Իրենք կրակում են, իրենք՝ հոխորտում, բայց մեղադրում են Հայաստանին

ՆԵՐՔԻՆ ՍԱԴՐԻՉՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՈՍՏԱՆԸ ՆԵՏՎԱԾ ՔԱՐ

Ադրբեջանցի որոշ իշխանավորների այսօրվա մի շարք հայտարարություններն ակամա հիշեցրին օրեր առաջ մեզնում այն շահարկումները, թե մեր իշխանությունները հողեր են են հանձնում: Պաշտոնական Բաքուն այդ օրերին լուռ էր, բայց երբ կտրուկ  հերքումներ հնչեցին, խալիֆաթն ակտիվացավ: Ասել է թե առանձնապես չենք սխալվի՝ մտածելով, որ ինչ-որ ուժեր, ներքին խլրտումներ հրահրելուց զատ, նաև ադրբեջանցիների համար էին ճշգրտումներ կատարում: Սա՝ ի դեպ, բայց ո՛չ հենց այնպես:
 
Հեգնական է, որ ադբեջանական day.az-ը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքերն է մեջբերել՝ որպես սեփական կարծիք. 
 
- Կառավարությունը չի իրականացրել որևէ բարեփոխում, որը պետք է իրականացվի Հայաստան-ԵՄ Համապարփակ և Ընդլայնված Գործակցության Համաձայնագրի շրջանակներում՝ նախօրեին լրագրողներին ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
 
Նա նշել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին կառավարությունը պետք է հաստատեր Կառավարության որոշումը, Հայաստան-ԵՄ համագործակցության ծրագրից բխող գործողությունների հաջորդականության մասին: «Այսօր արդեն մարտի 4-ն է, բայց ծրագրեր չկան»:
 
Լրատվամիջոցը դժգոհում է, որ Հայաստանի վարչապետը Բրյուսելում «ժամանակի առյուծի բաժինը նվիրում է Ադրբեջանին քննադատելուն և մեր երկրի դեմ մեղադրանքներին: Սակայն իր ուղևորության հիմնական նպատակը ոչ թե Բաքվին զրպարտելն է, այլ եվրոպացիներին զեկույցելը, թե ինչ է արել Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագրի շրջանակներում»:
 
Դառնանք Ադրբեջանից հնչած գանգատներին, որոնց անդրադարձել է interfax.az գործակալությունը: 
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ Գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը հայտարարել է, թե, չնայած բանակցային գործընթացում դիտարկվող դինամիկային (թե ո՞րն է նրա նշած դինամիկան՝ երևի ինքն էլ չգիտե), «Երևանը բովանդակային բանակցություններ վարելու լուրջ ցանկություն չի ցուցաբերում և ամեն կերպ փորձում է խոչընդոտել կարգավորմանը»:
Ավելին, նա «շատ կարևոր» է համարում, որ՝ 
 
- ...որպեսզի միջազգային հանրությունը լուրջ ճնշում գործադրի Երևանի վրա՝ բանակցային գործընթացում առաջընթացի հասնելու և հայկական զինված ուժերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից հեռացնելու համար:
 
Իսկ այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նույն Լայչակին տեղեկացրել է, որ Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ինքը քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ: 
 
- Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ուղղված չեն խաղաղությանը: Օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի վերջին հայտարարությունը:
 
Ես այսօր հեռախոսազրույց եմ ունեցել այդ հարցի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ:
 
Չի մոռացել նաև Լայչակին հուշել, որ Հայաստանի ղեկավարությանը հարցնի՝ «Մենք պատրաստելո՞ւ ենք մեր ժողովուրդներին խաղաղությանը, թե՞ այլ տարբերակի»:
 
Իրականում այս պաշտոնյաներին խուճապահար են արել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությունները՝ 
 
- … մենք հստակ ուղերձ ենք տալու ողջ հայ ժողովրդին և ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը: 
 
- Ես պրոֆեսիոնալ սպա եմ և իմ գործն անվտանգության ապահովելն է, և թույլ չտալը որևէ ոտնձգություն Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի նկատմամբ: Սա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ հարևան երկրից ամենաբարձր մակարդակներով գրեթե ամեն օր հիմնահարցի ռազմական ճանապարհով լուծման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման հայտարարություններ են հնչում։ Բնականաբար, մեր անվտանգության համակարգը պետք է պատրաստ լինի արձագանքելու այս սպառնալիքներին։ Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որևէ պահին չի կարող նվազել, այն ամեն օր միայն պետք է աճի և սրան են ուղղված մեր ջանքերը:
 
Այս խոսքերն ասվել են ի պատասխան ներքին ջուր պղտորողների և դիպել են ադրբեջանական թիրախին: