Անկարայի հետքայլն ու Երևանի ուղենիշային ձևակերպումները
Ապրիլի 24-ի առիթով Երևան-Անկարա բարձրագույն մակարդակների վրա կատարված հայտարարությունների դիտարժան կետերը մտածելու տեղիք են տալիս, որ օգտագործված ուղերձային հռետորաբանությունը ոչ միայն հատել է դիվանագիտության համար ընկալելի օրինաչափությունների սահմանը, այլ հատկապես Անկարայի կողմից փակել է հավանական բաց պատուհանները։
Ցեղասպանության հիշատակի օրվա առիթով Անկարան դիվանագիտական ձևակերպումներ էր որոնում՝ ուղերձ փոխանցելու համար ոչ միայն հայկական կողմին, այլ նաև միջազգային հանրությանը։ Ձևակերպումները պտտվում էին՝ ցավալի դեպքեր, ցավակցական մոտեցումներ, երկու ժողովուրդների համար ողբերգական էջեր, տեղափոխության ընթացքում պատահած ողբերգական պատահարներ բառակապակցությունների և ասելաձևերի շուրջ՝ իհարկե հանգելու համար քաղաքական առաջադրանքին. խնդրո առարկա ժամանակահատվածի իրադարձություններին գնահատական տալը վերապահել պատմաբանների միացյալ հանձնաժողովին։
Հիմա, Թուրքիայի նախագահի կողմից ըստ էության բեկումնային հետքայլ է արվում, երբ ասվում է, որ Թուրքիայի օրվա իշխանությունները ճիշտ են արել հայությանը տեղահանելով, որովհետև նրանք դիմել էին իսլամ զանգվածների կոտորածի։
Թուրքական այս մարտավարությունը միտված է՝
Ա. Հայերին ամբաստանել Օսմանյան կայրությունում իսլամ ազգաբնակչությունների դեմ ցեղային զտումներ գործադրած լինելու հանցանքով։
Բ. Հիմնահարցին տալ մեծ հաշվով կրոնական հանգամանք։
Գ. Իսլամ զանգվածները հրահրել հայության դեմ։
Դ. Իսլամ զանգվածներին տիրություն անել՝ նույնիսկ պատմական խնդիրներում իսլամների իրավունքը պաշտպանելով։
Այս հետքայլը հայ-թուրք հարաբերությունների հեռանկարը մթագնելուց կամ հայկական կողմին ցեղասպան պիտակավորելուց բացի ճշտում է իսլամ զանգվածների վրա Անկարայի ազդեցությունը տարածելու քաղաքականությունը։ Ապրիլի 24-ը պարզապես շահարկման թեմա է ծառայել։ Սակայն այս շահարկումը տեղի է տվել Անկարայի ինքնախոստովանանքին՝ տեղահանությունները (ցեղասպանությունը) ծրագրած ու գործադրած լինելուն։
Հայտարարվածը պարզապես ցեղասպանական քաղաքականության արդարացման փորձ է Անկարայի գլխավոր ղեկավարի կողմից։
Քաղաքական թիրախներ խփելու այս մոտեցումը իբրև վարքագիծ շարունակվել է, երբ Թուրքիայի արտգործնախարարության բանբերը ակնարկելով պաշտոնական Փարիզի կողմից Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելուն, հայտարարել է, որ «Ֆրանսիայի նախագահի կիրառած ծանր արտահայտությունները պատասխան կստանան: Ֆրանսիացիներն ունեն պատասխանատվություն՝ մեկ դար առաջ հայերին զինելով, թուրքերին կոտորելու մեջ»։
Այստեղ ևս կա պատասխանատվության և միջամտող պետության հասցեի փոփոխություն։ Թուրք պատմաբանների և պետական դեմքերի դասական մոտեցումն այն էր, որ Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը օգտագործվել էին ռուսների կողմից, ովքեր նրանց զինել էին ընդդեմ օսմանյան թուրքերի։
Հիմա զինողը, նրա ազգությունն ու պետությունը փոխվել են։ Շարժառիթը ոչ միայն Փարիզի վերջին որոշումն է, այլ Անկարա-Մոսկվա ռազմավարական մերօրյա գործընկերության հաշվարկը։
Վարչապետի ճանապարհով Երևանի հակազդեցությունը Էրդողանի հայտարարությանը կարելի է ասել, որ համարժեք էր, մանավանդ միջազգային հանրության կոչով՝ չլռելու ատելություն սերմանող Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումներին։ Նախորդած ուղերձում ուշագրավւ բաժինը հայրենազրկման գաղափարն էր, որ նաև երևում էր Հանրապետության նախագահի խոսքում՝ պատմական բնօրրանից բնաջնջված լինելու փաստի ձևակերպումով։
Մինչ Անկարան հսկայական հետտքայլ է արձանագրում ըստ էության ընդունելով և ցեղասպանական քաղաքականության արդարացման փորձ կատարելով, Երևանը հայրենազրկման գաղափարն է ամրագրում պաշտոնական ուղերձներում։
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր