Այս արտահերթը վճռորոշ է լինելու
ԸՍՏ ՄԵՐ ԿԱՏԱՐԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԿՏՈՆԵՆ 5 ՈՒԺԵՐ
Ինչ վերաբերում է կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, ապա արդեն իսկ ակնհայտ է, որ երևանաբնակները վերջապես իրական ԸՆՏՐՈւԹՅՈւՆ են կատարելու. այդ թեմայով բոլոր զրույցներում ընդգծվում էր այն գիտակցումը, որ այս արտահերթը վճռորոշ է լինելու՝ ԱԺ արտահերթի համար:
Հետաքրքիր է, որ մարդիկ նախընտրական ծրագրերին էլ առանձնապես չեն ապավինում՝ սեփական դառը փորձից՝ այդ ծրագրերը միշտ էլ խոստումնառատ են ու գայթակղիչ, սակայն դրանք ընդամենը սին խոստումներ են: Ըստ մեր կատարած հարցումների՝ սեպտեմբերի 23-ին հաղթանակ կտոնեն «Իմ քայլը» և «Լույս» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն» կուսակցությունները: Բնականաբար՝ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդությամբ: Որքան էլ Դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի էկրանավորած կերպարները տարակուսելի են դարձնում նրա անձը, այդուհանդերձ, նրա գլխավորած Դաշինքը ամենաշատ ձայները կստանա, զի դրա երաշխավորը ՀՀ վարչապետն է:
Ի դեպ, քարոզարշավին մասնակից երկու ուժերի ընտրողները համարում են նախորդ իշխանության դրածոներ:
Երևանի ավագանու կամ, ինչպես կարծում են շատերը՝ քաղաքապետի առաջիկա ընտրությունն իր նոր ուրագծումներով կամրագրի որոշակի հստակություն քաղաքական դաշտում՝ նախկին «խաղացողների» մի մասին զրկելով «անփոխարինելի, մշտամնա» տիտղոսներից: Իրականում նրանք արդեն իսկ կորցրել են այդ ամենը, իսկ հեղինակության ցուցիչը մինչ այս էլ զրոյից ցածր է եղել: Ավագանու ընտրություններին Հանրապետականի չմասնակցելը հուշում է՝ որ կուսակցությունում որոշում կայացնողները լավ գիտեն, որ առանց ընտրակեղծիքներին, առանց քվեանկարչության իրեն տրվելիք ձայները 1-2 տոկոսի հազիվ հասնի:
Որքան էլ նախկինները վերադարձի հույսեր փայփայեն՝ ցուցանելով նոր իշխանության թերությունները, միևնույն է, օրինական ճանապարհով, ասել է թե՝ ժողովրդի ցանկությամբ, նրանց վերադարձը բացառվում է: Համենայն դեպս՝ նույնանուն քաղաքական ուժ(եր)ին ու այդ ուժի մեջ վճռական ձայն ունեցող անձանց հանրությունն այլևս տեսնել չի ուզում բարձրագույն իշխանության մեջ: Եվ ընդհանրապես, մեր իրականության մեջ դեռևս ոչ մի քաղաքական ուժի վերադարձի ճանապարհին կանաչ լույս չի վառվել:
Այդ առումով մեր փորձն այնքան էլ հարուստ չէ՝ իշխանավարած քաղաքական ուժերի քանակի իմաստով. հարուստ չէ, բայց հիմնավոր է: Մեկեն չքավոր ու գործազուրկ դարձած բազմահազար հայաստանաբնակներ առ այսօր երանությամբ և կարոտով են հիշում կոմունիստական տարիները, սակայն 1988-ին մերժելով խորհրդային կարգերը, այլևս երբեք քվե չտվեցին կոմունիստներին: Կամ, համաժողովրդական սիրո ալիքով իշխանության եկած Հայոց Համազգային Շարժման առաջնորդի հրաժարականից հետո, որպես «մեր տղաներ» մեծարվող ՀՀՇ-ականները կարողացա՞ն նորից իշխանություն վերադառնալ, նույնիսկ կուսակցության անունը փոխելուց հետո:
Պատճառ մեկն է ու միակը՝ հիասթափությունը, իշխանական ճոճաթոռներին բազմելուց հետո՝ ժողովրդին անտեսել-արհամարհելը: ՀՀԿ-ն, երևում է, այս դասը չի սերտել ու դեռ գործող իշխանության սխալներն է դատափետում՝ վերադարձի հույսեր փայփայելով ու մոռանալով հայտնի ասույթը՝ «Իմ վրայի բծերը ցույց տալուց առաջ մատդ լվա»:
Այո, իշխանափոխութ յամբ հայաստանաբնակները չեն հայտնվել անհոգ դրախտում: Սակայն մարդկանց հավատն է ամրապնդվել, որ թալանը կասեցված է, որ իրենք անտեսված չեն, որ իրենց քվեն գնող և իրենց 5-10 հազար դրամանոց արհամարհյալներ դարձնողներ չեն լինելու:
Այս առումով դիպուկ էր Նիկոլ Փաշինյանի մի հայտարարությունը՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկին.
- Երևանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ:
Ու էսօր գիտե՞ք ինչ է տեղի ունենում, էսօր նրանք գնացել են, խորհրդարանում բանակցում են Հանրապետականի հետ, քուչեքում են բանակցում, տարբեր ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ, թե բա տղերք, կլինի՞ դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ, որ հաղթենք Երևանի քաղաքապետի ընտրություններում. ընենց կանենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չունենան, խորհրդարանը չլուծարվի, որ դուք մի քանի տարով էլ պատգամավորի մանդատ ունենաք:
…Տղերք և աղջիկներ, եթե ձեր հույսը ՀՀԿ-ի զորացրված ընտրակեղծարարների վրա է, դուք ընդհանրապես ինչի՞ համար եք մասնակցում ընտրություններին: Հրապարակներից հարցազրույցներում իմ անունն են տալիս, հեղափոխության անունն են տալիս, հետո թաքուն հավաքվում ու ասում են՝ եկեք հեղափոխությանը քցենք: Չի ստացվի, ձեզ ջախջախիչ պարտություն է սպասվում, որովհետև ժողովուրդն է ձեզ մատնելու ջախջախիչ պարտության: