Նոր Հայաստանին անհրաժեշտ է բազմակուսակցական խորհրդարան

Նախընտրական քարոզարշավի շեմին` կատարված համակողմանի հայտարարություններին և հարցազրույցներին հետևելով, որոշ դիտարկումներ կարելի է արձանագրել. Հատկապես` նոր իրավիճակի հետ առնչված ընտրական նոր մշակույթի կայացման առաջադրանքի լույսի ներքո:
 

Թվում է, թե ընդհանուր ընկալում է գոյացել, որ գործադիր իշխանությունը նաև պիտի ունենա կայուն մեծամասնություն օրենսդիր ժողովում: Քաղաքագիտական հասկացողությամբ շրջված գործընթացն է աշխատում: Իբրև ընտրությունների արդյունք ձևավորված խորհրդարանը և այնտեղ մեծամասնություն ներկայացնող ուժն է, որը կառավարություն է կազմում և հատկապես խորհրդարանական համակարգով կառավարվող հանրապետություններում գործադիրը կունենա խորհրդարանական մեծամասնություն` իր ծրագրերը վավերացնելու հարթությունը ստեղծելով: Շրջված իրավիճակը, բնականաբար, արդյունքն է ժողովրդային հեղափոխությամբ սկսված համակարգային փոփոխության գործընթացի:

Եթե մի կողմից կա որոշակի միտում` իշխանությունը քաղաքական մի ուժի վրա բևեռացնելու, մյուս կողմից նաև կա ընդդիմությունը միաբևեռ կուսակցությամբ մենաշնորհելու:
Եթե մի կողմից օգտագործված հռետորաբանությունը հինը մերժելու առանցքի վրա է կենտրոնացել, մյուս կողմից հին համակարգը ներկայացնող գլխավոր ուժը հանրությանն ուզում է ներկայանալ իբրև ազգային արժեքների ավանդույթները պահպանող միակ կուսակցությունը: Այս հասկացությունում ներառվում է եկեղեցու պաշտպանությունը, սեռական փոքրամասնությունների քարոզչության մերժումը, ընդհանրապես արևմտյան բարքերի երկիր թափանցման դեմ արգելակիչ տարր հանդիսանալու մոտեցումը:

Քաղաքական-հասարակական մակարդակների վրա կարծրատիպային այս թե՛ մոտեցումները և թե՛ ընկալումները չեն օգնում, որ նախընտրական քարոզարշավի առանցքները կենտրոնանան գաղափարական ծրագրերի, ազգային խնդիրների և սոցիալական հարցերի վրա: Չեն նպաստում նաև երկրի զարգացման համար ազատականական ու ընկերավարական ուղիների ներկայացման և ժողովրդի կողմից այս ուղիներից մեկն ընտրելու հնարավորության ներկայացմանը: Եվ այս առումով հավելյալ ժողովրդավարացման համար օգտակար չեն ընտրությունների արդյունքների կանխատեսումների հրապարակումները այն հանգրվանին` երբ չեն ներկայացվել նախընտրական ծրագրերը: Կանխորոշման ազդակը հարիր չէ ժողովրդավար ժամանակակից պետություններին:

Սահմանադրության էությունը խորհրդարանի դեպքում քաջալերում է բազմակուսակցականությունը, հակակշիռ մեխանիզմներ ստեղծելով` համակարգի հավելյալ ժողովրդավարացումը:

Բազմակուսակցականությունը իր հերթին ծրագրերի այլազանություն, գաղափարների տարբերություն, տարբեր գաղափարաբանական ուղիներ որդեգրելու երևույթ է ենթադրում, ինչը մինչ այս պահը բացակայում է երկրի ընտրական մշակույթում:
Անհրաժեշտ է, որ նախընտրական քարզարշավի բովանդակությունը հիմնված լինի գաղափարի, գաղափարաբանության և ծրագրերի վրա: Համապարփակ` ազգայինից, սոցիալ կրթականից մշակութային, ֆինանսականից տնտեսական` երկրի զարգացման համար բոլոր ուղղություններով ծրագայրին առաջադրանքներով հագենա: Սա սատարում է ոչ միայն երկրի ընտրական մշակույթին, այլ նաև քաղաքացիական հասարակության կայացմանը, որին ընձեռվում է հնարավորություն` ընտրություն կատարելու բազմաթիվ գաղափարների և ծրագրերի միջև:

Երկիրը հնի և նորի պարանաձգությունից դուրս բերելու համար, բազմածրագրային քարոզարշավը պետք է հանգի բազմակուսակցական խորհրդարանի ձևավորման: Իհարկե կգոյանա մեծամասնություն, գուցե նաև կայուն մեծամասնություն: Այսուհանդերձ` մնացյալ քաղաքական ուժերը կունենան ընդդիմության նորացված լիազորություններ, կնպաստեն բազմակարծիք խորհրդարանի քննարկումներին և սահմանադրականորեն կունենան ընդլայնված իրավունքներ հակակշիռ գործառույթներ իրականացնելու համար:

Նման խորհրդարանն անպայման մեր երկրի համար կապահովի վարկի և հեղինակության միջազգային նոր նշաձող:
 

 

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր