Ինչ էլ վճռի դատարանը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Երեկվանից անհամբեր մի սպասում է թեժացել. ՀՀ նախավերջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ՀՔԾ էր հրավիրվել 2008թ. Մարտի 1-ի գործով, և հենց նույն օրն էլ նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
 
Միաժամանակ միջնորդություն ներկայացվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ՀՀ պաշտոնաթող նախագահի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Երեկ՝ հուլիսի 26-ին տեղի ունեցած դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում չէր կայացվել: Եվ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վերսկսվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը:
 
Ի դեպ, թե՛ ՀՔԾ, թե՛ դատարան Ռ. Քոչարյանը մուտք է գործում հետնամուտքով՝ ակնհայտորեն խուսափելով հանդիպել դրանց տարածքում հավաքվածների ու հատկապես լրագրողների հետ:
 
Երեկ երեկոյան «Երկիր մեդիային» տված իր բացառիկ հարցազրույցում իր նկատմամբ ներկայացրած մեղադրանքը նա որակեց հորինված և շինծու՝ ընդգծելով, որ պայքարելու է մինչեւ վերջ: Նա հարկ համարեց ասել նաև, որ իրեն պատժելը նվեր կլինի Ադրբեջանին, որովհետեւ երբ ինքն էր Արցախի նախագահը, Արցախը փառահեղ հաղթանակ է տարել, ու երբ զբաղեցրել է ՀՀ նախագահի պաշտոնը, երկիրը տնտեսական լուրջ աճ է ունեցել:
 
Ի դեպ՝ ադրբեջանցիներին չուրախացնելու, նրանց կողմից նոր գրոհներ չհրահրելու կոչերը ՀՀ՝ արդեն նախկին դարձած նախագահների ձեռքին միշտ զենք է եղել՝ սաստելու ամենայն ընդվզում: ՈՒ երբեք և ոչ մեկի հնարավորություն չի տրվել նրանց բարձրաձայն «հուշելու», որ ժողովրդի հանդեպ իրենց արհամարհանքն ու երկիրը աղքատության անդունդ գլորելն է՛լ ավելի առատ ջուր է լցրել նույն թշնամու ջրաղացին:
 
Չգիտես ինչու՝ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ սա ոչ թե Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելու ցանկություն է, այլ իրեն քաղաքական գործունեություն ծավալելուց չեզոքացնելու փորձ: 
 
- Հասկանում են, որ կարող եմ վտանգ ներկայացնել հաջորդ ընտրություններին, ուզում են չեզոքացնել շինծու մեղադրանքով: Այս մեղադրանքը 37 թվի առաջին ազդանշանն է, որ այս ուղղությամբ ենք գնում: Կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ. եթե մտածում են՝ պիտի փախնեմ, փախնելու բան չունեմ: Պատկերացնում եմ Ադրբեջանի հրճվանքը… տվեք նրանց այդ նվերը: Երբ կարդացել եմ մեղադրանքը, ապշել եմ...
 
10 տարի քննադատության եմ ենթարկվել նաև ՀՀԿ-ի կողմից: Ինչո՞ւ, որովհետև ես որոշ հարցերի վերաբերյալ համաձայն չէի, քննադատում էի: Ինձ կապում էին միշտ Սերժ Սարգսյանի հետ ու մինչև հիմա կապում են: Մենք լուրջ ու դժվար ճանապարհ ենք անցել միասին, բայց այդ նույն կապն անցած տարիներին համարյա խզվել է: Վերջին 5 տարում համարյա 2 անգամ եմ տեսել նրան: Հեռախոսով, հա, կարող ենք շփվել տարին մի քանի անգամ:
 
Սակայն վերջին տասը տարում նրա կողմից քաղաքական գործունեություն ծավալելու որևէ փորձ կամ արտահայտված ցանկություն հանրությունը չի հիշում: Դրանից բացի՝ արդյո՞ք որևէ հայաստանցի հավատ կընծայի նրա կամ նրա նախորդի ու հաջորդի պարզած քաղաքական դրոշին, երբ հրանց հեռացումը երազանք է եղել և օվացիաներով է ընդունվել հանրության կողմից:
 
Մի խոսքով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը:
 
Շուտով կհրապարակվի դատավճիռը, որն այս անգամ հերթական այն դակումը չի լինի, ինչպիսիք ՀՀ առաջին երեք նախագահերը պատվիրել են՝ իրենց իշխանավարման տարիներին: