ՀԱՊԿ հետաձգված գագաթնաժողովն ու Հայաստանի բարձրացրած խնդիրները
Դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում նախատեսված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը, որի ընթացքում պետք է շարունակվեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի քննարկումները, չի կայանալու: Ընդ որում, սպասվելիք գագաթնաժողովը հետաձգելու մասին հայտնի է դարձել ընդամենը դեկտեմբերի 2-ին և այն էլ՝ բավական տարօրինակ պայմաններում:
Գագաթնաժողովի չկայանալու մասին դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ այդ հետաձգումը նախաձեռնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որն էլ Փաշինյանին հայտնել է այդ մասին հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչո՞ւ է տարօրինակ
Սովորաբար, երբ երկու երկրների ղեկավարներն աշխատանքային հեռախոսազրույց են ունենում, այդ մասին պատշաճ կերպով հայտնում են նրանց մամլո ծառայությունները: Այս դեպքում, սակայն, Փաշինյանի և Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին որևէ հաղորդագրություն չկա ոչ ՀՀ վարչապետի կայքում, և ոչ էլ ՌԴ նախագահի:
Կասկածի տակ չդնելով հեռախոսազրույցի փաստը՝ այնուամենայնիվ նշենք, որ վերոնշյալ հանգամանքը խոսում է ՀԱՊԿ-ում տիրող ներքին անորոշության կամ խառնաշփոթի մասին:
Հարկ է նշել, որ նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովն ավարտվել էր բավական բարդ և կազմակերպության համար աննախադեպ պայմաններում, երբ չհաջողվեց կոնսենսուսի հասնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, սակայն, ինչ-որ առումով մղվեց երկրորդ պլան, երբ Աստանայի հանդիպումից օրեր անց հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գագաթնաժողովի արդյունքները քննարկել է իր երկրում Ադրբեջանի դեսպանի հետ:
Փաշինյանն այս փաստին բավական սուր արձագանքեց՝ հայտարարելով, որ պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից այդ արարքի համար, ինչպես նաև պարզաբանումներ է պահանջելու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևից, որը գագաթնաժողովից հետո վստահություն էր հայտնել, թե գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի թեկնածուն: Փաշինյանի հիմնական ասելիքն այն էր, որ ՀԱՊԿ-ում դաշնակիցները պետք է գիտակցեն իրենց պարտավորությունները միմյանց նկատմամբ և չկատարեն դաշինքի անդամ երկրների շահերին վնասող գործողություններ, և հենց այդ թեման պետք է առանցքային լիներ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված գագաթնաժողովում:
Ինչո՞ւ հետաձգվեց
ՀԱՊԿ ներսում առաջացած լարվածությունը մեծ վտանգ է ներկայացնում այդ կազմակերպության համար ընդհանրապես: Այն, որ ՀԱՊԿ-ը կայացած ռազմական դաշինք չէ, և, որ դրա անդամ երկրները հաշվի չեն նստում միմյանց շահերի հետ՝ ասվել է բազմիցս: Սակայն կազմակերպության գործունեության ժամանակ չեն եղել դեպքեր, երբ անդամ երկրներն այսքան անզիջում դիրքեր գրավեն և հանդես գան սուր քննադատություններով:
Ռուսաստանը, որպես եվրասիական ինտեգրացիոն կառույցների նախաձեռնող, բնականաբար, չի կարող թույլ տալ, որ սասանվեն այդ կառույցների՝ առանց այդ էլ երերուն և գործով չամրացված հիմքերը: Միգուցե հենց սա է պատճառը, որ ՌԴ նախագահն առաջարկել է հետաձգել գագաթնաժողովը:
- Մինչև աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք (գագաթնաժողովի- հեղ.),- Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին ասել է Փաշինյանը:
Ուշագրավ է, որ մինչ այս՝ դեռևս նոյեմբերի 16-ին, Փաշինյանն ու Պուտինը ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են «եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր» (նկատենք, որ այս հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրություններ եղել են):
Փաշինյանն ու Լուկաշենկոն, այնուամենայնիվ, կարող են հանդիպել
Դեկտեմբերի 5-6-ին Սանկտ Պետերբուրգում, ընդհանուր առմամբ, նախատեսված է բավական հագեցված եվրասիական օրակարգ: Այդ օրերին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում պետք է տեղի ունենա ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ երկրների ղեկավարների մակարդակով:
Ու թեև ոչ ԱՊՀ կայքում, ոչ Եվրասիական հանձնաժովի կայքում չկան հաղորդագրություններ Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջոցառումների մասին, դեկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանը Մասիսում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ մեկնելու է Սանկտ Պետերբուրգ և մասնակցելու է Եվրասիական հանձնաժողովի նիստին: Ավելի ուշ՝ դեկտեմբերի 3-ի երեկոյան, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ ԵՏՀ նիստին և ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար: Նշենք, որ բոլոր այս միջոցառումներին մասնակցելու է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և դրանց ընթացքում անխուսափելի կլինի հանդիպումը Փաշինյանի և նրա միջև: Իսկ այդ հանդիպման ժամանակ առնվազն դժվար կլինի խուսափել հարաբերություններում առկա անհարթությունները քննարկելուց:
Ամեն դեպքում, կարող ենք փաստել, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի բարձրացրած խնդիրները վերաբերում են ոչ միայն այդ կառույցին, այլ եվրասիական ինտեգրացիոն նախագծերին ընդհանրապես, և Սանկտ Պետերգում նախատեսված միջոցառումները նույնպես կարող են լինել այն հարթակը, որտեղ Հայաստանը կփորձի առաջ տանել ու պաշտպանել իր շահերը:
Վահե ՂՈւԿԱՍՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»