ԻՍԿԱՊԵ՞Ս ԱԿՏԻՎԱՑԵԼ Է ԷՔՍ-ՆԱԽԱԳԱՀԸ
«Լսե՞լ եք, ասում են» շարքից
Ընտրություններում ՕՐՕ, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքների պարտությունից հետո թվում էր, թե փակվեց նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի էջը: Սակայն ՀԱԿ-ի ղեկավարը ընտրություններից հետո չլռեց: Գնահատական տվեց հետընտրական տրամադրություններին: Ռոբերտ Քոչարյանից ծպտուն անգամ չլսվեց: Բայց այսօր տեղեկություններ հրապարակվեցին Ռոբերտ Քոչարյանի ակտիվության մասին:
Ըստ հրապարակումների՝ Քոչարյանը շփումներ է սկսել «Ծառուկյան» դաշինքի, իր նախկին ենթակաների՝ Արմեն Գևորգյանի և նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի հետ:
Թե որքանով են հավաստի այս տեղեկությունները՝ դժվար է հերքել կամ հաստատել, կասկածել կամ հավատալ: Բայց նաև՝ առանց կրակ ծուխ չի լինում: Նման շշուկներ տարածողներն, անշուշտ ինչ-որ նպատակ հետապնդում են: Ավելի կոնկրե՞տ...
Առնվազն երկու ենթադրություն կարող ենք անել: Առաջին՝ փորձում են ճշտել հանրային կարծիքը, արձագանքը: Երկրորդ՝ հիշեցնել երիտասարդ թոշակառու դառնալ չցանկացող էքս-նախագահի գոյությունը:
Եթե այս ենթադրությունները տեղեկություն շրջանառողները հավաստի չհամարեն՝ ավելի իրազեկված լինելով և ստույգ տեղեկատվությանը տիրապետելով, ապա մեզ մնում է հետևել ԱԺ-ում բազկաթոռներ շահած քաղաքական ուժերի գործունեությանը: Նրանցից ո՞րի բերանով նախկին նախագահը կհնչեցնի իր ասելիքը, կոնկրետ ինչի՞ մասին կխոսի, ծրագրային ի՞նչ խնդիրներ առաջ կքաշի: Հանրությանն էլ, անշուշտ, կհետաքրքրի, թե հեռվից, դիտորդի կարգավիճակով ինչպե՞ս է գնահատում մեր ընթացքը՝ 9 տարի առաջ երկրի ղեկից հեռացած նախկին թիվ 1 պաշտոնյան. ի՞նչն է մտահոգում նրան ու նաև իր թույլ տված սխալներից ո՞րն առաջնահերթորեն կուղղեր՝ վերստին լծակներ ունենալիս:
Այնպես որ՝ Ռոբերտ Քոչարյանի հավանական ակտիվությունից ո՛չ պետք է սարսափել, ո՛չ էլ ծնծղաներով ողջունել: Նախկին նախագահների ակտիվությունը թերևս քաղաքական օրինաչափ գործընթաց է: