Թե ինչո՞ւ հայկական կողմը պետք է հղում անի Վիեննային

Արցախյան հակամարտության հանգուցալուծման բովանդակային բանակցություններին վերադառնալու հետզհետե թափ հավաքող բարձրաձայնումները թույլ են տալիս ենթադրել, որ շուտով կդրսևորվեն միջնորդական առաքելության աշխուժացման միտումներ:
 
Բովանդակային մասը դեռևս պարզ չէ, այսուհանդերձ որոշ երևույթներ կանխատեսումների հիմք են ծառայում և առ այդ հուշում են պետական դիրքորոշումների վերաբանաձևումներ կատարելու մասին: Պաշտոնական Մոսկվայի հրապարակած՝ արտաԵԱՀԿյան շրջանակներում  երկխոսության ձեռնարկելու առաջադրանքը, բնականաբար, անտարբեր չի թողնում դիպաշարին հետևողին:
 
Մեկ անգամ չէ, որ ԵԱՀԿ -ի ձևաչափից դուրս բանակցությունները միջազգային այլ միջավայր տեղափոխելու պահանջ-առաջարկ արծարծել էր Բաքուն՝ տարբեր առիթներով: Լավրովի այս պատկերացմանն անպայման կարձագանքի պաշտոնական Բաքուն, եթե ոչ անպայման ուղղակի և անմիջական այլ՝ անուղղակի ու գուցե տարբեր պարունակում:
 
Մինչև Դուշանբեի պայմանավորվածությունը՝ հայկական կողմը բովանդակային բանակցությունների վերադառնալու պաշտոնական իր դիրքորոշումը պամանավորում էր նախ հրադադարի երաշխավորման համար Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում և Ժնևում հնչած առաջնահերթությունների իրացումով:
 
Ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց, Վիեննայում կայացած հանդիպմանը հայտարարություն հրապարակվեց հիմնական երեք կետերի մասին.
 
Ա. Քննարկվել են արցախյան հակամարտության գոտու վրա ապրիլի սկզբին կատարված հրադադարի կոպիտ խախտման պատճառով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու հավանական ուղիները:
 
Բ. Համանախագահող երկրները շեշտել են 94-ի և 95-ի համաձայնագրերը հարգելու և դրանց իրականացումից  չշեղվելու անհրաժեշտությունը:
 
Գ. Համաձայնություն է գոյացել քայլեր ձեռնարկելու մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների հավելման հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների հավանական վերսկսման համար: 
 
Առաջին հայացքից երկրորդ կետը քաղաքական առավելութուն  էր ապահովում հայկական կողմին՝ պարզապես 94-ի հրադադարի նշումով: Սա հրադադարի այն համաձայնությունն է, որին հղում էր արվում այս ձևով, ուր Ստեփանակերտը իբրև առանձին քաղաքական միավոր էր ստորագրել միջազգային պայմանագիրը: Սա ինքնին մղում է ենթադրել, որ հետագա որևէ պայմանագիր պետք է ունենար նաև Ստեփանակերտի ստորագրությունը: 
 
Համանախագահները փաստորեն բովանդակային որևէ համաձայնության համար անուղղակիորեն հուշում էին Ստեփանակերտի մասնակցությունը՝ պարզապես հղում կատարելով 94-ի հրադադարին:
 
Երրորդ կետն առաջին տպավորությամբ ունի զինվորական նշանակություն: Երաշխավորել շփման գծի անվտանգությունը, համապատասխան սարքերով օժտել այն և հետաքննել հրադադարի խախտման դեպքերը՝ այս բոլորի  համար ընդլայնելով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայայցուցչի լիազորությունները:
 
Վիեննայով, փաստորեն, կարևոր առաջադրանքային կետերը պայմանավորվածության տեսք էին ստանում: Հղում էր կատարվում Ստեփանակերտին իբրև քաղաքական անկախ միավորի. ԵԱՀԿ-ն զուտ բանակցային միջնորդի կարգավիճակից անցում էր կատարում շփման գծի անվտանգության երաշխավորի և հետաքննողի: Փաստորեն Բաքուն հարված էր ստանում՝ բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ի շրջանակներից դուրս բերելու իր քաղաքականության կիրառման ընթացքում: Վիեննայի որոշումները արգելակելու Բաքվի պատասխանը պարզ էր:
 
Հայկական կողմը մնայունորեն հղում պիտի կատարի Վիննային՝ ոչ թե բովանդակային բանակցություններից խուսափելու համար, այլ Ստեփանակերտը իբրև անկախ կողմ, բանակցային սեղան վերադարձնելու (ինչը իբրև առաջադրանք վերահաստատվել է նորահաստատ իշխանությունների կողմից): Նաև, իհարկե, իբրև գործնական միջոց՝ մշտադիտարկման կահավորումը կատարելագործելով, անվտանգության երաշխավորումը ամրակայելու միտումով հետաքննման գործողություններին սատարելով:
 
Այս բոլորը պարզ են զինվորաքաղաքական իմաստով: Քաղաքական տրամաբանությամբ պետք է բացատրել նաև այն, որ Բաքուն ժամանակավորապես չկրակելու և ուղիղ կապ հաստատելու պայմանավորվածության իմիտացիայով ըստ էության փորձ  է կատարում տապալելու Վիեննան և խնամքով շրջանցելու այնտեղ բանաձևված կետերը: Դուշանբեի պայմանավորվածության արդյունքները ավելի շոշափելի են, քան Վիեննայի: 
 
Բաքուն պարզապես արգելակում է ԵԱՀԿ-ի լիազորությունների ընդլայնումը՝ իմանալով նաև, որ մշտադիտարկման և հետաքննության մեխանիզմների կահավորումն ու այնտեղ իրականացվող մնայուն մշտադիտարկման առաքելության իրականացումը ենթադրում է փաստացի սահմանների նվիրականացում և իրողական ճանաչում:
 
Ըստ էության, Վիեննան, բովանդակային բանակցության կարևոր փաստաթուղթ է, որին մնայունորեն հղում կատարելու բոլոր պատճառներն ունի հայկական կողմը։
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր