Մեր պատմությունը եռանախագահների որոշելի՞քն է
«ԱՅԴՊԻՍԻ ՄԱՐԴԻԿ ՊԻՏԻ ԱՄԱՉԵՆ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ»
Ազատությունը հոգու վիճակ է, որը բոլորին տրված չէ ճիշտ այնպես, ինչպես սողունին թևեր չէր կարող տրվել: Իսկ խոսքի ազատությունը նախևառաջ ուղեղի պարունակությունից բխող և դաստիարակության չափով արտաբերվելիքն է: ՈՒ բարոյականության առումով վա՜յ նրանց, ովքեր դրանցից զուրկ լինելով, ճամարտակում են՝ ափեղցփեղությունը չզանազանելով ասելիքից:
ՀԱԿ-ական Զոյա Թադևոսյանը, թվում էր, թե այդ ախտերով չի տառապում: Այդ դեպքում ինչն էր նրան մղում հաճոյանալ ադրբեջանցիներին՝ ասուլիսային հարթակից կարծիք հայտնելով, թե ազատագրված տարածքներն Արցախի տարածքները չեն, և հակամարտության հակամարտության կարգավորման հնարավորությունը դրանց վերադարձով է պայմանավորված:
- Ազատագրված են մեր բնութագրմամբ, բայց, դուք լավ գիտեք, որ դրանք գրավյալ տարածքներ են,- հատարարել է նա՝ զարմացած լրագրողներին խորհուրդ տալով պատմություն ուսումնասիրել:
Հետո էլ մատնել է ինքն իրեն, թե՝
- Դա ես չեմ որոշում, դա եռանախագահների որոշելիքն է: Ինձնից մի պահանջեք մի բան, որի պատասխանը ես չեմ տալիս:
Ասել է թե՝ նրա խնդիրը «եռանախագահների որոշելիքը» քարոզելն ու հիմնավորելն է: Բնականաբար, սա ընկալվում է նաև որպես նրա կուսակցության դիրքորոշում՝ քանի դեռ ՀԱԿ-ը չի ընդդիմացել իր կուսանդամի բարբաջանքին:
Արցախում ևս անտարբեր չէին կարող գտնվել հակահայ այս բարձրաձայնումի հանդեպ:
NEWS.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Զոյա Թադեւոսյանի հայտարարությունը ազգային շահերին քաղաքական դավաճանություն է համարել:
- Ոմանք հրաշալի են խոսում հայերեն, բայց արդյոք նրանք հայերե՞ն են մտածում: Նշված տիկնոջը լսելով՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր առջեւ ոչ թե հայկական կուսակցության ներկայացուցիչ է, այլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի: Զարմանալի է, որ հասարակության մեջ մարդիկ կան, որոնք նման կարծիք են հայտնում: Սա սարսափելի է: Սա ազգային շահերին քաղաքական դավաճանություն է, բարոյական դեգրադացիայի դրսևորում,- շեշտել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով.
- Ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի՝ մենք ստիպված էինք ազատագրել հայկական պատմական հողերը: Հակառակ պարագայում Ղարաբաղի ժողովրդին բնաջնջում էր սպառնում: Իմանալով, թե ինչով է սպառնում Արցախի անվտանգության համակարգի թուլացումը՝ ոչ միայն հանրապետության, այլև Հայաստանի և ամբողջ հայության համար անթույլատրելի է նման հայտարարություններ անելը: Մնում է միայն հույս ունենալ, որ այդ հայտարարության հեղինակի գլխի հետ մի բան այնպես չէ:
Իսկապես դիպուկ է նաև Դավիթ Բաբայանի այն նկատառումը, որ Ադրբեջանն, ըստ էության, իրեն ավելի ազնիվ է պահում՝ բացահայտ հայտարարելով Արցախը ոչնչացնելու մտադրության մասին, իսկ նման անձանց հայտարարությունները արդարացում չունեն.
- Այդպիսի մարդիկ պիտի ամաչեն փողոց դուրս գալ: