Վաշինգտոնը կդրսևորի՞ հետևողականություն
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանի կատարած հայտարարությունը թե՛ պատմական և թե՛ քաղաքական ու իրավական տվյալներով կարելի է հակափաստարկել: Բնականաբար՝ նաև շատ համոզիչ ձևերով պարզել, թե ինչու այդ մասին քննարկումներ չկան հայկական դաշտում, երբ հատկապես իսպառ բացակայում են քննարկումները Բաքվում՝ անցյալին վերադարձը բացառելու և Արցախի ժողովրդի կամարտահայտության փաստի հետ հաշվի նստելու առումով, որի համար զարմանք չի հայտնում ամերիկյացի դիվանագետը:
Այժմ առանց իրավաքաղաքական կամ պատմաքաղաքական հակափաստարկների վրա կենտրոնանալու, նկատենք, որ ամերիկացի դիվանագետը նման տեսություն է հայտնում իր պաշտոնաթողության առիթով: Դեսպան Միլզը բավական ժամանակ ուներ պաշտոնավարության ընթացքում խոսել իր համոզումով այդ անխուսափելիության մասին:
Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետը հիմնականում հակասություն է դրսևորում իր գերատեսչության՝ պաշտոնական Վաշինգտոնի հետ ընդհանրապես: Դեսպանը ներկայացնում է մի պետություն, որը ներգրավվել է արցախյան հակամարտության խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծման համար միջնորդական առաքելության միջազգայնորեն ընդունված և հաստատված ձևաչափում՝ իբրև համանախագահող պետություն: Ուրեմն հատկապես ռուս, ֆրանսիացի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնատարները արցախյան հակամարտության մասին խոսելու ընթացքում դիվանագիտական խախտում չպետք է կատարեն՝ իրենց ներկայացրած երկրի օգտագործած բառապաշարից, եզրաբանությունից, հարցերի մոտեցման եղանակից, ասելաձևերից: Պրոֆեսիոնալ դիվանագետները ծայրագույն նրբանկատություն են ցուցաբերում նման զգայուն խնդիրների դեպքում շեշտադրումների, ներկայացված հայեցակարգերի կետերի առաջնահերթությունների՝ պահելու համար ներդաշնակությունը ոչ միայն իրենց պետության պաշտոնական տեսակետներին, այլ նաև այս դեպքում համանախագահությունը ստանձնած մյուս երկրներին միջև։
Իսկ այս առումներով օրինաչափ և ոչ անպայման իրավաչափ պիտի նկատվեր, եթե դեսպան Միլզը խոսեր ոչ թե «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի, այլ փոխզիջումային սկզբունքի հիման վրա մինչ այդ օգտագործվող «տարածքներ կարգավիճակի դիմաց» քննարկվող տարբերակի մասին: Այդ դեպքում նա ամփոփ ձևով ակնարկած կլիներ մադրիդյան (թեկուզ նորացված) սկզբունքները, որի շուրջ քննարկումներ ծավալելու միջնորդական առաքելությունն էր իրականցնում նաև Վաշինգտոնը՝ Փարիզի և Մոսկվայի կողքին:
Պետք է հետադարձ հայացքով որոնել, թե վերջին անգամ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ե՞րբ է օգտագործել «գրավյալ» բառակապակցությունը՝ իրողապես արցախապատկան տարածքները բնութագրելու համար:
Դեսպան Միլզը պիտի իմանար մանավանդ, որ առ այս պահը, հատկապես ապրիլյան ադրբեջանական հարձակողապաշտության պատճառով, սառեցվել են բովանդակային բանակցությունները և նույնինքն ԵԱՀԿ-ի Մինսկի բանակցությունները կենտրոնացել են հրադադարի երաշխավորման համար շփման գիծը վերահսկելի դարձնելու, այն մշտադիտարկման գործողությունների համար գերհագեցած գործիքակազմով օժտելու և դրանցից հետո՝ հրադադարի խախտման դեպքերը հետաքննելու առաջադրանքների վրա: Այս բոլորը՝ թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում և թե՛ Ժնևում:
Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետը այս բոլորին իրազեկ է. մանավանդ որ ինքը նախքան երևանյան իր առաքելության ստանձնումը ղեկավարել է ամերիկյան արտաքին քաղաքականության կովկասյան փորձագիտական բաժանմունքը՝ Լիբանանում փոխդեսպանի պաշտոնը ստանձնելուց առաջ:
Իրազեկ էր, բայց թույլ է տվել դիվանագիտական ասպարեզի լրջագույն խախտում: Այլ տրամաբանությամբ և այլ հարցով, ոչ շատ վաղ անցյալում, Երևանում պաշտոնավարած ամերիկացի դեսպան Էվանսը, պաշտոնաթողության նախօրյակին Ցեղասպանություն բառեզրի օգտագործումով շեղում կատարեց իր ներկայացրած պետության արտաքին քաղաքականության հայեցակարգային մոտեցումներից: Ըստ էության, այդ հայտարարությունը պատճառ դարձավ նրա պաշտոնազրկմանը:
Վաշինգտոնը այս առումով հետևողականություն դրսևորելու և արժեչափի բազմակիություն բացառելու հրամայականի առաջ է կանգնել:
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր