Կարեն Ղազարյանին դիվերսանտ ներկայացնելը և 20 տարի ազատազրկելը Ադրբեջանի հերթական ցինիզմն է
Այսօր մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին, ում ադրբեջանական դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Զոհրաբյանն ասել է, որ Կարենի հանդեպ տեղի ունեցածը ցինիկ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին և պայմանավորված է բացառապես Կարենի հայ լինելով։ Զոհրաբյանը միջազգային իրավապաշտպան կառույցներին կոչ է արել անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։
Ի մասնավորի՝ Զոհրաբյանն ասել է.
- Հարգելի գործընկերներ,
Եվրոպայի Խորհրդի անդամ, «խիստ դեմոկրատական» Ադրբեջանի դատարանը արագացված ընթացակարգով փետրվարի 27-ին 20 տարվա ազատազրկման դատապարտեց Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին, ով հունիս ամսին Ադրբեջանին սահմանակից հայկական Բերդավան գյուղից, ըստ ամենայնի տեղանքում մոլորվելով, պատահաբար հայտնվել էր ադրբեջանական տարածքում։ Երիտասարդը Ադրբեջանի կողմից անմիջապես որակվեց որպես հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ եւ միանգամից մեղադրվեց Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։
Հարգելի գործընկերներ, այն, ինչ ներկայացնում է ադրբեջանական պրոպագանդան՝ լկտի սուտ է. Կարեն Ղազարյանը բանակում չի ծառայել և չէր կարող ծառայել, որովհետև ուներ առողջական, այդ թվում՝ հոգական առողջության հետ կապված խնդիրներ։ Եվ գերեվարված երիտասարդին դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ ներկայացնելը Ադրբեջանի հերթական ցինիզմն է։ Ակնհայտ է մեկ բան՝ Կարեն Ղազարյանի հանդեպ իրականացված դատավճիռը պայմանավորված է բացառապես Կարենի հայ լինելու հանգամանքով։
Այն, ինչ շարունակում է անել ԵԽ անդամ Ադրբեջանը՝ միջազգային բազմաթիվ կոնվենցիաների եւ հումանիտար պարտավորությունների խայտառակ խախտում է։ Տեղի ունեցածը ես համարում եմ լկտի մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին, միջազգային իրավապաշտպան կառույցներին, մեր Վեհաժողովին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախմբին, Կարմիր Խաչին և կոչ եմ անում բոլոր այդ կառույցներին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։ Որովհետեւ մենք տեսել ենք և գիտենք, թե ինչպես են գերիների հետ վարվում «դեմոկրատական» Ադրբեջանում։ Ես հիմա չեմ խոսի այն զարհուրելի կտտանքների մասին, ինչին ենթարկվել են հայ բազմաթիվ գերիներ, որպեսզի եւս մեկ անգամ չցավեցնեմ նրանց հարազատների չսպիացող վերքը։
Մինչդեռ, ընդամենը վերջերս, Արցախի իշխանության որոշումը՝ ազատ արձակել իր համաչափ պատիժը կրած ադրբեջանական զինծառայողին, հերթական անգամ վկայում է, որ հայկական կողմը հավատարիմ է միջազգային հումանիտար իրավունքին և օրենքի գերակայությանը, ինչի վրա խորապես թքած ունի Ադրբեջանը։
Հայաստանը գործադրելու է բոլոր հնարավոր ջանքերը՝ Հայաստանի քաղաքացու իրավունքների պաշտպանության համար եւ որպես պատգամավոր ու քաղաքացի, ես նույնը ակնկալում եմ մեր կառույցից և իրավապաշտպան մյուս կառույցներից։