102-րդ ռազմակայանը խախտում է հայ-ռուսական համաձայնագիրը

Ինչպես հայտնի է, ս.թ. դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական կայանի զինծառայողը դաժան ծեծի է ենթարկել Սլաբոտկա կոչվող թաղամասում քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկին: Արդյունքում 57-ամյա Ջուլիետա Ղազարյանը մահացել է:

Սակայն ռուսաստանյան զինծառայողը չի ձերբակալվել հայաստանյան իրավապահների կողմից, այլ պահվում է 102-րդ ռազմակայանի տարածքում, ինչը հակասում է մի շարք հայ-ռուսական պայմանագրերի:

Իրավասություն

«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածն ասում է, որ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ»:

Հավանաբար, Ռուսաստանի իշխանությունները, հղում տալով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածին, պնդում են, որ ՌԴ քաղաքացին, ով գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության տակ, չի կարող հանձնվել այլ պետության (ինչպես դա արվեց Վալերիյ Պերմյակովի դեպքում):

Սակայն թե 1995 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը և թե դրան հաջորդող այլ համաձայնագրեր հստակ ենթադրում են, որ 102-րդ ռազմակայանը տեղակայված է Հայաստանի Հանրապետության տարածքում և որևէ տեղ որևէ նշում չկա այն մասին, որ ռազմակայանը Ռուսաստանի Դաշնության տարածք է:

Այսինքն` հանցագործության մեջ մեղադրվող ռուսաստանյան զինվորականը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի տարածքում է, հետևաբար ՌԴ սահմանադրության արգելքը չի տարածվում նրա վրա:

102-րդ ռազմակայանում ռուսաստանյան օրենսդրությունը գործում է ճիշտ այնքան, որքան դա ամրագրված է միջպետական համաձայնագրերով: Իսկ համաձայնագրերով, ինչպես նշվեց, հստակ ամրագրված է, որ տվյալ գործը պետք է գտնվի հայաստանյան իրավապահների իրավասության տակ:

Պարադոքսալ իրավիճակ

Այսպիսով, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում անմեղ կնոջը կյանքից զրկած անձը չի հանձնվում հայաստանյան իրավապահներին: Որպես իրավական հետևանք` նա խույս է տալիս Հայաստանում քրեական օրենսդրությամբ սահմանված հետապնդումից:

Այսինքն`Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան Հայաստանի իրավապահ մարմիններից և Հայաստանում հնարավոր պատասխանատվություն կրելուց պաշտպանում է հանցագործության մեջ կասկածվող անձին:
 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»