Երևանցին վերջապես իր հոգսերը կիսող քաղաքապե՞տ ունի

ԱՆՎԵՐԱՊԱՀ ՀԱՎԱՏԻՆ ԽԱՆԳԱՐՈւՄ Է ՄԵՐ ՏԱՌԱՊԱՆՔԻ ՓՈՐՁԸ

- Ունենք պատմական հնարավորություն ի կատար ածել այն բոլոր երազանքները, որ ունեցել ենք։ Ես վստահ եմ, որ այս ավագանու կազմով, մենք կանենք այնպես, որպեսզի մեր երևանցիները ամեն օր, ամեն վայրկյան ժպտան,- նորընտիր ավագանու առաջին նիստում ասել է նորընծա քաղաքապետ Հայկ Մարությանը։
 
Հավատանք նրա այս խոստմանը և մի փոքր հումորով պարտավորեցնենք, որ այդ ժպիտը միայն Հայկի կատակերգական ֆիլմերի հերոսների մանկամտության ու տգիտության առիթով չի լինի:
 
Կայացավ Երևանի նորընտիր նավագանու անդրանիկ նիստը։
 
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում 57 մանդատ ստացած «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանն այսօր հրավիրել է անդրանիկ նիստը: Նրա երդմնակալությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ հոկտեմբերի 13-ին: Սակայն երևանցիների (և ո՛չ միայն երևանցիների) համար դա առանձնապես էական չէ, զի որպես երդում՝ այնքան առատ խոստումներ են տեղացել և այնպիսի ջերմ ժպիտներով… Բայց երդման տեքստը դեռ օդում չմարած՝ ամեն անգամ նորից ու կրկին հասկացել-համոզվել ենք, որ երդո՛ւմն էլ, ժպիտնե՛րն էլ միայն «ընտրյալին» նշանակողին էր ուղղված: 
 
Այսօր ամեն ինչ այլ է. «Իմ քայլը» դաշինքն, իսկապես, մեզանում ամենաազատ ու ամենաթափանցիկ ընտրություններում գերակշիռ քվեներ է շահել: Ասել է թե՝ հանրությունն այդ կերպ իր վստահությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին, ով Երևանի քաղաքապետ պաշտոնում Հայկ Մարությանին է տեսնում: 
 
- Ես կարևորում եմ այս պահը, որ ամբողջ ավագանու կազմը դիտարկում եմ մեկ մարմին, առանց կուսակցական պատկանելության,- խոստման նման հավաստիացրել է նորընտիր քաղաքապետը՝ բոլորին խնդրելով միշտ ուշադիր լինել Երևանի բնակիչների բոլոր խնդիրներին, բոլոր ահազանգերին և անհապաղ լուծումներ տալ դրանց։
 
Իսկ այդ խնդիրներն այքա՜ն շատ են և կուտակվելով այնքան են բարդացել, որ լուծման համար մեծագույն ջանքեր են պետք, այն էլ՝  մարկանց հանդեպ իրական հարգանքի, Երևանը իսկապես սիրելու պարագայում: 
 
Նախկին կադրերից հրաժարվելու, կամ, ինչպես ընդունված է ասել՝ կադրային ջարդի մասին լրագրողների հնչեցրած հարցը երկսայր է. ընդհանրապես, իսկ վերջին 3-4 ամիսների ընթացքում իրենց պարտականությունները ձախողածներից հրաժարվելը արդյո՞ք կադրային ջարդ է…