«Ապրել միասին»-ը արգելակողները

Ֆրանկոֆոնիայի 17-րդ վեհաժողովի կայացումը Երևանում նախ տեղավորվում է ֆրանսերենի պահպանման համար պաշտոնական Փարիզի կիրառած լեզվամշակութային քաղաքականության տրամաբանության շրջանակում։

Լեզվի, լեզվամշակույթի ու ընդհանրապես լեզվամտածողության պահպանումը և տարածումը ինքնին շեշտակիորեն քաղաքական երանգներ, լուռ ենթանպատակներ են ներառում: Ըստ էության, տարբեր աշխարհագրական միջավայրերում պետությունների ներկայությանը և արմատավորմանը նպաստող կարևորագույն ազդակ են` պատմական ժամանակներից ի վեր: Այս դեպքում նաև լեզվական և մշակութային հարցերից ավելին է` քաղաքակրթության տարածման առումով:

 

Պարզ է, որ ֆրանսախոսությունը նահանջել է: Նահանջել է ոչ թե անպայման առաջին հայացքից զիջելով անգլերենին, որովհետև անգլերենը ինքն անընդհատ ձևափոխումների ենթարկման հոլովույթում է: Համատարած է այսօր «համացանցերենը», որը սղագրություններով, պատկերատառերով, լատինատառերի և տվյալ լեզվի խառնուրդներով վերածվել է արագ հաղորդալեզվի: Արհեստագիտության նոր քաղաքակրթությունը ձևախեղել է դասականն ու դրա հետ նաև դասական լեզուները, որոնք զարգացման դասական եղանակով նորոգվելու և վերանորոգվելու ընթացքի մեջ լինելու դերում են:

Նոր քաղաքակրթությունը Ֆրանսիայի նախագահի ընկալմամբ աշխարհակարգ ձևավորել  է, որը հատկանշվում է ստով, ատելության քարոզչությամբ և վերջին տասնամյակներին համախմբվելու համար գործած կանոնների չեզոքացումով ու վերացումով: Ուստի, ֆրանսախոս երկրների վեհաժողովը պետք է վերածվի վերստին համախմբվելու սթափության հարթակի:

Գերտերության  ներկայացուցչի կողմից հնչեցված ահազանգը, իրավիճակը բնութագրող նրա տված հատկանիշերով, խոսում է ըստ էության անհատական, մարդկային արժեհամակարգի իսպառ բացակայելու դատապարտման միտող այսօրվա իրադրությունների մասին:

Եթե սուտը պիտի ընկալվի իբրև գերտերությունների կողմից իրականանալի ռազմական միջամտության համար պատրվակային հիմնավորում, ապա ատելության քարոզչությունը` զանգվածային տարողությամբ մարդկային կյանքերի հաշվին պատերազմներ հրահրելու հզոր մեքենա: Գերնպատակների համար կիրառվող այս միջոցները հիմնովին արգելակում են մարդկանց, հավաքականությունների և պետությունների համախմբումները կամ 17-րդ վեհաժողովի կարգախոսով` «Ապրել միասին»-ը:

Վեհաժողովի կայացումը Երևանում և այդ շրջագծում տարբեր առիթներով կատարված Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հրամայականի կամ արցախյան տագնապի էության հիման վրա մարդու տարրական ինքնորոշման իրավունքի հիշեցումները վերաբերում են նաև մեր ազգային խնդիրներին: Այնտեղ նկատելու համար, որ սուտը կամ ժխտողականությունը և դրանք կիրառողները իրե՛նք են, որ արգելակում են համախմբվելը կամ միասին ապրելը: Փակում են ճանապարհները, արծարծում են նախապայմանները: Իսկ արցախյան հիմնախնդրի առումով ատելության քարոզչություն իրականացնողները չեն հարգում միջազգային պայմանավորվածությունները և հարվածում են բանակցային խաղաղ ճանապարհային գործընթացներին:

Կլիմայական հարցերի, միջազգային ահաբեկչության դեմ համախմբված աշխատելու, քաղաքակրթական արժեհամակարգերը վերականգնելու և նման հարթակ լիարժեք օգտագործելու սթափության կոչը, ուրեմն, վերաբերում է նաև ազգային խնդիրներին:

Սթափ ընկալելու նաև այն անհրաժեշտությունը, որ Ցեղասպանությունը պատժելի և հատուցելի հանցագործություն է, որ ժխտողականությունը մերժելի է և ատելության պետական քարոզչություն տարածելը խաղաղ գործընթացները արգելակող գործոն է:

Երևան ժամանած աշխարհի 84 երկրների պաշտոնատարները Ֆրանկոֆոնիայի 17-րդ վեհաժողովում ընդգծած հրամայականներին ընդառաջ սթափ գնահատական տալու անհրաժեշտության առաջ են` միասին ապրելու կամ համախմբվելու առաջադրանքների իրականացման դեմ արգելքներ դնող պետությունների կիրառած քաղաքականության: Նրանց  շարքում` նաև Անկարային և Բաքվին: Սկզբունքով` նախ նրանց։

 

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր