Հեղափոխությունից մեկ տարի անց ձևավորվել և զարգանում են ռևանշի և ժողովրդի հաղթանակը չեզոքացնելու կայուն միտումներ

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ուղիղ մեկ տարի առաջ համաժողովրդական ընդվզմամբ հեռացվեց Սերժ Սարգսյանի գլխավորած ազգադավ ու հանցավոր ռեժիմը և պետության ղեկը վստահվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը:
 
Այդ իրադարձությամբ սկսված գործընթացը դեռևս չի ավարտվել, ուստի դեռևս հնարավոր չէ դրան տալ ամբողջական և միանշանակ գնահատական:
 
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ ժողովրդի ընդվզման պատճառը ազգային-հեղափոխական էր, այն է՝ առաջացել էին և՛ պետության, և՛ քաղաքացու սուբյեկտության ճգնաժամներ:
 
Ժողովուրդը ոտքի կանգնեց՝ այդ երկու ճգնաժամները համապատասխանաբար պետական ինքնիշխանության վերահաստատմամբ և իրավատեր քաղաքացու կայացմամբ հաղթահարելու նպատակներով:
 
Ցավոք սրտի, այս երկու նպատակների իրագործման ուղղությամբ շոշափելի միտումներ դեռևս չկան: Դրան հակառակ՝ ձևավորվել և զարգանում են ռևանշի և ժողովրդի հաղթանակը չեզոքացնելու կայուն միտումներ:
 
Նիկոլ Փաշինյանի թիմը, արդեն հրապարակում, երբ պարզ դարձավ, որ ստանձնելու է պետության կառավարումը, փաստացի հրաժարվեց հեղափոխական տրամաբանությունից և որդեգրեց նախորդ իշխանության իրավահաջորդի տրամաբանությունը՝ դրանով իսկ կամա թե ակամա սկիզբ դնելով հեղափոխության և ժողովրդի նպատակների ձախողման:
 
Դրա հետևանքով մինչ օրս հնարավոր չի եղել որևէ արդյունավետ քայլ ձեռնարկել համակարգային փոփոխությունների միջոցով արդարության հաստատման, անվտանգության ապահովման և արժանապատիվ կյանքի կայացման միջոցով այդ նպատակներին հասնելու համար:
 
Պետությունը ներսից մաքրելու և նրա արտաքին հարաբերությունները արժանապատիվ ու ազգաշահ դարձնելու առաջին քայլը պետք է դառնար նախկին ազգադավ և հանցավոր ռեժիմի գործունեության իրավաքաղաքական գնահատականը և դրա ծանր հետևանքների արձանագրումը, ինչը սակայն, մինչ օրս չի արվել:
 
Դրանից պետք է բխեին փոփոխությունների վերաբերյալ պատկերացումները:  
Եվ այդ պատկերացումներին համապատասխան պետք է մշակվեր ու իրականացվեր պետական քաղաքականությունը՝ ներառելով ապստամբության/դիմադրության իրավունքի և ապստամբների նկատմամբ վերաբերմունքը, Անցումային արդարադատության ձևաչափն ու ծավալը, պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ դատարանների և իրավապահ մարմինների, բարեփոխումն ու կադրային քաղաքականությունը, քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիան, իշխանության յուրացման ու պետության զավթման և ազգային դավաճանության հանգուցային դեպքերի՝ Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի, Ապրիլյան քառօրյայի մեղավորների բացահայտումն ու պատասխանատվությունը, Կրեմլից կառավարվող խորքային պետության կազմաքանդումը և դրա միջուկը կազմող ներկայիս ԱԱԾ-ի փոխարեն ազգային անվտանգության մարմինների նոր համակարգի ձևավորումը,  մենաշնորհների և կոռուպցիայի վերացումը, թալանի վերադարձը, պաշտպանության կազմակերպումը, մնացյալ բոլոր խնդիրների լուծումը:
 
Մինչդեռ այս խնդիրների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած մոտեցումները խիստ մտահոգիչ են:
 
Մասնավորապես՝ միայն լյուստրացիայի նկատմամբ նրա մերժողական վերաբերմունքը և Անցումային արդարադատության վերաբերյալ նրա ներկայացրած կիսատ-պռատ ու մշուշոտ հեռանկարը արդեն վտանգում են հեղափոխության նկատմամբ մեր ժողովրդի հույսերն ու սպասումները: Սրան գումարած՝ պետության ղեկը ստանձնելուց գրեթե մեկ տարի անց, այն էլ միայն՝ լրագրողի ուղիղ հարցից հետո է ՀՀ վարչապետը տեղեկացնում, որ ԱԱԾ արխիվները նախկին ռեժիմի օրոք ոչնչացվել են և այդ պատճառով լյուստրացիա չի կարող լինել:
 
Վերջին պնդումն, անշուշտ, ճիշտ չէ, որովհետև միայն արխիվները չէ, որ կարող են հիմք լինել Անցումային արդարադատության և լյուստրացիայի համար:
Հեղափոխության գաղափարի և շարունակականության համար էական վտանգ է պարունակում նաև ՀՀ վարչապետի այն մոտեցումը, թե Հայաստանում  քաղբանտարկյալներ և քաղհալածյալներ չկան: Կարծես թե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը ուրիշ պետության բանտում են, իսկ Սասնա Ծռերի մյուս անդամները այդ ուրիշ պետության դատարանում են ամբաստանվում:
 
Նախկինի տրամաբանությամբ է շարունակվում ազգային ռազմավարության հիմնական հարցի՝ Արցախի խնդրի լուծման քաղաքականությունը, որը կոչված է սպասարկելու Կրեմլի շահերը, քանի որ Արցախը նրա ձեռքին դարձնում է մանրադրամ և նրան հնարավորություն է տալիս Արցախի դիմաց Ադրբեջանին ներառել իր ազդեցության դաշտում, իսկ Հայաստանին վերջնականապես վերածել բանանային հանրապետության:
 
Խնդրի լուծումը պետք է խորհրդային և հետխորհրդային համատեքստերից տեղափոխվի ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստ՝ դե յուրե արձանագրելով ՀՀ կազմում Արցախի վարչատարածքային և վարչակառավարչական ներառումը: 
 
Դրան հակառակ՝ Նիկոլ Փաշինյանը Արցախի կեղծ անկախության հայեցակարգը ակտիվ կերպով կիրառում է ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության ասպարեզում՝ կամա թե ակամա սնուցելով Արցախը ՀՀ-ից տարանջատելու կործանարար գործընթացը: Նույն պատճառով չի կարող որևէ ձևով ընկալելի և ընդունելի լինել Արցախի հարցով հանրաքվե անցկացնելու հավանականության մասին նրա տեսակետը, քանի որ Հայրենիքի և պետության տարածքի պատկանելության հարցը քվեարկության ենթակա չէ: Հանրաքվե կարող է լինել բացառապես Հայրենիքի ամբողջական վերատիրացման իրավաքաղաքական հայեցակարգի հաստատման և ըստ այդմ ազգային վերաինքնորոշման նպատակով:
 
Հատուկ ուշադրություն պետք է դարձվեր համայն հայության ներուժի համախմբմանն ու արդյունավետ կիրառմանը, մինչդեռ մինչ օրս, չնայած հակառակ հավաստիացումներին, ըստ էության շարունակվում է նախկինում որդեգրված՝ «Հայաստանը՝ հայաստանցիներին, Սփյուռքը՝ արտերկրահայությանը» հակահայ և հակապետական մոտեցումը:
Հայրենադարձությունը, առաջին հերթին՝ մասնագետների հայրենադարձությունը, որ պետք է դառնար երկրի զարգացման մարդկային ռեսուրսի ձևավորման գերակայություն, իրականում խոսքի մակարդակի վրա է և, ըստ էության, անտեսված է:
 
Սոցիալ-տնտեսական քաղաքականությունը մնացել է վայրի լիբերալիզմի մատույցներում՝ շարունակելով հարուստներին հարստացնելու, իսկ աղքատներին ավելի աղքատացնելու կեղեքիչ տրամաբանությունը:
Չկա աղքատությունը հաղթահարելու, սոցիալապես անապահով խավերի վիճակը բարելավելու և, առհասարակ, արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելու ռազմավարություն:
 
Չնայած պաշտոնական հավաստիացումներին, որևէ գործնական ու արդյունավետ քայլ չկա տնտեսության կառուցվածքը փոփոխելու, այդ համատեքստում գիտահենք արդյունաբերությամբ պայմանավորված տնտեսական արժեքային շղթաների ամբողջականացման ռազմավարական ծրագրեր իրականացնելու, առավել ևս՝ համաշխարհային 4-րդ արդյունաբերական հեղափոխությամբ պայմանավորված զարգացումներին մասնակից դառնալու համար: Մինչդեռ արդ զարգացումներից հետ մնալու դեպքում Հայաստանը կհայտնվի քաղաքակրթական լուսանցքում:
 
Աղետալի է մնում մշակույթի և ազգային ժառանգության պահպանման վիճակը: Նախորդ իշխանությունների՝ մարդու ապազգայնացման ու ապամարդկայնացման և հասարակության ապահասարակայնացման միտումները հիմնականում շարունակում են խորանալ և սպառնալ մեր ազգային ինքնությանն ու ապագային:
 
Այնուամենայնիվ՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս ունի ժողովրդի վստահության բավարար հենք և ռեսուրս՝ իր քաղաքականությունը վերանայելու, վերը նշված փոփոխությունները հեղափոխական տրամաբանությամբ իրականացնելու և երկիրը ներկայիս աղետալի ընթացքից հանելու ու զարգացման հունի մեջ դնելու համար:
 
Ուստի տրամաբանական և արդյունավետ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանն ավարտին հասցնի ազգային հեղափոխությունը: Ցավոք սրտի, ընդամենը նախորդ հանցավոր ռեժիմի նման ժողովրդին չկեղեքելու և պետությունը չթալանելու շնորհիվ արձանագրված փոքրիկ հաջողությունները որպես դարակազմիկ հեղափոխական ձեռքբերումներ ներկայացնող ՀՀ վարչապետի մոտեցումը գրեթե զրոյացնում է այս հավանականությունը:
 
Անկախ այս ամենից՝ ազգային հեղափոխությունն օբյեկտիվ կենսական անհրաժեշտություն է և չունի այլընտրանք: Այն սկսվել է որպես ազգի ու պետության և անհատի ու քաղաքացու սուբյեկտացման ազատագրական գործընթաց և հասնելու է իր տրամաբանական ավարտին՝ ներառելով նաև Անցումային արդարադատությունը և լյուստրացիան: