«Արցախահայությունը զրկված է ընտրություններին մասնակցելու իրավունքից». Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆ
- Դեկտեմբերի 9-ին չի կարող լինել օրինական ընտրություն,- կարծում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը` իր տարածած հայտարարությամբ հիմնավորելով այս տեսակետը.
- 29 տարի առաջ` 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում ընդունեցին` Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Այս բեկումնային որոշումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի բաղկացուցիչ մաս:
Մասնավորապես` որոշումը սահմանում է.
• Քաղաքական, տնտեսական և մշակութային կառուցվածքների իրական միաձուլմանն ուղղված պարտավորությունների իրագործում` նպատակ ունենալով ստեղծելու միասնական պետական-քաղաքական համակարգ:
• Ամրագրում է, որ Արցախահայության վրա տարածվում են ՀՀ քաղաքացիության իրավունքները:
Այս իրավական ակտի հիման վրա Արցախահայությունը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
Համաձայն ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 3-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առաջ` անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերից:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների քանակը` ըստ վարչական շրջանների և մարզերի: ՀՀ ԿԸՀ-ն Արցախում գտնվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող` ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող զինվորականների համար ընտրական իրավունքի իրացումը երաշխավորել է: Նրանք հատուկ ցուցակներով և նախատեսված ընտրատեղամասերում կարող են մասնակցել ընտրություններին, իսկ զինվորական ծառայության մեջ չգտնվող Արցախահայությունը զրկված է ընտրություններին մասնակցելու իրավունքից:
Արդի Հայկական պետականության քաղաքական անկախության հիմքում ընկած է հայ ազգի տարբեր հատվածների քաղաքական իրավունքների վերականգնման հարցը: Առանց Արցախահայության մասնակցության` դեկտեմբերի 9-ի ընտրությունները ևս արձանագրելու են անարդարություն և անհավասարություն: