Սահմանի բացման ենթաուղերձն ու սպասվող բուն ուղերձը
«Հայաստանը պատրաստ է առանց որեւէ նախապայմանի բացել Թուրքիայի հետ սահմանը»: «Ալ Ջազիրա» հեռուստակայանին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (news.am):
Լուրի կամ ավելի ճիշտ խորագրի հավաստիությունը խնդրո առարկա է: Մանավանդ, որ սահմանի փակումից ի վեր Երևանի արտաքին քաղաքականության այս գերակա ուղղությանը վերաբերող խնդրում միշտ ցուցաբերվել է հետևողականություն՝ սահմանի փակման ամբողջական պատասխանատվությունը բարդելով Անկարայի ուսերին: Անկարան է, որը պատրվակելով կամ ուղղակի պատճառներից մեկը նկատելով Արցախում հայկական ուժերի ներկայությունը, փակել է Հայաստանի հետ սահմանը: Ո՛չ միայն փակել է, այլ այս մասին նաև հայտարարել և ավելին՝ Երևան-Անկարա հարաբերությունների ձեռնարկման կամ բնականոնացման նախապայմաններից համարել։
Նախապայմանային քաղաքականություն կիրառելու իրողությունը Երևանի կողմից շարունակվում է մատնացույց լինել միջազգային հանրային կարծիքին և միջազգային ընտանիքին ընդհանրապես: Երևանի ներկայացուցիչները տարբեր առիթներով բազմիցս արտահայտվել են Եվրոպայի վերջին փակ սահմանի մասին:
Լրատվության մեջ փարատվում է այս մասին տարբերություն մտցնելու հավանականությունը, երբ վարչապետը վերահաստատում է, որ «գիտեք՝ խնդիրն այն է, որ Հայաստանը չի փակել Թուրքիայի հետ սահմանը: Իրականում Թուրքիան է փակել Հայաստանի հետ սահմանը: Իրականում հայկական կողմից սահմանը բաց է, և որոշումը Թուրքիան պետք է կայացնի»:
Տարածաշրջանային ներկա խնդիրներն ու այդ ամենում Թուրքիայի ներգրավվածությունը չեն հուշում, որ Երևանի հետ հարաբերությունների բնականոնացման կամ սահմանի բացման մասին բանակցություններ ձեռնարկելու հավանականությունները բարձր են: Միանձնյա կառավարման համակարգ օրինականացրած, աշխարհի հետ սպառնալիքներով խոսող և ներքին սուր հարցեր դիմագրավող Անկարան գեթ ներկա պահին Երևանի հետ հարաբերությունների բնականոնացման կամ դիվանագիտական կապերի հաստատման համար բանակցություններ նախաձեռնելու պատճառներ չունի:
Այս բոլորով հանդերձ՝ քաղաքականորեն նպատակահարմար է միջազգային հանրությանն ամեն առիթով շեշտել, որ Երևանը համաձայն է ձեռնարկելու առանց նախապայմանների հարաբերությունների բնականոնացում: Այստեղ թեև միայն սահմանի բացման մասին է խոսքը, սակայն պարզ է, որ սահմանի բացման որոշման հանգելը պետք է դիտարկել դիվանագիտական կապերի հաստատման ընդհանուր համաձայնության շրջագծում:
Եթե ոչ անպայման ներկա պահին, բայց հետագայում պիտի հետևի հայկական կողմից հայտարարության երկրորդ բաժինը: Հայկական կողմը պատրաստ է քայլեր առնելու՝ միջազգային ընտանիքի առաջադրած ծրագրերին ընդառաջ, հետևաբար հանգուցալուծման արգելակող կողմն ու ընդառաջող կողմը միևնույն պահվածքին արժանի չեն: Նման՝ արցախյան հարցի կարգավորման համար որդեգրված դիրքորոշումները, միջնորդների կոչերը ու կայացած պայմանավորվածությունները հարգելու և ընդհանրապես ցարդ արձանագրվածների առումով համահավասարեցում չպետք է կիրառել կողմերի նկատմամբ:
Պաշտոնական Երևանը բարձրագույն մակարդակներով և տարբեր ուղղություններով սկսել է իր կեցվածքն ու բարձրաձայնումները ավելի շեշտակի կատարել՝ անուղղակի հասցեներից հետզհետե ավելի ուղղակի հասցեականացումներ փոխանցելով:
Այս հայտարարությունը ունի ենթաուղերձ: Պատասխանատուն Անկարան է՝ սահմանը փակելու, այն փակ պահելու և հարաբերությունների բնականոնացումը արգելակելու համար: Անկարայից պետք է ակնկալել քայլ առնելու նոր նախաձեռնություն: Եւ մինչև այստեղ, պաշտոնական Երևանի ցարդ որդեգրած մոտեցման հետևողականությունը նկատելի է:
Պաշտոնական հայտարարությունների նորովի մոտեցումներն ու բովանդակային նրբերանգները նկատելով, ակնկալվում է ենթաուղերձի ուղղակի բարձրաձայնում՝ միջազգային ճնշման պահանջ Անկարայի վրա՝ երկիր շրջափակած լինելու փաստի համար։ Համահավասարեցման խաղի կանոնների շրջման հրամայական:
Այդ բարձրաձայնումները թեև որեւէ առարկայացում չեն գտնելու (ներկա քաղաքական պայմանները նկատի ունենալով) և գեթ ներկա իրավիճակը գնահատելով՝ բեկումնային նոր պահ չեն ստեղծելու, այնուամենայնիվ, կհավելվեն միջազգային ընտանիքի նկատմամբ կարծր դիրքորոշումների, սպառնական հայտարարությունների և տարբեր ուղղություններով նախապայմանային քաղաքականություն կիրառող Անկարայի ստվար թղթածրարում:
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր