Մոսկվայի թիրախը Փաշինյանի բարձր վարկանիշն է. ռուսները շարունակում են միջամտել Մարտի 1-ի գործին

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ. 1in.am

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է՝ հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: «2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրվող Հարությունյանի նկատմամբ հարուցված գործն ուսումնասիրելուց որոշում է կայացվել Ռուսաստանի տարածքում հետախուզումը չեղարկել»,- ասել է գործակալության աղբյուրը:
 
Գործակալության աղբյուրը նաև հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու և Հայաստանին փոխանցելու մասին դիմումը ՌԴ-ում ստացել են որոշ ժամանակ առաջ ոչ թե Հայաստանի գլխավոր դատախազությունից, այլ միջազգային հետախուզման գծով: Նրա խոսքով՝ Հարությունյանին ձերբակալելու թույլտվության մեջ նշված է նաև Ռուսաստանի մայրաքաղաքում նրա տան հասցեն:
 
Այս պատմության մեջ ուշագրավ է այն հանգամանքը, որ ռուսական կողմը Հարությունյանի մասին տեղեկատվությունը տարածում է ոչ թե պաշտոնապես, այլ Կրեմլին մոտ կանգնած գործակալության միջոցով։ Ի դեպ, «Ինտերֆաքս»-ի այսօրվա լուրը կարծես թե բացահայտում է ռուսական նման մարտավարության բուն պատճառը։ Մոսկվայում ակնհայտորեն վիրավորված են, որ Միքայել Հարությունյանի հարցով իրենք դիմում են ստացել ոչ թե Հայաստանի պատկան մարմիններից, այլ միջնորդավորված, միջազգային հետախուզման խողովակներով։
 
Հիմա էլ Մոսկվան Երևանին ուղերձներ է փոխանակում ոչ թե պաշտոնական խողովակներով, այլ պաշտոնական աղբյուրներից սնվող լրատվական աղբյուրների միջոցով։ Ի դեպ, ռուսական գործակալության տարածած տեղեկատվությունից հետո պարզվեց, որ Հայաստանի ոստիկանությունը ՌԴ-ի կողմից պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը չեղարկելու վերաբերյալ գրություն է ստացել:
 
Սրանով հանդերձ՝ Մոսկվան ակներև հասկացնում է, որ դեմ է Մարտի 1-ի գործի բացահայտմանը։ Ռուսական մոտիվները տարբեր կարող են լինել։ Ակնհայտ է, որ ոճրագործությունն ունեցել է ռուսական հետք՝ հատկապես, որ 2008-ին Ռոբերտ Քոչարյանը վճռական գրոհ ձեռնարկեց Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո, ու կասկածից վեր է, որ նա Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի «հանգուցալուծման» կոնկրետ տարբերակներ է քննարկել Վլադիմիր Պուտինի հետ։
 
Շատ հնարավոր է, որ Մոսկվային ոչ այնքան հուզում է Մարտի 1-ի բացահայտման հեռանկարը, որն իր հետևանքներով, այնուամենայնիվ, ներհայաստանյան իրադարձություն է, այլ այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր անազատությունը կարող է բանալի հանդիսանալ մեկ այլ հանցագործության՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար, որտեղ ռուսական հետքն արդեն ակնհայտ է, ինչի մասին առկա է նաև ռուսաստանցի հետախույզ Ալեքսանդր Լիտվինենկոյի հայտնի խոստովանությունը։
 
Մյուս կողմից՝ Մոսկվային անհանգստացնում է այն հանգամանքը, որ նախկինում կատարված համակարգաստեղծ հանցագործությունների բացահայտման հայկական նախադեպը կարող է վարակիչ լինել Ռուսաստանի ու ԵՏՄ անդամ այլ պետությունների հասարակությունների համար՝ հարվածելով եվրասիական ավտորիտար «կայունության» ինստիտուցիոնալ հիմքերին։
 
Իհարկե, շատ հնարավոր է՝ Մոսկվան լուծում է այլ խնդիր, որը չի հանգում Ռոբերտ Քոչարյանի մեխանիկական աջակցությանը, կամ ռուսական միջամտությունը գուցե ուղղակի առնչություն չունի Մարտի 1-ի գործի հետ։ Ռուսաստանը, ինչպես գիտենք, սովոր չէ աշխատել լեգիտիմություն և հասարակական վտահության ռեսուրս ունեցող իշխանությունների հետ։ Հնարավոր է, որ նրանք տոտալ ճնշումների միջոցով փորձում են հասնել Նիկոլ Փաշինյանի ժողովրդական աջակցության չեղարկմանը։ Եթե տեսականորեն ընդունենք, որ Հայաստանի իշխանությունը ստիպված է լինելու բավարարել ռուսական կողմի ցանկությունը՝ վաղեմության հիմքով թաղելու հին գործերը, ապա շատ արագ զրկվելու է փողոցի աջակցությունից, ըստ այդմ՝ լրիվ կառավարելի դառնալով Մոսկվայի կողմից։ Գուցե սա է Մոսկվայի բուն նպատակը։
 
Իհարկե, ռուսական այս հնարավոր հաշվարկն իր մեջ պարունակում է նաև ռիսկեր, որովհետև եթե Փաշինյանի կառավարությունը չտրվի ճնշումներին, ապա Մոսկվան Հայաստանի ժողովրդի ճնշող մեծամասնության մոտ վերջնականապես կկորցնի վստահելի գործընկերոջ կարգավիճակը։