Դավիթ Սանասարյանի հետապնդումը ռևանշի նոր փուլի սկիզբն է

- ՀՀ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը Հայաստանը կախյալության մեջ պահող կրեմլակենտրոն նորգաղութային համակարգի ռևանշի որակապես նոր փուլի սկիզբն է,- այսօր տարածած իր հայտարարության մեջ ընդգծել է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը՝ հավելելով.
 
 
ՀՀ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը Հայաստանը կախյալության մեջ պահող կրեմլակենտրոն նորգաղութային համակարգի ռևանշի որակապես նոր փուլի սկիզբն է:
 
Եվ Դավիթ Սանասարյանին իրականում հետապնդում են համակարգին չենթարկվելու ու նրան դիմադրելու համար։
 
Ցավով ստիպված ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մինչ օրս հետևողականորեն անտեսում են համակարգային փոփոխություններ կատարելու վերաբերյալ մեր և այլ ուժերի ու գործիչների բոլոր զգուշացումներն ու հորդորները:
 
Դրա հետևանքով Հայոց պետականության քաղցկեղի վերածված համակարգը ոչ միայն հեշտությամբ հաղթահարեց հեղափոխության ալիքը, այլև շահեց նոր կառավարության անվերապահ վստահությունը և այսօր արդեն հաստատուն քայլերով փորձում է դառնալ դրության տերն ու ամբողջությամբ վերահաստատել իր դիրքերը:
 
Եթե դա տեղի ունենա, Նիկոլ Փաշինյանը և նրա ազնիվ թիմակիցներն առնվազն կհեռացվեն ասպարեզից, իսկ երկիրը նորից կհայտնվի բռնության, անարդարության ու կոռուպցիայի ճահճում:
 
Մինչ այդ՝ կարող է խաբուսիկ կայունության փուլ լինել,սակայն դրա միակ նպատակը լինելու է անցյալը վերադարձնելու նախապատրաստումը:
Քանի դեռ ուշ չէ, անհրաժեշտ է արմատական ու կտրուկ քայլեր կատարել համակարգային փոփոխություններն ապահովելու ուղղությամբ:
Առաջին հերթին անհրաժեշտ է.
1. իրավաքաղաքական գնահատական տալ նախորդ ռեժիմի գործունեությանը,
2. կազմակերպել ամբողջական և համապարփակ անցումային արդարադատություն, որի դիմաց առնվազն պետք է կանգնեն իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած և այն իրենց հանցագործությունների գործիքի վերածած  հանցավոր համագործակցության պարագլուխները,
3. իրականացնել քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա՝ պետականությունը քաղցկեղի նման խժռողներին ու քայքայողներին բացահայտելու, կառավարման լծակներից հեռացնելու, պատասխանատվության ենթարկելու և բազմամիլիարդանոց թալանը հետ բերելու համար,
4. կատարել պետական կառավարման համակարգի, առաջին հերթին՝ դատարանների և իրավապահ մարմինների, կազմի և, հարկ եղած դեպքերում՝ կառուցվածքի ու գործառույթների արմատական փոփոխություններ:
Էական նշանակություն ունի անվտանգության մարմինների համակարգի վերակազմակերպումը:
 
Այսօրվա ԱԱԾ-ն մեր երկիրն իր ճիրաններում պահող հակապետական համակարգի միջնաբերդն ու հիմնական գործիքն է, ուստի այն պետք է վերակազմակերպվի և նրա գործառույթներն ու կառույցները մինչև անվտանգության մարմինների նոր, ազգային համակարգի ձևավորումը պետք է համապատասխանաբար բաշխվեն Պաշտպանության նախարարության, Ոստիկանության և այլ մարմինների վրա:
 
Միևնույն ժամանակ՝ զբաղեցրած պաշտոններից պետք է հեռացնել ԱԱԾ-ի տնօրենին, տնօրենի տեղակալներին և ԱԱԾ-ի բարձրագույն ու գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց:
 
Այս նպատակների իրագործման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները պետք է կատարվեն անհապաղ՝ մեկ ընդհանուր փաթեթով:
 
Վերը նշվածը 2018 թ. ապրիլ-մայիսյան հեղափոխության մանդատի նվազագույն պահանջն է: Այդ պահանջը չկատարելու պարագայում հեղափոխությունը կձախողվի, իսկ երկիրը կհայտնվի աղետի շեմին: