Ազնավուրի հոգեհանգստի քաղաքական ուղերձները

Մեծանուն Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության ընթացքում պաշտոնական Փարիզը համամարդկային արժեքների առումով համայն աշխարհին կարևորագույն ուղերձներ փոխանցեց` մշակութային արժեքաբանության, բայց նաև փախստականների հյուրընկալման, ինտեգրման միջավայրի ստեղծման, Ցեղասպանության ժխտման դատապարտման և ընդհանրապես մարդու իրավունքների հարգման սկզբունքների առումով։
 

Քաղաքական առումով դիտարկելի որոշ երևույթներ արժե արձանագրել այս առիթով: Ազնավուրի հոգեհանգստին թե՛ Ֆրանսիայի նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի միասին մուտք գործելը, երկու երկրների օրհներգերի հնչեցումը, երկրների առաջին դեմքերի խոսքերը, դագաղը պարուրած Ֆրանսիայի դրոշին առընթեր հայկական եռագույնով ծաղկեպսակի տեղադրումը և մանավանդ նախագահ Մակրոնի խոսքում Հայաստանին ու հայությանը հատկացված բաժինը ընդգծեցին Ազնավուրի հայկական ծագման, ֆրանսիական մշակույթին նրա բերած անգնահատելի նպաստի, համամարդկային արժեքների ջատագովությունը: Այդ բոլորի քաղաքական առանցքը շեշտակիորեն վերաբերում էր ազնավուրյան կամուրջին` հայ-ֆրանսիական միջպետական հարաբերություններին:

Եվ հատկապես պաշտոնական Փարիզը` հանրապետության նախագահով, կառավարության անդամներով, արարողակարգով, զինվորական պահակագնդով և հարակից երգչախմբով Ազնավուրի մեծարման ճանապարհով ընդգծեց ոչ միայն հայ-ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության դարավոր անցյալի վրա հիմնված իրականությունը: Այն նաև քաղաքական առումով լուսավորեց երկու հանրապեությունների միջև կայացած միջպետական հարաբերությունների փաստը:

Այդ հարաբերությունները անցյալ ուղի չեն միայն, ուր հատկապես երկրաշարժի առիթով մեկնարկած Ազնավուրի կազմակերպած համաշխարհային բազմաբնույթ օժանդակությունները նպաստեցին մեր երկրի աշխարհի ճանաչողությանը: Այդ հարաբերությունները ներկա են և դեպի ապագա նայող հեռանկարային ընթացք, որը ավանդություն ունի և որը ամեն կարևոր հանգրվանի զգալի  է դարձնում երկու պետությունների քաղաքական բազկերակի զարկերին ներդաշնակ կշռույթները:

Ֆրանկոֆոնիայի համաժողովի կայացումը Երևանում, Փարիզ-Երևան միջպետական հարաբերությունների անցած ուղու արգասիքն է` որքան էլ քաղաքականորեն հասկանալի լինի Ֆրանսիայի տարածաշրջանում ներկայության միտող քայլերի ընդհանուր շրջածիրում նման որոշման դիտարկումը:

Այս բոլորի արժևորումը ուղղակի և անուղղակի կկատարվի Ֆրանկոֆոնիայի համաժողովում: Կարժևորվեն դեռևս հատկապես Երևան-Բրյուսել համաձայնագրերի վավերացման, իրականացման և դեպի Եվրոպա տարբեր բնագավառների ուղղությամբ ինտեգրման շեշտակի քայլեր առնելու Երևանի պատրաստակամության մեջ` Փարիզի ունեցած դերակատարությունը:

Քաղաքական հոգեհանգստում կատարվեցին այս բոլորի նախադրյալների ընդգծումները։
 

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր