Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ կորստի առաջ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ. 1in.am

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր քաղաքական հանդիպում է նշանակել ԲՀԿ պատգամավորների հետ, որի թեման, իհարկե, լինելու է օրերս խորհրդարանում և դրա շուրջը տեղի ունեցածին տեղեկանալը: Սա ինքնին հետաքրքիր է արդեն իսկ՝ նկատի ունենալով այն, որ դրա մասին տեղեկատվության տարածումով փորձում է ակնարկ արվել այն մասին, որ տեղի ունեցածից Գագիկ Ծառուկյանը տեղյակ չի եղել: Այսինքն՝ տարածված հաղորդագրությունը հուշում է, որ առնվազն կա հոկտեմբերի 2-ին կատարվածից Գագիկ Ծառուկյանին մաքրելու նպատակ՝ այդպիսով փորձելով նրան կտրել «հակահեղափոխական» այդ ակտից, ըստ այդմ՝ նաև դրա բարոյա-քաղաքական հետևանքից:
 
Այդ դեպքում, սակայն, հարց է ծագում, թե ինչ է անելու Ծառուկյանը խմբակցության այն պատգամավորների հետ, որոնք միացել են քվեարկությանը: Որովհետև փաստորեն ստացվում է, որ նրանք գործել են կուսակցության առաջնորդից թաքուն, տեղյակ չեն պահել նրան կարևորագույն մի բանի մասին, որը ուներ ներքաղաքական առանցքային նշանակություն և պարունակում էր քաղաքական մեծագույն վտանգ ԲՀԿ-ի և Ծառուկյանի համար: Իսկ դա նշանակում է, որ պետք է լինի հստակ և կոշտ վերաբերմունք այդ գործողության հանդեպ, եթե Ծառուկյանն իսկապես անտեղյակ է եղել տեղի ունեցածին, և որևէ մեկը նրանից ինչ-որ բան է թաքցրել կամ առավել ևս խաբել է՝ օրինագծի նշանակության կամ բովանդակության առումով:
 
Միով բանիվ՝ եթե Ծառուկյանը տեղյակ չէ հոկտեմբերի 2-ի մանրամասներին և պետք է տեղեկանա այսօր՝ խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպումից, ապա ակնհայտ է, որ դրան պետք է հաջորդի քաղաքական հետևանք և արձագանք: Ի վերջո հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածը, այսպես ասած, շարքային մի աղմկոտ իրադարձություն չէր, ինչպիսիք լինում են հաճախ և նույնիսկ թավշյա հեղափոխությունից առաջ էին լինում: Խնդիրը հիմնարար է, և հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածով ԲՀԿ-ն հավասարեցվել է ՀՀԿ-ին:
 
Ավելին, հաշվի առնելով այն, որ ՀՀԿ-ն գործնականում չուներ կորցնելու ոչինչ, ակնառու է դառնում, որ հոկտեմբերի 2-ին ամենից մեծ կորուստը ունեցել է ԲՀԿ-ն: Հետևաբար Գագիկ Ծառուկյանի խնդիրը այլևս կորուստը վերականգնելն է, քանի որ կորստի համար պատասխանատվությունից հրաժարվելը, այսպես ասած՝ «մաքրվելը», այլևս չափազանց քիչ է: Մյուս կողմից՝ իհարկե, այդ կորուստը վերականգնելը այլևս պահանջելու է Ծառուկյանից արմատական քայլեր: Ունի՞ նա այդպիսի քայլերի տարբերակներ: