«Կարող եմ դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն»

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ armeniasputnik.am-ԻՆ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատասխանել է ներքին և արտաքին քաղաքականության, Հայաստանում տիրող իրավիճակի, իր դեմ հարուցված քրեական գործի մասին հանրությանը հետաքրքրող հարցերին։
 
ՀՀ երկրորդ նախագահի հետ զրուցել է Հովհաննես Շողիկյանը։
 
- Դուք հայտարարել եք քաղաքականություն վերադառնալու մասին՝ պայմանավորելով այլընտրանքային տեսակետի (դիրքորոշման) անհրաժեշտությամբ: Ո՞ւմ եք համարում այլընտրանքային դիրքորոշման կրող, և ո՞վ է ձեր քաղաքական հենարանը՝ հաշվի առնելով ներկա իրողություններն ու հասարակության տրամադրվածությունը:
 
- Նրանք, ովքեր չեն կիսում այն ամենը, ինչ անում է այսօրվա իշխանությունը։ Եվ եթե խոսում ենք հենարանի մասին, ապա առաջին հերթին իբրև հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում են այդ տարիների հաջողությունները, հատկապես՝ տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտում։
Գիտեք՝ երկիրն էապես փոխվել էր 10 տարվա ընթացքում` 1998-2008թթ.-ին։ Տվյալ դեպքում ես միգուցե ավելի շատ կանգ առնեմ այդ հենարանի վրա։ Այսպես ասենք՝ ես այն մարդկանցից չեմ, որոնք կարողանում են հաճոյախոսել ժողովրդի առջև, և ես չեմ կարծում, որ դա է երկիրն առաջ շարժելու տարբերակը։ Բայց ես այն մարդն եմ, որը գիտի, թե ինչ է անում, որը կարողանում է կառավարել, կարողանում է նպատակ դնել երկրի, կառավարության, այլ պետական մարմինների առջև և հասնել հաջողությունների։
 
Պետք է հասկանանք, թե ինչ է անհրաժեշտ մեր ժողովրդին կամ ժողովրդի տարբեր հատվածներին` պոպուլիզմ, հուզումներ, մարդիկ, որոնք շատ զգացմունքային ճառեր կարող են ունենալ, կարող են ասել`ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ և այլն, թե մարդիկ, որոնք, իրենց տեսակից ելնելով, այդքանը չեն կարողանում անել, բայց կարողանում են ստեղծել տարեկան 30-40 հազար աշխատատեղ, կարողանում են ներդրումներ բերել Հայաստան, կարողանում են կայունություն ապահովել Հայաստանում և, իհարկե, անվտանգության հարցերը լուծում են պրոֆեսիոնալ ձևով, հիմնովին և երկարատև։
 
Ուրեմն իմ հենարանն այն մարդիկ են, որոնց պետք են շատ կոնկրետ հաջողություններ Հայաստանի Հանրապետությունում, որ իրենց կյանքը և կյանքի որակը բարելավվի էապես, իսկ սա ավելի խորը հասկացություն է, քան զուտ աշխատավարձը և այլն։
 
- Դիտարկո՞ւմ եք ձեր մասնակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ի՞նչ ձևաչափով։
 
- Եթե ես հայտարարել եմ, որ վերադարձել եմ քաղաքականություն, ապա բնականաբար պետք է ենթադրել, որ մասնակցելու եմ այդ ընտրություններին։ Դեռևս վաղ է խոսել ձևաչափի մասին։ Դեռ երկար ժամանակ կա, և բավական դինամիկ փոփոխվում և փոփոխվելու է իրավիճակը։ Ես կցանկանայի հիմա բաց թողնել հնարավոր ձևաչափերի հարցը։ Չեմ կարծում, որ ճիշտ է դրա մասին խոսելը, հիմա պետք է կազմակերպչական քայլերով ձևավորել այն միավորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց ուղղված է լինելու քո գործունեությունը և ընտրողների այն զանգվածը, որոնց մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո ապագա հենարանը։ Սա է այս պահի հիմնական խնդիրը կոնկրետ ինձ և այն թիմի համար, որ ձևավորվում է իմ շուրջը։
 
Երբ գնում ես բժշկի, դու փնտրում ես ոչ թե սրտացավ, այլ լավ բժիշկ, բժիշկ, որը բուժում է քեզ և ոչ թե իր սրտացավությունն է ցույց տալիս։ Փաստաբան ես վարձում, դու ընտրում ես լավ փաստաբան և ոչ թե սրտացավ։ Բայց երբ խոսում եք քաղաքական գործիչների մասին, մեր ժողովուրդը սիրում է այն գործիչներին, որոնք իրենց սրտացավ լինելն են ցույց տալիս, իրենց հաճոյախոսելը, խոստումներ տալը և ոչ թե նրանց, ովքեր իրենց գործով արդեն ցույց են տվել, որ ընդունակ են սայլը տեղից շարժել և լուրջ հաջողություն արձանագրել։ Տվյալ դեպքում, երբ խոսում ենք ընտրազանգվածի մասին, ես ավելի շատ մտածում եմ այն զանգվածի մասին, որը գնահատում է կոնկրետ աշխատանքը, որն ուզում է իր կյանքի որակը փոխել, որին պետք է մի ղեկավար անձ կամ կուսակցություն, որը շատ կոնկրետ քայլերով կարող է հաջողություն գրանցել։ Սա է լինելու իմ կարգախոսը։ Սա իմ ուժեղ կողմն է, և կփորձենք հիմնական շեշտը դնել հենց այս հանգամանքի վրա։
 
- Դիտարկո՞ւմ եք գործող իշխանությունների ընդդիմադիր քաղաքական ուժերն ու խմբերը ձեր շուրջը միավորելու հնարավորությունը: Որքանո՞վ է հնարավոր, որ կոնկրետ «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն աջակցեն Ձեզ քաղաքական պայքարում։
 
- Դիտարկում եմ, որ կարող եմ դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը և ակնկալում եմ, որ այդպես է լինելու։ Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների դիրքորոշումներին, ապա հարցրեք այդ կուսակցություններին։ Կարծում եմ՝ վիճակն այնպիսի դինամիկ փոփոխություններ է ունենալու, որ ամեն ինչ հնարավոր է։ Բայց կրկնում եմ՝ իրենց փոխարեն ես չեմ կարող այսօր որևէ բան ասել։
 
- Դուք շինծու եք որակում ձեր նկատմամբ հարուցված քրեական գործը։ Այդուհանդերձ, 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները, որոնց հետևանքով ունեցանք 10 զոհ, զանգվածային անկարգություններ, սրանք ձեր պաշտոնավարման ընթացքում են եղել։ Ո՞րն եք համարում մեղքի ձեր բաժինն այս ամենի մեջ։ 
 
- Իմ նկատմամբ հարուցված քրեական գործը 10 զոհի հետ որևէ կապ չունի։ Դա հայտարարեց նաև քննչական մարմնի ղեկավարը։ Իմ քրեական գործը կապված է մի մեղադրանքի հետ, որի մեջ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ իրավական հիմք։ Ցավոք, ես չեմ կարող մանրամասն խոսել քրեական գործի մասին, այն պարզ պատճառով, որ դա համարվում է նախաքննական գաղտնիք, որը տվյալ պահին, իմ կարծիքով, աբսուրդ է։ Եվ մենք բազմիցս դիմել ենք, նաև` հրապարակային, որ հանեն այդ գաղտնիությունը, և թե՛ մենք, թե՛ մեղադրող կողմը հնարավորություն ունենանք բարձրաձայն խոսելու այդ գործի էության մասին։ Չկա այդտեղ քրեական գործ, չկան հիմնավորումներ, այսպես ասենք` իրավաբանական աղբ է, ոչ թե քրեական գործ։
 
- Կարծիք կա, որ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջան չեն ապրում։ Թեպետ, գործող իշխանությունները հավաստիացնում են, որ խոսք չի կարող լինել Երևան-Մոսկվա վատ հարաբերությունների մասին։ Ըստ ձեզ՝ թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչ է փոխվել այդ հարաբերություններում։
 
- Երբ իշխանությունը փորձում է ամեն անգամ շեշտել այդ հարաբերությունների լավ լինելը, նշանակում է, որ խնդիրներ կան։ Նույնիսկ կարիք չպիտի առաջանա դրա մասին այս հաճախականությամբ խոսելու։ Եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ եք անընդհատ փորձում արդարանալ։ Եղան հայտարարություններ ռուսական կողմից, եղան հայտարարություններ Հայաստանից, և ես կարծում եմ, բավարար չափով չի գնահատվում այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը։
 
Այս տարածաշրջանում մեզ բարեկամ երկրների նկատմամբ Արևմուտքի կողմից նոր պատժամիջոցներ են կիրառվում։ Մյուս կողմից, մեզ հակառակորդ երկրները շատ ավելի անկանխատեսելի են դառնում, և այս իրավիճակում կարող է մեծ գայթակղություն լինել, այսպես ասենք`«խաղեր տալու», «թռնելու» նախկինում ձևավորված հարաբերություններից, փորձելու ինչ-որ տեղ նոր հարաբերություններ ձևավորել այլ ռազմական միավորումների, այլ պետությունների հետ։ Ես կարծում եմ, ճիշտ հակառակը՝ նման դեպքերում պետք է շատ ավելի ուշադիր լինես քո գործընկերների, տվյալ դեպքում` Ռուսաստանի, Իրանի նկատմամբ և փորձես ցույց տալ, որ դու այս իրավիճակից չես օգտվում։ 
 
Ես, օրինակ, չեմ հասկացել, թե ինչու Հայաստանն այդ մակարդակով պետք է մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։ Պետք է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, այստեղ երկու կարծիք չկա, բայց այդ մակարդակով մասնակցել այն պարագայում, երբ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները զրոյական մակարդակում են, և միայն ՆԱՏՕ-ի միջանցքներում սելֆիների համար մասնակցել ու դրանով հարցեր առաջացնել մեր գործընկերների մոտ, չեմ կարծում, որ սա հեռատեսական է։
 
Լավ եմ գնահատում այն հանգամանքը, որ սկսեցին վերջապես հասկանալ և փորձեցին շտկել այն սխալները, որոնք արդեն արվել են։ Ի վերջո, այսօրվա իշխանությունները երկար տարիներ հանդես էին գալիս Ռուսաստանի դեմ, հանդես էին գալիս ծրագրերով, որոնք այս տարածաշրջանում Ռուսաստանի շահերի հետ որևէ առնչություն չունեին, և դժվար է պատկերացնել, որ մեկ օրում սա կարելի է փոխել։ Հանդես էին գալիս ռուսական ռազմաբազան այստեղից հանելու, ԵԱՏՄ-ի դեմ և այլ հարցերի, որ բոլորդ գիտեք։ Բայց, կրկնում եմ` լավ է, որ փորձում են այդ ամենը շտկել, թե որքանով կհաջողվի, ժամանակը ցույց կտա։
 
Իսկ թիմում գրեթե չկա մարդ, որն անցյալում չի եղել այլ աշխարհաքաղաքական մոտեցումների կրող։ Բոլորն ավելի շատ արևմտյան, ՆԱՏՕ-ական, գրանտներից օգտված մարդիկ են, այլ սերնդի, ավելի երիտասարդ, միգուցե այլ մոտեցումներ ունեցող, բայց, այնուամենայնիվ, այդ տեսանկյունից ևս կասկածներ առաջացնող։ Եվ այս իշխանությունը պետք է շատ ավելի մեծ ջանքեր գործադրի հայ-ռուսական հարաբերությունները ճիշտ մակարդակի պահելու ուղղությամբ։
Իսկ կա՞ մի երկիր, որն այս տարածաշրջանում անվտանգության տեսանկյունից Ռուսաստանից ավելի մեծ հնարավորություններ ունի։ Չկա։ Սա այն հարցն է, որտեղ միանշանակ կողմնորոշվելու խնդիրը տեսական չէ, այլ շատ պրակտիկ, պրագմատիկ, և ձևավորված հարաբերություններից «թռնելն» ուղղակի վտանգավոր է։ Վստահության կորուստը միջպետական հարաբերություններում շատ թանկ է երկրի համար, և շատ երկար ժամանակ է պահանջվում այդ վստահությունը վերականգնելու համար։ Սա ես ասում եմ որպես մարդ, որն այս ամենի միջով անցել է։
 
 (Հարցազրույցը տպագրվել է մասնակի կրճատումներով)