ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԱԿԻՉ ԷՐ
Արման Սահակյանի բախտը չբերեց

ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն այսօրվա նիստում բարձր տրամադրություն ուներ:
- Լավ բան ենք անում,- պարբերարար կրկնում էր գործադիր մարմնի ղեկավարը:
Վարչապետի տրամադրությունն այնքան բարձր էր, որ նա անգամ ոգևորում էր նախարարներին: Մասնավորապես, գնահատականի արժանացան գյուղատնտեսւթյան ու էկոնոմիկայի նախարարները:
«Ավանգարդը» երեկ անդրադարձել էր վարչապետի հանդիմանանքին, որը հնչել էր օրեր առաջ գյուղատնտեսության ոլորտում: Ու քանի որ «էս ինչ պալիտբյուրոյիզմ է» արտահայտությունը մեծ հնչեղություն էր ստացել, կառավարության ղեկավարը որոշել էր հավանաբար, քավել իրմ եղքը: Բանն այն է, որ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշեց լուծարել մի քանի փակ բաժնետիրական ընկերություն:
-Մենք ունենք մի համակարգ, որը պետք է կրթի մեր գյուղատնտեսին, համակարգը համարում ենք ոչ էֆեկտիվ` այն վերացնում ենք: Այս համակարգի փոխարեն պետք է ստեղծել «սպեցնազ»: Այսինքն` հաշվետվություն ենք ներկայացնում, թե քանի՞ ֆերմեր է առաջացել, քանի՞ կոոպերատիվ է առաջացել, քանի՞ գյուղատնտեսի աչքերը սկսել են փայլել: Գյուղնախարարությունը շատ համարձակ բարեփոխումներ է սկսել։ Մենք նրանց ամեն ինչով աջակցելու ենք, դուխով գնացեք առաջ,-ոգևորեց վարչապետը:
Իսկ ահա էկոնոմիկայի նախարարը հորդորեց իր ոլորտին առնչվող բարեփոխումը լավ տոնայնությամբ ներկայացնել:
Ի դեպ` այսօրվա նիստում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի բախտը չբերեց: Վերջինս այդպես էլ չկարողացավ պատասխանել կառավարության ղեկավարի հարցին, թե ինչով է զբաղվել 17 տարվա ձեռնարկությունը, որի մասնավորեցման հարցն այսօր է բերվել օրակարգ: