Ոչինչ չի մոռացվում

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության ուղերձը Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում և հարակից թաղամասերում իրականացված պատժիչ ռազմագործողության 29-րդ տարելիցի առթիվ
 
- 29 տարի առաջ այս օրը՝ 1990 թ․ մայիսի 27-ին, երբ ընդամենը երեք օր էր մնացել Հայաստանի խորհրդարանի ընտրություններին, ԽՍՀՄ֊ից Ռուսաստանի Դաշնության կերպափոխվող Ռուսական կայսրությունը Երևանում դիմեց պատժիչ ռազմագործողության, որին զոհ գնացին 27 հոգի՝ հայկական ինքնապաշտպանական ուժերի մարտիկներ և խաղաղ բնակիչներ։
 
Այս գործողությունը հերթական անգամ ի ցույց դրեց Ռուսական կայսրության գործիքակազմի և մեթոդների վայրագությունը և, զուգահեռաբար՝ բոլորիս համար բացահայտեց մեր պետականության իրական կարգավիճակը՝ օկուպացիան։
 
Բայց սա ընդամենը առաջին նշանն էր, որով կայսրությունը ցույց էր տալիս, որ մեզ վերաբերվում է որպես գաղութի, գրավյալ տարածքի և պատրաստ է ամեն քայլի, որպեսզի մենք չունենանք ազատորեն ընտրելու հնարավորություն և, առհասարակ՝ որևէ այլընտրանք։
 
Հետագայում՝ մինչև 1992 թ. ամառ, կայսրության այդ գործելակերպը դրսևորվեց Արցախում, մասնավորապես՝ «Կոլցո» օպերացիայի և արցախաբնակ հայության բռնագաղթի իրականացմամբ՝ հանգեցնելով ցեղասպանական հետևանքների։
 
Այսօր՝ 29 տարի անց, Ռուսական կայսրությունը գտնվում է քայքայման ու կերպափոխման հերթական փուլի մեջ և նրա աշխարհաքաղաքական ծրագրերից և քայլերից ակներև է դառնում հայությանը պառակտելու և գաղութացնելու նպատակով նոր ագրեսիվ քաղաքականության վտանգը։
 
Հայաստանի Առաջին Հանրապետության 101 ու Միացյալ և անկախ Հայաստանի հռչակման 100֊ամյակի նախօրյակի այս օրը մեր հայրենակիցներին կոչ ենք անում զգոնություն ցուցաբերել և գիտակցել, որ օկուպացված գաղութի կարգավիճակում որևէ ժողովուրդ երբեք չի կարող ունենալ անվտանգության գործուն երաշխիքներ ու մեխանիզմներ և որ միայն ու միայն անկախ, ինքիշխան ու միացյալ Հայաստանի Հանրապետությամբ ենք ունակ դիմագրավելու այս հերթական մարտահրավերին։
 
 
Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում 1990թ․ մայիսի 27-ի արյունալի բախումներին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը.
 
- 29 տարի առաջ՝ այս օրը, Երևանի փողոցներում խորհրդային զինվորների ձեռքով սպանվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ և ազատամարտիկներ:
 
1990թ․ մայիսի 27-ին Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան ժամը 8:30-ի հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային բանակի միջև սկսվեցին մարտեր, որի ժամանակ խորհրդային զինուժի արձակած գնդակներից զոհվեց 6 քաղաքացի՝ Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյանը, Սամսոն Հարությունյանը, Վազգեն Վարդանյանը, Խաչիկ Մալխասյանը և Էդիկ Պետրոսյանը։
 
Երկաթուղային կայարանից հետո խորհրդային բանակն իր գործողությունները շարունակեց Նուբարաշեն խճուղում: Այստեղ սպանվեցին ավելի քան երկու տասնյակ ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ։