Թույլ տվեք կասկածել, պարոնայք երեսփոխաններ

«ՆԵՐՔՈՍՏՈՐԱԳՐՅԱԼՆԵՐԻ» ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է ԶԱՐԹՆԵԼ, ԹԵ՞...

Եթե «Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո, մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետը չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի», ուրեմն ինչո՞ւ խորհրդարանի արտահերթ նիստ չեք պահանջում՝ ինքնլուծարման օրակարգով:
 
Թույլ տվեք կասկածել ձեր սկզբունքայնությանը, խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարության ներքոստորագրյալ 14 երեսփոխաններ: Հակառակ պարագայում կասկածելի է դառնում ձեր մտածելու ունակությունն, ընդհանրապես: Հոկտեմբերի 2-ին ձեր մասնակցությամբ խորհրդարանական տապալված ներկայացմամբ հանրությունն ազդարարեց հեղափոխության 2-րդ ու ավելի վճռական փուլի սկիզբը, որն անկասկած, դարձյալ հաջողությամբ է պսակվելու: Փաստորեն գարնանային հուզումները և ապրիլյան համաժողովրդական հաղթանակը ձեզ ոչինչ չէին ասել, որովհետև դուք դադարել եք մտածել, իշխանական ճոճաթոռները բթացրել են ձեր բոլոր զգայարանները: Հիմա ի՞նչ եղավ, Հիմա ո՞ւմ հահանգով եք «հետողորմյա» անում և հավաստում, թե «Պաշտպանում ենք 2018 թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:
Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո, մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետը չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:
 
Եթե սա հերթական թոզփչոցին չէ, ապա ինչո՞ւ խորհրդարանի արտահերթ նիստ չեք պահանջում՝ ինքնլուծարման օրակարգով:
 
Ընդամենը մի երկու օր առաջ ժողովրդին «քսի» տրված «խաժամուժ» անվանող Ալիկ Սարգսյանը նույնպես «ներքոստորագրյալների» ցուցակում է: ՀՀԿ կարկառուն պատգամախոս Գևորգ Կոստանյանի ցուցամատն էլ հիմա այլ բան է ազդարարում՝
 
- Անկախ կուսակցական և քաղաքական պատկանելությունից և դիրքորոշումների տարբերությունից, մի կարևոր սկզբունք կա: Այսօր կա իշխանություն, եթե այդ իշխանությունը ձախողեց, ձախողում է ամբողջ երկիրը, մեզանից յուրաքանչյուրը:
 
Հետևաբար, ես ողջամտորեն չեմ կարծում, որ որևէ մեկը, անկախ կուսակցական շահերի հանգամանքից, որևէ ձևով կխոչընդոտի կամ պետք է խոչընդոտի ներկայիս իշխանության գործունեությունը: Ընդհակառակը, իմ խորին համոզմամբ, ցանկացած ողջամիտ մարդ պետք է օժանդակի այսօրվա կառավարությանը, որովհետև դա է երկրի առաջընթացի երաշխիքը:
 
Պատկերացնո՞՜մ եք՝ նա «ողջամտորեն» այլևս չի կարծում, որ որևէ մեկը պետք է խոչընդոտի ներկայիս իշխանության գործունեությունը... Եթե, իսկապես, նա կարծում է բանականության թելադրանքով, ուրեմն նրա համար դեռ ամեն ինչ կորած չէ: Կորած չէ՝ սթափ դատողության վերականգնման, այլ ոչ թե վերստին իշխանության վերին օղակներում բազմելու առումով:
 
Այս ենթատեքստում բավական խուսուն է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. 
 
- Ուրանալն այլևս քաղաքական կատեգորիա է։ Ծնողին, քավորին, ընկերներին ուրացողն առանց երկմտելու կդավաճաներ իր քաղաքական թիմին...
 
Մնում է ճշտել, Կոստանյանն ու 14 «ներքոստորագրյալները» իսկապե՞ս դավաճանել են իրենց ծնած ու սնած թիմին, թե՞ կուսակցական նոր հանձնարարություն ունեն՝ ներսից պառակտել շարժումը: