Դոմինոյի էֆեկտ՝ Արցախում

Եթե առաջնագիծն ամուր է, ամուր է նաև թիկունքը

Ապրիլի 15-ին Արցախի հանրապետության  պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ, հրավիրվել է ռազմական խորհրդի նիստ, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու տարբեր ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:

 

Նիստն ուշագրավ է հատկապես այնքանով, որ  Արցախի պաշտպանության նախարարը  իր ենթականերից  պահանջել է ամենօրյա խնդիրների կատարմանը զուգահեռ ներկայացնել իրենց հստակ տեսլականները՝ յուրաքանչյուրնիրբնագավառիմասին:  Սա պատահական հայտարարություն չէ. Ավելին, նախկինում  ոլորտների զարգացման տեսլականի պահանջ պաշտպանության նախարարը հրապարակավ չի հնչեցրել:

Իսկ տեսլական ներկայացնել նշանակում է նախ առարկայական պատկերացումներից բխող օրախնդիր անհրաժեշտությունները շարադրել. այդ թվում և ամենից առաջ թերությունները մատնանշել՝ դրանք վերացնելու ուղիների հետ մեկտեղ:

Լևոն Մնացականյանի հայտարարությունը ողջունելի  է, քանի որ  ապրիլյան պատերազմի,  ապա անորակ դիզվառելիքի մասին ՀՀ և Արցախի վարչապետերի հայտարարություններից հետո բանակի հանդեպ  առավել մեծացավ ուշադրությունը:: Հանրային դժգոհությունը, մի շարք հարցերի վերհանումը երկու պետությունների ղեկավարությանը ստիպեցին ոլորտի հանդեպ ավելի հոգատար ու պահանջկոտ լինել:

Ապրիլյան պատերազմից անցել է մեկ տարի: Ուրեմն, ինչո ՞վ է պայմանավորված Արցախի անվտանգության  պատասխանուտի՝ տեսլականի պահանջը: «Արմատները», կարծում ենք, պետք է  փնտրել Հայաստանի քաղաքական գործընթացներում:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո գործադիրի ղեկավարը  բյուջեի ամեն լումայի, իր խոսքով՝ «ջեբի լոբիների»   համար հաշիվ պահանջել: Բնականաբար, սա Արցախի վրա չէր կարող չանդրադառնալ:  Վերջին հաշվով՝ Հայաստանը նաև ֆինանսապես է  աջակցում Արցախին՝ միջպետական վարկ տրամադրելով: Այնպես որ, ՀՀ տնտեսական կյանքում սկսված փոփոխությունները ու մանավանդ՝ հետևողականությունը  դոմինոյի էֆեկտով կանդրադառնա հայկական երկրորդ պետության՝ Արցախի վրա ևս՝ նպաստելով նրա զարգացմանն ու առաջընթացին:

Եթե առաջնագիծն ամուր է, ամուր է նաև թիկունքը: Եթե առաջնագծի ապահովությունը նաև հայաստանաբնակների հոգու պարտքն է, տնտեսության զարգացման մտահոգությունը նույնպես ընդհանուր է: