«Մենք Զեզ տվել ենք իշխանության, այլ ոչ թե հրաժարական տալու մանդատ»

ՉԸՆՏՐՎԱԾՆԵՐՆ ԸՆՏՐՎԵԼՈւ ՀՈւՅՍ ՉՈւՆԵՆ, ԲԱՅՑ ԴԱՎԵՐԻ ՎԱՐՊԵՏ ԵՆ

Հոկտեմբերի 2-ի երեկոն, հիրավի, ամենաիսկական ու ինքնաբուխ հանրաքվե էր՝ Ազգային Ժողովում իրենց մեծամասնությամբ հոխորտացողների հեռացման օգտին: Նոր խորհրդարան ձևավորելու, ասել է թե արտահերթ ընտությունների անհետաձգելիությունը նախևառաջ հանրության պահանջն է:
 
Որքան էլ ներկա պատգամավորներն առիթ-անառիթ ճամարտակում են, թե 2017-ի ընտրությունների արդյունքում իրենք օրինական ճանապարհով օրենսդիր են դարձել, միևնույն է՝ ընտրողները շատ ավելի լավ գիտեն նրանց պատկերացրած  օրինականության չափը: Հանրահայտ է նաև նոր ընտրությունից նրանց սարսափի պատճառը՝ խորհրդարանից վտարվելու հեռանկարում նույնիսկ իրենք իրենց լիարժեք մարդ չեն համարելու: Ավելին, նրանցից շատերը պատասխան են տալու պետությունն ու բյուջեն թալանելու համար և ստիպվելու են վերադարձնել հափշտակածը: Հակառակ պարագայում՝ եթե իսկապես նրանք ստացել են ժողովրդի քվեն, ինչո՞ւ են վախենում վերստին արժանանալ դրան:
 
Դե, հանրության հետ առնչվելը, հատկապես հանրապետականների համար, միշտ էլ տագնապահարույց է եղել ու տհաճ: Տագնապահարույց՝ որովհետև վախենում են լսել «Ինչո՞ւ եք կործանում այս երկիրը» հարցից: Տհաճ՝ զի իրենք «վերին արտի ցորեն» են (իրականում՝ նույն արտի մոլախոտ) և «ներքևում» մնացածների հետ առնչվելը վայել չէ իրենց: Ամենակարևորը՝ բոլորից ավելի լավ իրենք գիտեն, որ ժողովուրդ իրենց ձայն չի տվել՝ գնել են կամ կորզել տոկոսավորած քվեները, ու այսօր չեն հանդուրժում հանրության հետ հաշվի նստելու փաստը: 
 
Նիկոլ Փաշինյանը երկրակործան իշխանությունների շատ խաղաքարտեր խառնեց. ահա թե ինչն է ցավեցնում նախկիններին՝ ժողովրդի հանդեպ տածած արհամարհանքը ատելության փոխելով: Պարզապես չեն կարող հանդուրժել ինքնահարգանքի ատաղձով համաժողովրդական համախմբումը: 
 
Աստված՝ նրանց դատավոր, սակայն հանուրի մտահոգության առարկան այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի որոշումն է: Իհարկե, նա հստակ պատկերացնում է իր ամեն քայլի հետևանքները, լավագույնս ծանոթ է արդեն իսկ քաղաքական դիակ դարձած ուժերի խարդավանքներին: Այդուհանդերձ, ժողովուրդը դեմ է նրա հրաժարականին, որովհետև մտավախություն ունի հարթական դավադրությունից՝ մեծամասնություն կոչվող չարիքի կամոք հերթական անարժանի թագադրումից:
 
* * *
Մեր կարծիքով՝ խորհրդարանը լուծարելու լավագույն տարբերակը հանրաքվեն էր, ինչը ևս մեկ անգամ աթոռակառչ պատգամավորներին կփաստեր, որ իրենք ոչ միայն ընտրյալ չեն, այլ մերժված են հիմնավորապես և ընդմիշտ: Սակայն դա ժամանակատար է: Շատ ավելի գործնական է Ադոնայի Իրավապաշտպան Կազմակերպության հիմնադիր տնօրեն Արտակ Գալստյանի հուշում-հորդորը՝ ֆեյսբուքյան իր էջում.
 
- Պ-ն Վարչապետ, դեմ մի գնացեք ժողովրդին,հրաժարական մի տվեք։ ԱԺ լուծարման սահմանադրական այլ ճանապարհ նույնպես կա։
Այս առումով կասեմ հետևյալը՝ Պ-ն Վարչապետ, Ձեր խոսքերն են, որ ցանկացած որոշում ընդունելու եք ժողովրդի հետ խորհրդակցելով և երբեք նրա կամքին հակառակ չեք գնա։
 
Մենք Զեզ տվել ենք իշխանության, այլ ոչ թե հրաժարական տալու մանդատ։ Դուք հրաժարական տալու իրավունք ուղղակի չունեք:
Վստահ եմ, որ այս խոսքերով կարտահայտեմ հայ ժողովրդի մեծամասնության կարծիքը ։
 
Եթե խնդիրը սահմանադրական ճանապարհով ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է,ապա դրա համար ամենևին պետք չէ,որ հրաժարական տաք։
 
ԿԱ ԱԺ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ,ԱՌԱՆՑ ՁԵՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ։
 
Այսպես. ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
 
1. Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից :
Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն՝ եթե ընտրական ցուցակներում պատգամավորի թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր :
 
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
 
4․․․Ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացու անունը, ազգանունը հանվում են համապետական ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերից, ինչպես նաև տարածքային ընտրական ցուցակից։
 
ՀՀ սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն
 
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
 
Կատարվելիք գործողությունները.
 
Ելք դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները ԿԸՀ են ներկայացնում ինքնաբացարկի դիմումներ և ընտրական ցուցակը մնում է դատարկ։
ԱԺ «Ելք», խմբակցության բոլոր պատգամավորները վայր են դնում իրենց մանդատները։
 
Այսօր 105 պատգամավորից կազմված ԱԺ ում կմնա 96 պատգամավոր և հնարավոր չի լինի լրացնել թափուր տեղերը։
 
Այս դեպքում ակնհայտ է Սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը՝ այն է ԱԺ պատգամավորների թիվը կլինի 10-ից պակաս, և ԱԺ-ն Սահմանադրության ուժով կհամարվի չձևավորված։
 
Այդ դեպքում ՀՀ Նախագահը պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և նշանակել ԱԺ նոր ընտրություններ։»
 
Հավելենք նաև «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար  Արա Պապյանի կարծիքը՝
 
- Նրա հրաժարականից հետո, եթե նախկին իշխանություններն իրենց թեկնածուին առաջադրեն, բախումներ կլինեն և Փաշինյանը չի կարողանա զսպել ժողովրդին։ Իմ կարծիքով նախկին իշխանությունների հավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Կամ կլինի մեկը, ում հավանություն կտա Ռոբերտ Քոչարյանը։