում երեկ ավելի ուժեղ էիր, քան այսօր և վաղն ավելի թույլ ես լինելու, քան այսօր, ուստի պետք է ամեն ինչ անես ազատագրվելու համար, որպեսզի ապրես։
 
Գիտությունն ու ռազմավարությունն ասում են, որ կյանքիդ իրավունքն ու անվտանգությունը դանդաղ սպանողին, տվյալ դեպքում՝ ռուսական կայսրությանը, տալով, չես կարող փրկվել արագ սպանող թուրքից, նաև այն պատճառով, որ դանդաղ սպանողին օբյեկտիվորեն անհրաժեշտ է լինում պարբերաբար քեզ արագ սպանել կամ արագ սպանելու սպառնալիքի տակ դնել, ինչի պարագայում նա քեզ պարբերաբար հանձնել է և հանձնելու է արագ սպանողին։
 
Գիտությունն ու ռազմավարությունն ասում են, որ եթե արժանապատվության և անվտանգության միջև ընտրություն ես կատարում և ընտրում ես անվտանգությունը, ապա կորցնում ես և՛ արժանապատվությունը, և՛ անվտանգությունը։
 
Գիտությունն ու ռազմավարությունն ասում են, որ գիտություն ու ռազմավարություն հասկացողները, այդ թվում՝ Սասնա Ծռերը, շատ լավ պատկերացնում են, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը (ռազմակայանը և սահմանապահ զորքերը), ամբողջ ռուսական գաղութատիրությունը չէ, այլ դրա հիմնական բաղադրիչներից մեկը։ Ուստի դրա հարցը պետք է լուծվի ապագաղութացման համատեքստում՝ ըստ գիտական և ռազմավարական ծրագրի, որը Սասնա Ծռերն ունեն։
 
Եվ, այդ ծրագրով, ըստ գիտական ու ռազմավարական տրամաբանության և հաջորդականության, նախատեսվում է առաջին հերթին կարգավորել մեր ներսը՝ ձերբազատվել 5֊րդ շարասյունից, առաջին հերթին՝ այն կառավարող խորքային պետությունից՝ անցումային արդարադատության, լյուստրացիայի, ապակոմունիզացման (ապառուսականացման) և այլ միջոցներով։
 
Զուգահեռաբար՝ Ռուսաստանին ներկայացնել իրավահավասար հարաբերություններ հաստատելու առաջարկություն և, նրանից միակողմանի կախյալ արտաքին հարաբերությունների ներկայիս համակարգը վերափոխել ու հավասարակշռել՝ անհրաժեշտ մակարդակի և խորության հարաբերություններ հաստատելով ԱՄՆ֊ի, Իրանի, ԵՄ,֊ի, Չինաստանի, Վրաստանի և այլ ուժային կենտրոնների ու պետությունների հետ։
 
Եթե Ռուսաստանը հասկանա և ընդառաջի՝ ապա նրանից ռազմաքաղաքական, տնտեսական և այլ բնույթի գաղութային կախյալությունը կվերածվի փոխշահավետ գործընկերության, եթե ոչ՝ ապա ստիպված կլինենք հերթական անգամ արձանագրել, որ գործ ունենք գործընկերությունը մերժող ու մեզ միայն ստրուկի կարգավիճակում պատկերացնող հակառակորդի հետ և պետք է նախապես մշակված միջոցներ ձեռնարկենք։
 
Ռուսաստանին համոզելու հիմնական փաստարկումն այն է, որ մենք իրեն տասնապատիկ ավելի ենք պետք, քան ինքը մեզ։ Առանց մեզ Ռուսաստանը կդառնա մեկ կատեգորիայով ավելի ցածր կարգավիճակ ունեցող աշխարհաքաղաքական գործոն, մինչդեռ մենք ընտրության հնարավորություն ունենք և Ռուսաստանի փոխարեն կարող ենք ձեռք բերել ուրիշ դաշնակիցներ։ Հատկապես, որ մեր պարագայում ամեն ինչ բարենպաստ է, իսկ Ռուսաստանի պարագայում՝ ոչ այնքան (մեղմ ասած)։ Բարենպաստ է թե՛ մեր աշխարհագրական֊աշխարհաքաղաքական դիրքը, և թե՛ տարածաշրջանի ներկայիս իրավիճակն ու տեսանելի հեռանկարը։
 
Ռուսաստանին ներկայացվող առաջարկության մեջ առաջնային պետք է լինի ՀՀ և ՌԴ միջև 1992 թ. սեպտեմբերի 30֊ին կնքված պայմանագրին համապատասխան Ռուսաստանի սահմանապահ զորքերը մեր սահմանապահ զորքերով փոխարինելը։
 
Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, որի սահմաններն ուրիշ պետության սահմանապահներն են հսկում և մեր ազգային արժանապատվությունն ու ինքնիշխանությունը ոտնահարող այս երևույթը պետք է օր առաջ վերացվի։
Ինչ վերաբերվում է ռուսական ռազմակայանին, ապա դրա ցամաքային բաղադրիչը նույնպես պետք է հանվի, մենք պերմյակովների կարիք չունենք, իսկ օդուժի ու հակաօդային պաշտպանության բաղադրիչի հարցը պետք է լուծվի միանգամայն նոր պայմաններով, որոնցով պետք է նաև կարգավորվեն փոխադարձ պարտավորությունները, այդ թվում՝ ֆինանսական (առաջնահերթորեն զրոյացնելով մեր վզին փաթաթված պարտքերը), ինչպես նաև սահմանվի այն ժամկետը (մինչև 5-7 տարի), որը երկու կողմին էլ անհրաժեշտ է։ Մեզ՝ օդուժի և հակաօդային պաշտպանության սեփական հզորություններ ձևավորելու, առհասարակ՝ մեր ռուսաստանակախյալ անվտանգային֊պաշտպանական համակարգը ազգային առանցքով համակարգի վերածելու համար։ Ռուսաստանին՝ իր անվտանգային֊պաշտպանական համակարգում առաջացող բացը անհրաժեշտ վերանայումներով լրացնելու համար, քանի որ Հայաստանում գտնվող ռուսական ռազմական բազան նրա անվտանգային֊պաշտպանական համակարգի հարավային ուղղության շատ կարևոր մի օղակ է։
 
Գիտությունն ու ռազմավարությունն էլի շատ բաներ են ասում, օրինակ, որ յուրային ժողովրդին մոլորեցնող փորձագետը հակառակորդի լրտեսից վտանգավոր երևույթ է՝ հետևությունները թողնելով որոշում կայացնողներին։