Հովիկ Աբրահամյանի սև օրվա զենքերը

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ. MediaLAB

Հովիկ Աբրահամյանի արտադրական «օջախում» ԱԱԾ-ն խոշոր խմբաքանակի զենք-զինամթերք է հայտնաբերել:
 
Մարտի 1-2-ի դեպքերի քննության շրջանակներում: Նախկին վարչապետն այդ օրը, ըստ գործի նյութերի, իր թիկնազորին «գործուղել» է դեպքի վայր, որ մարդ ծեծեն, անկարգություններ հրահրեն:
 
Տարբեր օլիգարխների պահապան «հրեշտակներ» են մասնակցել այդ օրվա գազանություններին: Անպատժելիությունը երաշխավորված էր «լեռների օրենքով»: Այս մարդիկ զենքերը կուտակել են, ինչպես ձմռան պահածո:
 
Պատանքել են՝ ինչպես եգիպտական մեռել: Ու չեն հանձնել:
 
Սև օրվա համար են պահել:
 
Այսինքն՝ հոգու խորքում միշտ կռիվ են ունեցել: Ո՞ւմ հետ: Բնականաբար՝ ժողովրդի: Իշխանությունը թույլ է տվել, որ պետական բանակից զատ էս մարդիկ ունենան իրենց բանակը, իրենց զորանոցները, իրենց զինապահեստները:
Էս մարդիկ պետական ամենաբարձր պաշտոններ են զբաղեցրել, եղել են վարչապետ ու պատգամավոր, բայց այդպես էլ պետության զգացում չեն ունեցել: Ավելին՝ հակառակի զգացումն են ունեցել:
 
Այս մարդիկ մարտի 1-ն ընկալել են որպես տարվա օր՝ կոտորեն, որ փողոցները մաքրվեն: Այսինքն՝ չեն մտածել, որ ոչ թե մարդկանց են սպանում, այլ պետությունն են սպանում: Ամբողջի ընկալում չեն ունեցել: Հրապարակը մի քանի հարյուր քառակուսի մետրանոց տարածք է, չեն մտածել, որ պետության հիվանդության դիմադրողականությունն է կենտրոնացել էդ հրապարակում:
 
Հովիկ Աբրահամյանն ինչո՞ւ է էդ զենքերն այդքան խնամքով պահել:
 
Ինչո՞ւ ԱԺ նախկին նախագահը, նույն ինքը՝ ՀՀ նախկին վարչապետն այդ զենքերը չի հանձնել:
 
Զենքեր, որոնք պետք է սահմանին լինեին: Որովհետև ժանտախտի մկների նման դրանք հարկավոր օրը պետք է դուրս գային իրենց թաքստոցից և գտնեին իրենց բոլոր զոհերին: Միտք չեն ունեցել իրենց գլխում և չեն ենթադրել, որ միտքը կարող է փողոց դուրս գալ:
 
Չէ՞ որ միտքը միշտ անզեն է: Քաղաքակիրթ երկրում մարդը չի կարող զինվել մտքի դեմ: Հովիկ Աբրահամյանը և մյուսները կարողացել են: Վաղը Գագիկ Բեգլարյանի երկրով մեկ սփռված «օջախներից» են հանելու այդ զենքերը, մյուս օրը՝ Միհրան Պողոսյանի:
Նրանք երբեք անզեն չեն եղել, որովհետև իրենց շրջապատում անզեն մարդիկ չեն եղել: Այսինքն՝ զինանոց ունենալն իրերի կարգի մեջ էր, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զինվորներին չի հերիքել զենքը, զենքը եղել է պատանքված, պահածոյացված, Հովիկ Աբրահամյանի և մյուսների՝ անհասկանալի ճանապարհներով ձեռք բերված սեփական տարածքներում:
 
Ամբողջ ժողովուրդը գիտեր, որ այս մարդիկ կառավարում են հանցավոր եղանակներով, մարդիկ տեսնում էին դա: Երկրում առճակատման էին դուրս եկել անզեն բողոքն ու անխոս զենքը: Ի վերջո, անզեն բողոքը տեղի տվեց, ինքն էլ պահածոյացվեց Հովիկ Աբրահամյանի զենքերի նման: Եվ մի օր «կրակեց»:
 
Որովհետև դու կարող ես իշխել, կարող ես սպանել, կարող ես թալանել բոլոր հարստությունները, բայց այդպես էլ չիմանալ, որ կյանքն այլ բան է: Ինքը զենքից և բողոքից անդին է: Ինքն իր վերջին խոսքն ունի:
 
Եթե Հովիկ Աբրահամյանի զենքը ճշմարիտ լիներ, ինչպես Արցախյան պատերազմում հասարակ զինվորի զենքը, կհաղթեր հենց քաղաքի փողոցներում:
Բայց հաղթեց անզեն խոսքը, որովհետև զենքը ոտնձգություն չէ մարդու հանդեպ, այն ոտնձգություն է կյանքի հանդեպ:
 
Կյանքը դա չի ներում: Հատկապես, երբ դա անում են նրանք, որոնք ապրել չգիտեն:
 
Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ