Ծառուկյանը հեղափոխությանը միացել է վերջին պահին

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ. SUT.AM

Հոկտեմբերի 4-ին «Կենտրոն» հեռուստատեսությամբ հեռարձակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, որի ընթացքում նա հանդես է եկել մի քանի վիճահարույց հայտարարություններով: Դրանք հիմնականում վերաբերում են այս տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններին և դրանցում ունեցած իր դերին:
 
Նա, մասնավորապես, պնդում է, որ զգալի դեր է ունեցել մարդկանց մոբիլիզացիայի գործում:
 
Գագիկ Ծառուկյան. - Առաջին օրվանից հեղափոխության, որ պարոն Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Լենինականից՝ մենակ, որ նայում էիր դաժը քայլելով 2 հոգով, 3 հոգով, 20 հոգով, գալով հասավ Երևան: Հասնելով Երևան, առաջին հանդիպումը Օպերայում եղավ: Ինչքա՞ն մարդ կլիներ առաջին հանդիպմանը: […] 800, 1000, 1200 մարդ չէր լինի: Բա ո՞նց եղավ երկրորդ օրը ավելացավ:
 
Պետրոս Ղազարյան. - Ո՞նց եղավ: Դուք դրա մեջ լումա ունե՞ք:
 
Գագիկ Ծառուկյան. - Խի իմ չափ լումա ո՞վ ունի: Ես ասեմ հեղափոխությանը մեքենաներով ջրեր եմ ուղարկել: Կարո՞ղ ա էտ էլ են ասում չի եղել:
 
Հիշեցնենք նաև, որ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն և ԱԺ խմբակցությունը հրապարակայնորեն միացան շարժմանը Սարգսյանի հրաժարականից րոպեներ առաջ:
 
Ըստ Ծառուկյանի՝ ապրիլի 13-ին, երբ Նիկոլ Փաշինյանը քայլարշավով մտավ Ազատության հրապարակ, հանրահավաքին մասնակցել է 800-1200 մարդ: Մինչդեռ, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակած տվյալների, ապրիլի 13-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում կար 4400-4700 մարդ: Իսկ նրա պնդումը, թե ցուցարարների քանակը աճել է հաջորդ օրերին, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ո՛չ ապրիլի 14-ին, ո՛չ էլ 15-ին զգալի աճ չեղավ ցուցարարների թվի մեջ: Երկու օրն էլ ցուցարարների քանակը չէր գերազանցում մի քանի հազարը:
 
Ավելին, որևէ փաստ չկա, որ Ծառուկյանը կամ ԲՀԿ-ն որևէ կերպ աջակցել են Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին շարժման առաջին օրերին: Նաև մինչ այս պահը որևէ խոսք չի եղել  տվյալ ցուցարարներին «մեքենաներով ջրեր» ուղարկելու մասին:
 
Ապրիլի 17-ին ԱԺ-ում կայացած վարչապետի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի խմբակցության 31 անդամներից միայն 12-ը դեմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Ինքը՝ Ծառուկյանը, բացակա էր քվեարկության ժամանակ:
 
Հարցազրույցի ժամանակ Ծառուկյանը նաև պնդում է, որ «սառույցը հալվում» է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, որը տեղի է ունենում նաև իր շնորհիվ՝ Սարգսյանի հետ «սուր խոսակցությունից» հետո: Ըստ Ծառուկյանի, միայն հրաժարականից հետո են մարդիկ մասսայականորեն դուրս եկել փողոց: Իրականում, ցույցերը մասսայական էին դարձել ապրիլի 22-ին՝ Փաշինյանի և «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալումից ժամեր անց: Ըստ Infographics.am-ի՝ այդ օրը Հանրապետության հրապարակում և շրջակայքում հավաքվել է 115000 մարդ:
 
Հովհաննես ՆԱԶԱՐԵԹՅԱՆ