Երդվում են անվստահության դեպքում
ԻՍԿ ԻՆՉՈ՞ւ ՈՉ ԻՆՔՆԱԼՈւԾԱՐՈւՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հանձին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ «Ծառուկյան դաշինք» խմբակցության միջև ստորագրված հուշագիր և առաջիկա դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ 15 պատգամավորների գրավոր հավաստագիրն առաջին պահին կարծես որոշակի հաշտեցում են հուշում: Համենայն դեպս՝ խորհրդարանի լուծարման խնդրի շուրջ:
Սակայն մինչ այս ծագած բոլոր հարցերին փոխարինելու է գալիս շատ ավելի կարևոր և տրամաբանության շրջանակներից դուրս մեկ այլ հարց՝ ուրեմն ինչո՞ւ երեսփոխանական այս նույն գումարտակը ԱԺ արտահերթ նիստ չի պահանջում՝ ինքնալուծարման օրակարգով:
- Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը եւ ԱԺ արձակմանը հասնելու նպատակով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որեւէ թեկնածուի: Ինչպես նաեւ խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու որեւէ նախաձեռնության,- ամրագրված է Հուշագրի 2-րդ կետում:
Նույնիսկ տառաճանաչ լինել պարտադիր չէ՝ այսքան խոսքուզրույցներից իմանալու համար, որ 14 օրվա ընթացքում նոր վարչապետ չընտրելու դեպքում գործող խորհրդարանը լուծարվում է: Ուստի միայն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը սատարողներն ինչո՞ւ են ուզում իրենց սկզբունքայնությունը ցուցադրել Վարչապետի հրաժարականից հետո:
Կամ, արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը նույնանուն դաշինքի փոխարեն միանձնյա որոշում է կայացրել. չէ՞ որ ծառուկյանականները միակամ միացել էին հոկտեմբերի 2-ի տխրահռչակ օրինագծին, որի նպատակն ի սկզբանե պարզ էր: Եթե դա արվել էր ԲՀ կուսակցության և «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կարծիքը հաշվի չառնելով, ուրեմն կուսակցության այդ կարկառուն ներկայացուցիչները պիտի որ կուսակցական պատասխանատվության ենթարկվեն: Իսկ գուցե նրանք այդպես են վարվել՝ ևս մեկ անգամ ընդգծելո՞ւ իրենց կարևորությունը և ազդեցիկությունը քաղաքական իրավիճակներում:
Առավելևս վերջին վարկածի պարագայում ծառուկյանականները սխալվեցին՝ բումերանգի թիրախ դարձնելով իրենց «գործիչ» դարձրած կուսակցությանը: Երևանի քաղաքապետանի ընտրությունը բացահայտեց, թե որքան հիմնազուրկ է նրանց ինքնավստահությունը: Ու այլևս քչերն են հավատում նաև խորհրդարանական նոր ընտրություններում ԲՀԿ-ի հաջողությանը՝ մանավանդ արդեն հայտնի բհկ-ականների թեկնածություններն առաջադրելու դեպքում:
Հուշակագիրն ավելի շատ երդում է հիշեցնում, սակայն ընտանիքի մեծին հարգող անդամներն իրենց վարքագծով չպետք է նրան մղեն՝ իր խոստումը, նախկինում արած իր հայտարարությունը երդումով վավերացնի: