Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝ Ադրբեջանը պետք է սկսի երկխոսել Լեռնային Ղարաբաղի հետ

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ ԿԱԶՄԵԼԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՆՇԱՆԱԿԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԲՆԱՋՆՋՈՒՄ»

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ՀՀ վարչապետը վերահաստատել և հիմնավորել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհետաձգելիությունը:
 
- Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան և կդառնան Հայաստանում անշրջելի իրականություն, որը կհանգեցնի ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների և հակակշիռների գործուն համակարգի կայացմանը: Մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, խոսքի, խղճի և հավաքների ազատությունն ապահովելը մեր օրակարգի առանցքային կետերից մեկն է: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու և քաղաքացիների վստահությունը չարաշահելու ու խարխլելու հնարավորություն չի լինի:
 
Նա նաև հանուրի ուշադրությունն է բևեռել սիրիահայերին սպառնացող վտանգներին՝ փաստելով.
 
- Մենք իսկապես համաշխարհային ազգ ենք, հարյուրավոր աշխարհասփյուռ համայնքներով հանդերձ: Այստեղից էլ բխում է Հայաստանի մտահոգությունը համամոլորակային սպառնալիքների առնչությամբ, որոնք կարող են վտանգի ենթարկել մեր հայրենակիցներին աշխարհի տարբեր անկյուններում: Սիրիական ճգնաժամի պատճառով այսօր վտանգված է մեծաթիվ սիրիահայ համայնքի գոյությունն ընդհանրապես: Հայաստանը փորձում է սատարել ճգնաժամային տարածաշրջաններին մարդասիրական օգնության միջոցով: Մենք պատրաստ ենք ընդարձակել Հայաստանի մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի մեր համայնքի հրատապ կարիքների բավարարմանը: Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ազգ, հայերն առավել զգայուն են իրենց մերձավորների անվտանգության հարցում և պատրաստ են ամեն ինչ անել նրանց պաշտպանելու համար:
 
Վերստին ընդգծելով, որ բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը, Ն. Փաշինյանը հերթական անգամ բարձրաձայնել է՝
 
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է գերակշռել մեր արտաքին քաղաքական օրակարգում: Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար: Հայաստանը կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, որին էլ տրված է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատը: Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, պետք է լիովին հրաժարվի ցանկացած ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը:
 
Ավելին, եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի՝ Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն:
 
Ամփոփելով՝ թույլ տվեք վերահաստատել. հակամարտությունը կարող է և պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով՝ խաղաղության և ոչ թե պատերազմի մթնոլորտում: