«Պետք է հոռետեսներին դաձնել լավատեսներ»

ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՌԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴևԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Մոռացվել կամ մոռացվում է հայկական հյուրընկալության այս բաղադրիչը՝ ոչ պատահական, հարգելի հյուրին ընտանեկան հարկի ներքո հյուրընկալելը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական իր առանձնատանը հյուրընկալեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Նա այդպես էլ ներկայացրեց իր այդ քայլը.
 
- Հայաստանում ընդունված է ամենաթանկագին հյուրերին ընդունել տանը, ես շատ ուրախ եմ, որ ունեմ նման հնարավորություն:
 
Հայ-ռուսական հարաբերություններումներում կարևորելով ներկան, ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ՝ 
 
- Ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, ոչ թե ի հեճուկս հոռետեսների, այլ ես կարծում եմ, որ պետք է հոռետեսներին դաձնել լավատեսներ: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք դրա համար: 
 
Հայաստանն այժմ Եվրասիական տնտեսական միությունում հանդիսանում է նախագահող պետություն: Մեզ համար շատ կարևոր են Եվրասիական տնտեսական միությունում հարաբերությունները և շատ կարևոր է մեր մասնակցությունն այդ կազմակերպությունում: Իհարկե, ամեն ինչ կանենք, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը և մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ում դարձնենք ավելի արդյունավետ, կազմակերպությունը դարձնենք առավել գրավիչ: 
 
Մեդվեդևին, թերևս, ամեն ինչից ավելի երևանյան գարունն էր ջերմացրել, ինչը նա ընդգծեց առաջին հերթին.
 
- Նախ շնորհակալություն հրավերի համար հատկապես նման հիանալի ժամանակաշրջանում, քանի որ այսօր կատարյալ գարնանային եղանակ է: Երկրորդ՝ իրականում կա լավ առիթ, որպեսզի հանդիպենք, դա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստն է: Մենք պարբերաբար անցկացնում ենք այս միջոցառումները, որտեղ քննարկվում են տարբեր հարցեր, այդ թվում՝ դժվար: 
 
…Մյուս կողմից, սա լավ հնարավորություն է՝ քննարկել նաև մեր երկկողմ հարաբերությունները: Մենք Ձեզ հետ մի քանի անգամ հանդիպել ենք, քննարկել գործերի ընթացիկ իրավիճակը, տարեսկզբին նույնպես հանդիպել ենք, երբ ժամանել էիք Մոսկվա՝ որպես նախագահող երկրի վարչապետ, որի ընթացքում քննարկեցինք երկկողմ օրակարագային հարցերը: Այժմ էլ կանցնենք հիմնական կետերով, առավել ևս, որ մեր գործընկերները մեզ համար պատրաստել են մի շարք հարցեր: 
 
Ընտանեկան հարկի տակ հյուրընկալությունը նույնպես գնահատելի եղավ հյուրի համար.
 
- Շնորհակալություն, որ հրավիրել եք Ձեզ մոտ ոչ ֆորմալ շփման, դա թանկ է գնահատվում, հնարավորություն է՝ ավելի լավ իմանալ մեկս մյուսին և ոչ ֆորմալ մթնոլորտում խոսել մեր երկկողմ փոխգործակցության ամենատարբեր ասպեկտների մասին: Հույս եմ հայտնում, որ ձեր նախագահությունը Եվրասիական միությունում կլինի բացարձակ հաջող, իսկ մեր բանակցությունները, ինչպես և մեր գործընկերների բանակցությունները կնպաստեն երկու երկրների համագործակցության զարգացմանը, առավել ևս, որ մեր երկրները դաշնակիցներ են, որոնք ունեն հարաբերությունների յուրահատուկ պատմություն և հույս ունեմ՝ շատ լավ ապագա:
 
Մեդվեդևի նշած՝ Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների «յուրահատուկ պատմություն» որակումն, իհարկե, տարբեր կերպ կարելի է մեկնաբանել, ու, թերևս, հենց դա է գլխավոր յուրահատկությունը: Հայաստանը ոչ մի պարագայում չի դավաճանել հյուսիսային իր դաշնակցին՝ որքան էլ վերջինս նախապատվությունների առաջին հորիզոնականի պատվանդանին միշտ սեփական շահն է դրել՝ հաճախ երկրորդելով Հայաստանի հետաքրքրություններն ու կորուստները: Մինչդեռ դաշնակից լինելու նախապայմանը երկուստեք միմյանց շահերը հարգելն է: