«Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանյան լայն հանրության համոզմամբ, ինչպես նաև ըստ ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 13011 զեկույցի հիման վրա 2012 թվականին ընդունված 1900 բանաձևի չափանիշների, Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է:

 

Այդ փաստը հաստատել է նաև Հանրապետության վարչապետը:

Հատկապես այսօր՝ հետհեղափոխական Հայաստանում, քաղբանտարկյալ Շ. Հարությունյանին անհապաղ ազատ արձակելու և նրան արդարացնելու հարցը չի կարող պայմանավորվել միայն համապատասխան ներպետական իրավական ընթացակարգերի սահմանափակությամբ և փորձել այդ հարցը լուծել ընդամենը նախկին բռնապետական ռեժիմի օրենքների կարգավորումներով: Անկախ ամեն ինչից, պետք է չմոռանալ, որ նա բանտարկվել է հենց այդ օրենքներով և այդ ռեժիմի դատարանով:

Նման մոտեցումը ոչ այլ ինչ է, եթե ոչ խուսափում արդարության վերականգնումից:

Հատկապես հեղափոխական շրջանում, ի թիվս այլ բազմաթիվ հանգամանքների, դատապարտված անձը ազատություն կարող է ստանալ նաև արտակարգ հանգամանքներում: Որևէ անձ չի կարող ժխտել, որ թավշյա հեղափոխությունն իր պատմական նշանակությամբ արտակարգ հանգամանք էր Հայաստանի պետականության համար:

Հետևաբար իրավապահ համակարգը, մասնավորապես` ՀՀ Գլխավոր Դատախազությունը և Արդարադատության նախարարությունը, լիովին ազատ են արտակարգ հանգամանքի բերմամբ առաջնորդվելու միջազգային իրավունքի գերակայությամբ և դրան համահունչ մասով ու մեկնաբանությամբ կիրառելու ՀՀ օրենսդրության գործիքարանը և արդարացի լուծումներ տալու քաղբանտարկյալների ազատության հարցերին:

Վերը նշվածի հաշվառմամբ` պատասխանատու բոլոր կառույցներին կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռնարկել` ապահովելու քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ազատ արձակումն ու նրա նկատմամբ կայացված ակնհայտ ապօրինի դատական ակտի վերանայումը:
 

Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարություն