ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ եռաժանին հանգավ ի մեռելոց

Ու ՀԱՎԱՆԱԲԱՐ՝ ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ

Իրականում ապրիլյան համաժողովրդական հաղթանակից հետո խորհրդարանական այս մեծամասնությունն արդեն իսկ չգոյության էր դատապարտված: Ու դա գիտեին բոլորը՝ բացի իրենցից: Իշխանության և փողի ուժով ինքնահռչակ այս ուժերը մինչև երեկ, փատորեն, չեն էլ գիտակցել, թե ինչ ասել է Ձայն բազմաց, որի դեմ անզոր են իրենց թղթադրամային կամ ոսկեսալիկ միլիոններն ու միլիարդները: Եթե գիտակցեին՝ երեկ անճաշակ այդ թատրոնը չէին կազմակերպի՝ արդյունքում բեմադրելով սեփական հոգեհանգիստը:
 
Բոլորը գիտեն, թե տարիներ շարունակ ինչպես են խորհրդարան և գործադիր իշխանություն սպրդել ՀՀԿ-ն ու իրեն կարկատան դարձած ՀՅԴ-ն, իսկ ԲՀԿ-ն, եթե մինչ Երևանի ավագանու ընտրությունն ուներ 7-10 տոկոսանոց ինչ-որ ընտրազանգված, երեկ դա էլ հանձնեց անարգանքի փոսին:
 
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից ու մանավանդ դրա արդյունքները հայտածելուց առաջ էլ ԱԺ արտահերթ ընտրություններին դեմ էին խորհրդարանական ուժերը: Ընդգծենք՝ խորհրդարանական ուժերը, այլ ոչ՝ հանրությունըև նրանց թվում էլ՝ արտախորհրդարանական այն քաղուժերը, որոնք առ այսօր էլ պնդում են, որ արդար ընտրության, չկեղծվող քվեարկության և ընտրակաշառքները բացառելու պարագայում իրենք կկարողանային տեր կանգնել իրենց տրված քվեներին: Եվ ավագանու ընտրություններն ի դերև արեցին ԲՀԿ-ի և նրան փարող ՀՀԿ-ի հուսը, թե մեծամեծ խոստումներով կկարողանան մեծամասնություն կազմել: Իհարկե, նաև համոզվեցին, որ ԱԺ արտահերթն իրենց իսպառ զրկելու է պատգամավորական ճոճաթոռներից ևս: 
 
Խորհրդարանական մեծամասնություն անվանյալ ինքնակոչները, որ տասնամյակներ ի վեր իրենք իրենց մեծարել են «Մեր դեմ խաղ չկա» ամբարտավանությամբ, երեկ վերստին սերտեցին գարնանը ստացած դասը՝ միաբանված հանրությա՛ն դեմ խաղ չկա: Իսկ հանրությանը միաբանողը թեև Նիկոլ Ոաշինյան-անհատն էր, սակայն չպետք է անտեսել ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ եռաժանին, որը կեղեքելով՝ ժողովրդին ցմրուրն ըմպել էր տվել համբերության բաժակը:
 
Երանի հասկանար այս եռաժանին, որ խաբելով ու սպառնալով այլևս իշխանություն չի տեսնի առնվազն 30-40 տարի: Իսկ առանց իշխանության և բյուջեն թալանելու լծակներից զրկված՝ այս բռնուժերը իսկի 30-40 ամիս չեն կարողանա համախումբ լինել:  
 
Երանի հասկանային երեկ ԱԺ շենքից դուրս գալ վախեցող «ազգընտիրները», որ չվախենալու համար հարկավոր էր ընդամենը հայ լինել, ընդամենը՝ փոքր-ինչ բարոյականություն ունենալ: Սա  հասկանալու դեպքում, երևի, իրենց անծանոթ մի զգացողություն էլ կարող է ունենան՝ ամոթի:
 
Որպես ամփոփում երեկ կատարվածի արձագանքների՝ վերընթերցենք ՀՀ քաղաքական գործիչ, 4-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի գրառումը.
 
Կարճ՝ կոնտրհեղափոխության մասին
 
Կոնտրհեղափոպություն անում են այն ուժերը, ովքեր ունեն ժողովրդի զգալի մասի աջակցությունը, թեկուզև՝ հարաբերական փոքրամասնության: Դա հնարավոր է, եթե հասարակությունը երկփեղկված է: Իսկ Հայաստանում այդպիսի վիճակ չկա: 
Հայաստանում կա 90 տոկոս, որը Փաշինյանի թիկունքում, և ամենաշատը 10 տոկոս, որը կարող է կոնտրհեղափոխության հույսեր փայփայել: Ուժերի նման հարաբերակցության դեպքում կոնտրհեղափոխականնները կարող են միայն հեղաշրջում անել. պատմությունն ու քաղաքագիտությունը նրանց այլ տարբերակ չի թողել: 
 
Բայց դա էլ դեպի ինքնասպանություն (այն էլ բառիս ֆիզիկական, և ոչ միայն քաղաքական իմաստով) ամենակարճ ճանապարհն է: Նման փորձից հետո այդ խմբին ոչինչ չի մնա, քան մերումանուկ բոխչաները հավաքելն ու Հայաստանից ճողոպրելը՝ հրաժեշտ տալով ունեցվածքին: Այսքան բացատրեցին, չհասկացան. Հայաստանում այս պահին չկան քաղաքական ուժեր որպես քաղաքական գործընթացի սուբյեկտներ: Կա երկու սուբյեկտ՝ ժողովուրդ և Նիկոլ Փաշինյան:
 
Ու սա իրենց մեղքը չէ, որ նրանք չկան: Մնացածը քաղաքական կյանքում որպես մասսովկա կան, եթե այդ երկուսը դա ցանկանում են: Իսկ եթե չեն ցանկանում՝ մսաղացի մեջ են: Երեկվա դեպքերը կրկին դրա ապացույցն էին: Հազար անգամ հիշեցրեցինք՝ հեղափոխության «Մերժիր» մսաղացի թափանիվը դեռ պտտվում ու պտտվելու է: Այն երբեք չի կանգնել, ուղղակի նրա պտույտները տեսանելի չեն եղել: Մի հատ էլ լուրջ դեմքով ԱԺ-ում հավաքվել են՝ թե բա մենք բան ենք որոշում…. Չէ հա՜: 
Հեղափոխություններն անշրջելի են, տղերք ջան, դրանք ոչ գծային դինամիկա ունեն, ետ տալ հնարավոր չէ: Ավելի լավ է՝ դըբա տներով, քանի ձեր մղձավանջը կատարյալ չի դարձել: