Հրատապ է դառնում ԱԺ ընտրություները չհետաձգելը

ՈՐ ՊԱՌԱԿՏՈՒՄՆ ՈՒ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԽՈՐԱՆԱՆ

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց հավաքված ակտիվիստները պահանջում են դադարեցնել Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները և այդ նպատակով ստորագրահավաք են նախաձեռնել։
 
Տապալված ասուլիսից հետո նրանք հավաքվել էին Գլխավոր դատախազության դիմաց, որտեղ նրանց վստահեցրին, որ պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը։
 
Այո, դատական համակարգը չհանձնեց պայմանակնություններից կախված չլինելու, անչառ լինելու քննությունը: Փոխարենը ակտիվիստները հաստատեցին քաղաքացիական հասարակության կայացվածությունը: 
 
Քոչարյանի խափանման միջոցը փոխելը ոչ միայն մեր երկրում արդարությունը վերականգնված համարողների զայրույթը շարժեց, այլ նաև հիասթափություն հարուցեց հանրության շրջանում: Եվ մինչև օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքը՝ դեռ նոր կրքեր կբորբոքվեն. ոմանք կսկսեն կասկածել նոր իշխանության (կամ, ինչպես ընդունված է ասել՝ ժամանակավոր կառավարության) խոստացած բարեփոխումների իրականացմանը, ոմանք է՛լ ավելի կչարանան նախորդ իշխանությունների դեմ… Այդ ամենի գլխավոր վտանգը դեպի հանրության նոր պառակտում տանող մթնոլորտն է: Եվ այս առումով շատ կարևոր է, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է առաջակելու՝ հընթացս իր 100-օրյա կառավարման հաշվետվության: Իհարկե, հանրահավաքի միակ և թիվ 1 նպատակը այդ հաշվետվությունը չէ: 
 
Հազիվ թե հեռանկարային լինեն այն կանխատեսումները, որ խափանման միջոցի փոփոխմամբ Ռոբերտ Քոոչարյանն իրեն այնքան անպարտելի կարող է զգալ, որ քաղաքական դաշտ վերադառնալու ծրագրեր կազմի: Այսինքն՝ հավակնի ընդդիմադիրի «տիտղոսին»: Անհավական այս սցենարի պարագայում նա ամենաշատը կարող է ապավինել գործունեություն ծավալել չկարողացող և վաղուց մոռացված մի քանի գրանցյալ քաղաքական և հասարակական միավորների հավաքագրմանը, այն էլ՝ նրանց ֆինանսավորելու պայմանով: Նաև, իհարկե, պաշտոնավարման ընթացքում իր առջև ծռմռված այն ուժերին, որոնց դեմ ինքը զորավոր փաստեր ունի, կամ որոնք մասնակից են եղել պետության տապալման նրա քաղաքականությանը:
 
Ոչ միայն Քոչարյանը, այլև նախկին իշխանություններից ու նրանց արբանյակներից և ոչ մեկը քաղարենա վերադառնալու շանս չունի, զի նրանք ոչ միայն ժողովրդին են հարստահարել ու թալանել, այլև՝ սեփական հեղինակությունը: Իշխանություն վերադառնալու մասին խոսք անգամ լինել չի կարող, ինչպեսև՝ ընդդիմություն դառնալու:
 
Ո՞վ է հավատում այսօր ՀՀԿ-ականների ու նրանց խոսափողների «ընդդիմադիր» կեցվածքին: Իսկ առանց հավատի՝ ի՞նչ ընդդիմություն: Սա այն դեպքն է, երբ չկայացած ու մոռացված կուսակցություն լինելն ավելի շահեկան է, քան «խայտառակվել, զզվեցնել մինչև վերջ» չձևակերպված կարգախոսով իրենց անփառունակ վախճանը «նվաճած» նախկիններինը:
 
Քոչարյանն ու նրան սատարողներն այսօր մեկ փրփուր-կռվան ունեն՝ ԱԺ հանրապետական մեծամասնությունը: Այն, իհարկե, իրենց աստեղային ժամանակների հանգույն չի կարող այլևս սեփական քմահաճույքները որպես օրենք դակել, բայց կարող է խոչընդոտել օգտակար որոշումների ընդունմանը: ՈՒրեմն՝ խորհրդարանական ընտրությունները մինչև գարուն հետաձգելը կարող է բացասաբար ազդել Կառավարության ընթացքի վրա: Հավանաբար այդ ընտրությունները մինչև այս տարվա վերջն անցկացնելը պիտի առաջնահերթվի օգոստոսի 17-ի հանրահավաքում: