Պատժամիջոցների կաթիլային գործողություններ

Միջազգային, ամերիկյան և թուրքական լրահոսներին ու դրանց առընթեր ողողվող մեկնաբանություններին հետևողները կստանան այն տպավորությունը, որ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների վատթարացումը նոր գագաթ է նվաճում:
 
Փոխսպառնական հայտարարությունները պաշտոնական մակարդակներում անցնում են ընդունելիի սահմանները՝  ծխածածկույթ ստեղծելով բուն գործընթացների վրա: Հայտարարություններն ու դրանց ընդառաջ առնված փոխպատժիչ քայլերը համարժեք չեն իրար:
 
Մինչ այժմ, հակառակ թշնամական կարգավիճակների հասնող սպառնալիքներին, գետնի վրա, տնտեսական պատժամիջոցները կաթիլային գործողությունների բնորոշում ունեն։
Այսպես. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հանձնարարել է կրկնապատկել Թուրքիայից ստացվող պողպատի և ալյումինի մաքսատուրքերը՝ դրանք համապատասխանաբար բարձրացնելով 50 և 20 տոկոսի: Ի պատասխան՝ Էրդողանը հայտարարել է ամերիկյան էլեկտրոնիկայի բոյկոտի մասին և բարձրացրել ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը:
 
ԱՄՆ-ից ծխախոտի ներմուծման մաքսատուրքը ավելացվեց 60 առ հարյուրով, ալկոհոլինը՝ 140 առ հարյուրով, մեքենաներինը՝ 120 առ հարյուրով: Ավելացվել են բրնձի, մրգերի և մի  շարք ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերը:
 
Ծխածածկույթը գոյանում է ալյումին ընդդեմ ծխախոտ մաքսատուրքերի կաթիլային գործողություններով, ինչը իր հերթին լիարժեք շահարկվում է այս դեպքում Անկարայի կողմից ոչ միայն Թեհրան-Մոսկվա-Անկարա մերձեցման առանցքը ընդգծելով և դրանից բխած զինվորաքաղաքական ծրագրեր իրականացնելով, այլ նաև դեպի Եվրոպա շրջադարձեր ապահովելու փորձեր կատարելով:
 
Այսպես. Թուրքիայի առևտրի նախարարը իր ֆրանսիացի պաշտոնակցի հետ այս օրերին քննարկում էր ամերիկյան պատժամիջոցներին հակազդելու հարցը. համաձայնություն  է գոյացել՝  օգոստոսի 27-ին հանդիպում ունենալու Փարիզում: Նախարարները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության և ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու հարցերը:
 
Այստեղ, իհարկե, շարժիչ գործոնի դեր ունի նաև Ֆրանսիայի ապրած տնտեսական ճգնաժամը: Միաժամանակ մտածելու տեղիք է տալիս այն, որ Փարիզը ներկա պայմաններում, ի հեճուկս Վաշինգտոնի, Անկարայի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու ինքնուրույն քայլի դիմելու հնարավորությունները կարո՞ղ է ունենալ, եթե Վաշինգտոնը Իրանի, և թեկուզ Մոսկվայի բացարձակությամբ մոտենա Անկարային պատժելու իր քաղաքականության մեջ:
 
Անկարան սակայն լիարժեք օգտագործում է պատժամիջոցների ծխածածկութավորված իրավիճակը՝ Կատարը ներքաշելու համար Թուրքիայում միլիարդավոր դոլարների հասնող ներդրումային ծրագրեր իրականցնելու համար. կամ՝ Վաշինգտոն-Պեկին լարված հարաբերությունների պահի օգտագործումով Չինաստանի ուղղությամբ տնտեսական քաղաքականության թափ տալու հայտարարությամբ:
 
Մեթյու Բրայզայի հայտարարությունը, թե՝ Վաշինգտոնը Անկարան կորցնելով միջին արևելյան տարածաշրջանում կկորցնի իր իսկ ազդեցիկությունը, պաշտոնակա՛ն տեսակետ է, որովհետեւ Բրայզան զբաղեցնում է պետքարտուղարության կարևոր բաժանմունքի ղեկավարի պաշտոնը:
 
Պողպատի և ալյումինի մաքսատուրքերի բարձրացումներով, ըստ էության, Վաշինգտոնը նպաստում է Անկարային՝ թե՛ միջին արևելքում իր դիրքերի պահպանման, թե՛ Եվրոպայի ուղղությամբ շրջադարձային փորձ կատարելու և թե՛ կատարյան ծրագրերը Թուրքիա հրավիրելու, կամ Չինաստանի ուղղությամբ տնտեսական քաղաքականության առաստաղը բարձրացնելու:
 
Որոշակի  ժամանակ հետո, չի բացառվում, որ ֆինանսատնտեսական փորձագիտական բացատրություններ տրվեն, թե ինչպե ՞ս արժեզրկման միևնույն տեմպերով թուրքական լիրան վերարժևորվեց:
 
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր