ՀԵՐՆ ԷԼ ԱՆԻԾԱԾ՝ ԹԵ ՕՏԱՐԸ ՉԻ ԱՍԻ

Պահանջատիրության փաթեթը պետք է պատրաստել

Այսօր  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած  ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչը  հստակ գնահատական չտվեց 1915 թ-ի  իրադարձություններին՝ պատճատաբանելով, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շուտով ուղերձով հանդես կգա: 

Սպիտակ տան ղեկավարի արձագանքը չուշացավ: Ինչպես և սպասելի էր՝ Դոնալդ Թրամփն իր նախորդի նման «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործեց:  Բայց Թրամփի ուղերձում տողատակեր կան:

Նախ, ի տարբերություն նախկին նախագահ Բարաք Օբամայի, ուղերձը  հակիրճ էր, զուսպ: Գուցե սա պայմանավորված է  այն հանգամանքով, որ աշխարհն այսօր կենտրոնացած է Մերձավոր Արևելքի  իրավիճակի  վրա, և ժամանակը չէ ավելի հանգամանորեն անդրադառնալ   20-րդ դարի ամենամեծ ոճրագործությանը: Հնարավոր է, որ Թրամփը նախընտրական շրջանում, ի տարբերություն Օբամայի,  չէր էլ խոստացել   ընտրվելուն պես  օգտագործել ցեղասպանություն բառը: Եվ ընդհանրապես, ժամանակը չէ՞ հրաժարվել «գենոցիդ» բառն ամերիկյան որևէ նախագահի բերանից կորզելու մտասևեռումից: Կարտասանեն այդ եզրույթը, թե՝ ոչ, միևնույն է, նրանք լավ էլ ծանոթ են պատմությանը:

Ավելի լավ է նկատենք, որ Թրամփն իր ուղերձում  օգտագործում է «պատմական հայրենիք»հասկացությունը՝ ի տարբերություն Օբամայի, որը գործածել էր «պատմական հիշողություն» բառակապակցությունը:   

Շատերը նոր կյանք կերտեցին Միացյալ Նահանգներում և իրենց անջնջելի ներդրումն ունեցան մեր երկրում՝ իրենց սրտում վառ պահելով հիշողությունները պատմական հայրենիքի մասին, որտեղ նրանց նախնիները կերտել էին հնագույն հզոր քաղաքակրթություններից մեկը:

Թրամփն, ըստ էության,  իր դաշնակից Թուրքիային ակնարկում է ոչ միայն հարցի էմոցիոնալ կողմը, այլև   որպես մահակ՝ նրան  հիշեցնում հայերին պատկանող այն տարածքների մասին, որոնք ենթակա են վերադարձի Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո:

Ելույթի հաջորդ հատվածը մշտակաղապարային ու մի քիչ էլ անհիմն լավատեսական խոսքերից է կազմված.

- Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ որպես առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար հիմքեր նախապատրաստելու հույժ կարևոր քայլ:

Այն, որ Թուրքիայում ապրող թուրքերից ոմանք  առերեսվել են իրենց պատմության  ամոթալի էջերի  հետ՝ փաստ է: Բայց 70 մլն բնակչության մեջ առերեսվողները կաթիլ են ծովի մեջ: Երկրորդ՝ սահմանադրական «բարեփոխումներից» հետո Էրդողանը ոչ միայն չի ցանկանում  կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այլև խորացնում է  ժխտողականությունը: Դրա վկայությունը  հրապարակումներից մեկն է, ըստ որի՝ Հայոց ցեղասպանության  ճանաչման համար կազմակերպված միջոցառումը խոչընդոտել են  թուրք իրավապահները:  Այսքանից հետո խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերի մասին, իրատեսական չէ:

ՀԳ. Ընդգծենք՝ արդյո՞ք պետք է այսքան կարևորել այս կամ այն նախագահի շուրթերից հնչող ցեղասպանություն  բառը: Դե թող չարտաբերեն, հերն էլ անիծած: Կամ, ի՞նչ վատ էր, երբ «Մեծ եղեռն»  խոսքերը հենց հայերենով  արտաբերեց աֆրոամերիկացի նախագահը: Եվ ի վերջո, ժամանակն է, որ մենք սրան-նրան ապավինելու փոխարեն շտկենք մեր մեջքը,  ներպետական մեր խնդիրները կարգավորենք... Ժամանակն է, որ հզորանանք ու պահանջատիրության մեր փաթեթը ձևավորենք, քանզի, ինչպես գրել ենք մեր նախորդ հրապարակներում, Թուրքիայի վերջի սկիզբն արդեն երևում է: