Որպեսզի ողջ էներգիան «շչակը չկլանի»

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ. «Հայացք Երևանից»

Լճացման շրջանի խորհրդային ժամանակներում մի զվարճապատում կար: Կուսակցական մի գաղափարախոսի հարցնում են. «Ինչո՞ւ հեղափոխության գնացքն այդպես էլ չհասավ մինչև կոմունիզմ»: Սա պատասխանում է. «Որովհետև ամբողջ էներգիան կլանեց շչակը»:

Այս զվարճապատումի իմաստն արդիականանում է նաև այսօրվա Հայաստանում: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգոստոսի 17-ին անցկացված հանրահավաքից հետո, ինչպեսև սպասվում էր, գնահատականների հորդահոս ալիք բարձրացավ հռետորի հնչեցրած թեզիսների և, առհասարակ, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Պետք է ասել, որ գնահատականների ողջամտության աստիճանը` որտեղից էլ դրանք հնչած լինեն, կտրուկ բարձրացել է: Հնարավոր է` դա պայմանավորված էր հենց վարչապետի արտահայտած համարձակ գաղափարների փաստով: Ամեն դեպքում մենք գործ ունենք երկրի հետագա ճակատագրի թեմայով լուրջ բանավեճի կայացման հնարավորության հետ, ինչը ինքնին կարևոր է:

Համենայն դեպս` և´ վարչապետը, և´ երկրի հասարակությունը ցուցաբերում են առասպելներին չտրվելու գայթակղություն` որտեղից էլ դրանք բխեն:

Ո´չ «հակահեղափոխության» սպառնալիքի մասին հոգնեցրած առասպելը, ո´չ էլ կոռուպցիայի ու ստվերային տնտեսության դեմ պայքարում նոր կառավարության թռիչքաձև հաջողությունների մասին առասպելները չեն հուզում մտածող մարդկանց: Նրանց հետաքրքրում է բարեփոխումների ռազմավարության թեման, իսկ ավելի հաճախ` նման ռազմավարության բացակայության թեման:

Դատելով հնչեցվող գնահատականներից, շատերը վարչապետից ելույթ էին ակնկալում հենց այդ թեմայով: Ակնկալում էին, բայց լսեցին, առաջին հերթին, երկրում ուղիղ ժողովրդավարության ինստիտուտի արմատավորման, ինչպես նաև անցումային արդարադատության կիրառման մտադրությունների մասին ոչ այնքան սովոր ռազմավարություն: Շատերն այդ գաղափարները դիտարկում էին որպես մարդու իրավունքների պետական հաստատությունների սպառնալիք: Մյուսները դրանցում պետականակերտման գործում արմատական փոփոխությունների նախանշաններ էին տեսնում: Սակայն կառավարության ուղեգծի գնահատման հարցում որոշակիությունը դրանից չէր ավելանում:

Պետք է ասել, որ «հակահեղափոխության» սպառնալիքի մշտական շրջանառման հենքին երկրում ձևավորվել է ողջամիտ բանավեճերի համար ոչ այնքան նպաստավոր մթնոլորտ: Վարչապետ Փաշինյանի առաջարկությունները կշեռքի նժարներին դնելու, առավել ևս քննադատության ենթարկելու ցանկացած փորձ առաջ է բերում նրա կողմնակիցների հախուռն ժխտողականությունը: Ցանկացած քննադատության ետևում նրանք տեսնում են նախկին վարչակարգի «ականջները» և ոչ ավելին: Դրան օժանդակում են Հայաստանի Հանրապետական կուսակցության հայտնի ջատագովների ակտիվ հայտարարություններն ու գնահատականները, որոնք ստիպված են (ի դեպ, միանգամայն ճշգրիտ և արհեստավարժորեն) ուռճացնել ազատ խոսքի սահմանափակման և մարդու իրավունքների ոտնահարման թեմաները: Այդ գործիչների կերպարների լիակատար արժեզրկման պայմաններում արժեզրկվում են նաև նրանց արտահայտած գնահատականները: Ստեղծվել է «կառավարիչ-ծաղրածու» պատմական գծապատկեր հիշեցնող մի իրավիճակ: Կառավարիչների քննադատությունը դարձնելով ծաղրածուների բացառիկ իրավունքը` առաջինները ցանկացած ազնվականի արգելում էին կառավարչի մեղքերի մասին ասել ճշմարտությունը: Վերջինս պարզապես ռիսկի է դիմում հասարակության մեջ ձեռք բերել ծաղրածուի համարում, եթե մտածեր կառավարչի մասին ասել ճշմարտությունը:

Չհասկացված լինելու վտանգ գոյություն ունի նաև Նոր Հայաստանի մի շարք լավատեղյակ մասնագետների համար:

«Հակահեղափոխության» ուրվականի մշտական թմբկահարումը կարող է դառնալ երկրում առաջադիմական միտումներն արգելակող գործոն: Նոր կառավարությունը կարող է ինդուլգենցիա ստանալ սեփական չհիմնավորվածության և պետական շինարարության ռազմավարություն մշակելու անկարողության համար: Կառավարության գործունեությունը հանգելու է զանգվածային միջոցառումների պարբերական ակցիաների, որոնց համար հեղափոխության ողջ էներգիան հաստատ «շչակն է կլանելու»: Երկրի հանրությունն այդ առնչությամբ մտածելու բան ունի:
 
 

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

http://avangard.am/am/post/8/2449/