Արտախորհրդարանից դեպի խորհրդարան նրբանցքներ հարթելու պահը
Ժողովրդի կամարտահայտության երկրորդ կարևոր հանգրվանը արդեն կայացել է: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները չեն վիճարկվում մասնակից որևէ քաղաքական ուժի կողմից. Առընթեր՝ թե՛ ընտրությունները մշտադիտարկողները, թե՛ միջազգային լրատվադաշտի ներկայացուցչիները և թե՛ գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաները դրական գնահատականներ են հնչեցնում ընտրությունների անցկացման եղանակի մասին՝ ժողովրդավարական օրինաչափությունների հարգման ընդհանուր շրջանակներում:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում միջազգային կանոններով կազմակերպված բանավեճերը, ընտրական համակողմանի գործընթացների լուսաբանման հավասար հնարավորությունների ընձեռումը ու մանավանդ ընտրության ազատ, անկաշկանդ և թափանցիկ կայացումը ժողովրդավարացման ճանապարհին նշաձողի նոր աստիճանաչափ նվաճեցին էր մեր պետության համար:
Ձևավորվել է խորհրդարանական համակարգի առաջին խորհրդարանը, որի թվաբանական պատկերը ինքնին ենթադրում է, որ քաղաքագիտական առումով կա գլխավոր ուժ, որը կոալիցիա կազմելու որևէ անհրաժեշտության առաջ կանգնած չէ՝ ապահովելով կայուն մեծամասնություն:
Գործող Սահմանադրությամբ ընդդիմությանը տրված ընդլայնված լիազորությունները այս դեպքում ընդդիմությանը վերապահված պաշտոններ և գործառույթներ ապահովելով հանդերձ, ըստ էության հակակշիռ-զսպիչ դեր կատարելու հնարավորություն չեն ստեղծում: Պարզ է տրամաբանությունը. երկրորդ ուժի ղեկավարը արդեն հայտարարել է, որ գործող մեծամասնությունը ներկայանցող վարչապետի հետ համագործակցելու հակված է, մինչ «Լուսավոր Հաաստանը», ըստ էության, ծրագրային հակասություններ չունի գործող մեծամասնական դաշինքի հրապարակած առաջադրանքների հետ:
Ինստիտուցիոնալ ընդդիմության կայացման նախադրյալները, գեթ այս պահի դրությամբ, շատ տեսանելի չեն: Խորհրդարանը գաղափարաբանական գետնի վրա հատկանշվում է միաձույլ լիբերալիզմով։
Տվյալները բացակայում են, այսուհանդերձ կա ընդհանուր համապատկերի տպավորություն, որ ԱԺ պատգամավորների գերակշիռ մասը քաղաքացիական ակտիվիստի կարգավիճակից կտրուկ անցում է կատարում դեպի օրենսդիր դաշտ, դեպի պետական-խորհրդարանական միջավայր: Նկատելի է երիտասարդ պատգամավորների թիվը, որոնք իրենց հանրային կենսափորձը շահել են քաղաքացիական շարժումների ծավալած գործունեությամբ: Նվազ թվերով, սակայն առավել քաղաքական փորձառությամբ, և մյուս կողմից՝ շատ թվերով սակայն նվազ քաղաքական, բայց առավել քաղաքացիական գործունեության փորձառությամբ պատգամավորների համատեղումով ձևավորված խորհրդարանը փաստ է։
Այս իրողությունները հուշում են գաղափարաքաղաքական բնույթի քննարկումների արտախորհրդարանական միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը: Այլ խոսքով՝ արտախորհրդարանական ինստիտուցիոնալ ընդդիմության կազմություն, որը զուգահեռ խորհրդարանին, պիտի ապահովի հանրային քննարկումների հնչեղություն՝ անվտանգության խնդիրների, տնտեսական հարցերի, Արցախյան հակամարտության, սոցիալ, կրթական, մշակութային, հայրենիք -սփյուռք ոլորտներին և իհարկե ընդհանրապես արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին: Բնականաբար, այս բոլոր խնդիրները կենթարկվեն խորհրդարանական քննարկումների, կունենան օրինագծի տեսք, կվերածվեն օրենքի:
Միաբևեռ էությամբ խորհրդարանը, սակայն, թե՛ հակակշիռ-զսպիչ համարժեք գործոնի բացակայության և մանավանդ բազմակարծության բացը լրացնելու առաջադրանքով արտախորհրդարանից դեպի խորհրդարան մտքերի ու գաղափարների նրբանցքներ հարթելու անհրաժեշտության առաջ է: Որքան բազմանան լինեն խորհրդարանական-արտախորհրդարանական ուժերի համատեղ լսումներն ու քննարկումները, այնքան կշահի այսօրվա միաբևեռ խորհրդարանը:
Իսկ արտաքին մարտահրավերների դիմակայման համար, կամ ընդհանրապես արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների իրացման ընթացքում, միակուսակցական կառավարությունը արհեստավարժ մարդուժի հրամայական անհրաժեշտություն պիտի զգա՝ այսօր խորհրդարանի մաս չկազմող, սակայն, ըստ էության, համահայկական տարողություն և ցանցային կառույց ունեցող կազմակերպությունների հետ նպատակաուղղված համագործակցության առումով: Հատկապես, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ռազմական տեխնիկա վաճառելու արգելքների սահմանման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, ԵՄ-ի հետ ինտեգրացիոն ծրագրերի վավերացման և նման գերակա կարևորագույն ուղղությունների իրականացման համար:
Գործադիրից հետո արդեն իսկ օրենսդիրում մեծամասնություն կազմող միակուսակցական-միադաշինք դրությունը պետականաշինության և թռիչքաձև զարգացումներ ապահովելու համար ներառական մեխանիզմներ առաջացնելու անհրաժեշտության առաջ է կանգնել:
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր