«Օտխոդներից» շահում ենք ու կորցնում
Փոխզիջումը գտան, իսկ ո՞ ւմ օգտին
Հայաստանի ներկայացուցիչը ստանձնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Խոսքը Յուրի Խաչատուրովի մասին է, ով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր: 2016 -ի հոկտեմբերին ազատվելով այդ պաշտոնից` նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար: Ընդամենը կես տարի անց Խաչատուրովը նշանակվեց ռազմական այդ կառույցի ղեկավար:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահության հերթն այդ կառույցում ավելի վաղ պետք է լիներ, բայց, ըստ տեղեկությունների՝ հայաֆոբիայով տառապող Ադրբեջանն ամեն ինչ անում էր՝ Հայաստանի մուտքը խոչընդոտելու համար:
Բացի այդ, որքան էլ արտաքուստ Հայաստանն ինքնուրույն պետք է կայացներ այդ որոշումը, իրականում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը պետք էնաևռուսների սրտով լիներ: Մինչ Խաչատուրովն՝ավելի լավ կադրերի անուններ էին շրջանառվում: Դե լավն ու վատը, իհարկե, համեմատության մեջ է հասկանալի: Մասնավորապես, Պաշտպանության նախկին նախարարներ Վաղարշակ Հարությունյանի, Սեյրան Օհանյանի անուններն էին հոլովվում: Սակայն կարծես թե ռուսները նրանց համաձայն չէին: ԹեևՍեյրան Օհանյանը, ըստ լուրերի աչք չի ունեցել այդ պաշտոնի վրա:
Ինչևէ, Հայաստանն ու Ռուսաստանը փոխզիջումային տարբերակ գտան՝ հանձին Խաչատուրովի: Պատահակա՞ն է նրա նշանակումը. կարծում ենք՝ ոչ: Ըստ տեղեկությունների, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը ռուսական մեծ կապեր ունի, որոնց պատճառով անգամ ասում են Սեյրան Օհանյանը չէր կարողանում «ձգել»Խաչատուրովի կապերը:
Ի՞նչ կորցրեց Հայաստանը Խաչատուրովի՝ ՀԱՊԿ քարտուղար նշանակվելով: Կորցրեց և շահեց որոշակի բան: Մեր իշխանությունը, փաստորեն, բարեկիրթ է այնքան, որ պիտանիության գործակիցը կորցրած, բայց համակարգին «բարեխղճորեն» ծառայածներին դեն չի նետում անպետք իրի նման: Տեղավորում է միջազգային կառույցներում աշխատանքի՝ երկրից հեռու: Հասկանալի է, նման կադրերին պետք է հեռու պահել՝ ժողովրդի աչքում իշխանությանը կրկին չվարկաբեկելու համար: Իսկ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի գործունեության մեջ այդպիսի դրվագներ քիչ չեն:
Արդյո՞ք առաջին անգամ է, որ ականատես ենք լինում նման քաղաքակիրթ «արտաքսումների»: Իհարկե՝ ոչ: Հիշենք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղին: Վարչապետի պաշտոնով տնտեսությունը ողբալի վիճակին հասցնելուց հետո, նա գործուղվեց ԱՄՆ՝ ՀՀ դեսպան, ապա վերազգային կառույցում՝ ԵՏՄ՝ ԵՏ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ: Տիգրան Սարգսյանն էլ Յուրի Խաչատուրովի նման կարծես չընկալվեց «յուրային»: Դե, ո՞ր մի պաշտոնյան արտագաղթելու կոչ անելուց հետո կսիրվի հանրության կողմից: Այնպես որ, այս տեսանկյունից կարծես շահողի կարգավիճակում ենք:
Իսկ ի՞նչ կորցրինք: Քանի դեռ նման կենսագրություն ունեցող, մեր երկրի համար սիրտը չցավող կադրեր են նշանակվում երկրիս համար կարևոր հարթակներում, նրանցից լուրջ առաքելություն, հայկական գործոնի ակտիվացում չենք կարող ակնկալել: Այդ պատճառով ժամանակն է, որ արտաքին ճակատին ևս պատշաճ ուշադրություն դարձվի: Այնտեղ «օտխոդների»փոխարեն անհատներ պետք է նշանակվեն, ովքեր ի զորու կլինեն անձնվիրաբար ներկայացնելու և պաշտպանելու հայրենիքի շահը: