Բոլոր սև այգիները՝ ձեզ, իսկ Արցախը եղել ու մնալու է հայկական

ՂԱՐԱԲԱՂՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔՈՒՄ

jam-news.net-ի մի հրապարակումն ակամա մղում է ասել մեր տխրահռչակ դրկիցներին՝ բոլոր սև այգիները՝ ձեզ, իսկ Արցախը եղել ու մնալու է հայկական: Այո, բոլոր սև այգիները, որովհետև հայական հինավուրց Արցախ նահանգը նվեր ստանալուց հետո, քոչվոր խաշնարածների այս թափառախումբն իր ճաշակով ու, նաև պատմությունը կեղծելու նկրտումով, նոր անուն մոգոնեց՝ Ղարաբաղ, ինչն իրենց լեզվով նշանակում է «սև այգի»:
 
ՈՒ այդ անունը տարբեր բաների կպցնելուց հոգնած՝ այսօր նաև «Երևան» անունով անունով ճաշատեսակ ու կաթնամթերք են հրամցնում: Որ «երևանյան» անուրջը երազխաբություն է՝ իրենք էլ գիտեն. պարզապես, երևի, շա՜տ են կարոտել հայկական ամեն ինչին…
 
 
Հակամարտության հետքեր, որոնք ամեն օր մարդկանց հիշեցնում են կատարվածի մասին
 
Շուրջ 30 տարի առաջ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի հետ զինված հակամարտության պատճառով:
 
Ղարաբաղից հարյուր հազարավոր փախստականներ, հարկադրաբար տեղահանված անձինք եւ անգամ ամբողջ կազմակերպություններ ու արհեստանոցներ հաստատվեցին Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում: Այստեղ տեղափոխվեցին դպրոցները, թատրոնները, ձիաբուծարանը և անգամ գորգագործական հաստատությունները:  Եվ չնայած այս ամենը դարձել է ադրբեջանցիների առօրյայի մասը, այն միաժամանակ մեկ այլ գործառույթ ունի՝ հիշեցնելով, որ հակամարտությունը լուծված չէ, պատերազմը շարունակվում է:
 
Այս «հիշեցումների» մի մասը հենց պետությունն է ստեղծել «տեղեկատվական պատերազմի» շրջանակներում, մյուսները՝ մարդիկ սեփական ձեռքերով: «Զոհված մարտիկների զավակների համար ամեն ինչ անվճար է: Նրանց հայրերն արդեն վճարել են»:
 
Իսայի աղբյուրի լեգենդը
 
«Շուշիում մի ծերունի էր ապրում՝ Մուրսալ անունով: Նա սիրում էր զվարճացնել հայտնի «Իսա բուլաղի» աղբյուրի մոտ եկող հյուրերին: Ծերունին երգում էր, իսկ նրա ընկերը՝ Շիրինը, քամանչա էր նվագում: Ընկերներից յուրաքանչյուրը հարյուր տարին բոլորել էր, և ասում են, որ նրանցից մեկը հայ էր, բայց թե ով՝ չգիտեմ»:
 
20 տարի առաջ շուշեցի Գաֆարը «Իսա բուլաղի» սրճարանը բացեց Բաքվում: Այստեղ հաճախ են հավաքվում շուշեցիները: Ճիշտ է, ամեն օր երգ ու նվագ սրճարանում չես լսի, բայց շատերը հատուկ գալիս են Շուշիի ավանդական հնդկամոլախոտով (խմբ.՝ դեղաբույս) փլավ ուտելու: 
 
«Բոլոր ճանապարհները տանում են Ղարաբաղ»
 
Բաքվի նոր ավտոբուսներում փակցված կարգախոսն է: Այս գրառումները հայտնվեցին 2016 թվականի ապրիլին զինված ուժերի շփման գծում ռազմական էսկալացիայի ֆոնին եւ այդպես էլ պահպանվեցին:  
 
«Ղարաբաղ» խանութը գործում է արդեն 18 տարի: Երբ խանութը վերանվանեցին, հաճախորդների քանակը կտրուկ նվազեց: Հետագայում այն կրկին սկսեց կրել «Ղարաբաղ» անունը:
 
”Defend Karabakh”
 
«Պաշտպանենք Ղարաբաղը». այս տպագիր կարգախոսը կրող շապիկները, թեև ոչ զանգվածային, սակայն բավականաչափ պահանջարկ են վայելում: Հայաստանում ևս կարելի է հանդիպել «Defend Artsakh» (խմբ.՝ «Արցախ» Ղարաբաղի հայկական անվանումն է) գրառումով շապիկներ:
 
Ինքնաթիռ «Խոջալու»
 
Ադրբեջանի ազգային ավիափոխադրողն իր ինթնաթիռներն անվանակոչել է ի պատիվ ղարաբաղյան մի շարք քաղաքների՝ Խոջալու, Ֆիզուլի, Խոջավենդ եւ այլն:
 
«Ղարաբաղի հաց» և «Երևանյան դովղա»
 
Եթե «Ղարաբաղի հացը» վաղուց է տեղ գտել ադրբեջանցիների առօրյա կյանքում, ապա «Երևանյան դովղան» բոլորովին վերջերս է տարածում գտել, երբ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե Երևանը պատմական ադրբեջանական տարածք է: Դովղան ավանդական ադրբեջանական ճաշատեսակ է, որը պատրաստվում է մածունով, կանաչիով և
բրնձով:
 
Փողոցները
 
Խոջալուի պողոտայում խոշոր բիզնես-կենտրոն է տեղակայված, ինչպես նաև մի շարք ռեստորաններ եւ մետրոյի կայարան է գործում: Ղարաբաղյան փողոց կա ոչ միայն Բաքվում, այլ նաև Մասալի քաղաքում:
 
Ֆուտբոլային ակումբ
 
«Ղարաբաղ» անվանումը կրող ֆուտբոլային ակումբն առանձնանում է այս ցանկում, քանի որ հատուկ հպարտության առարկա է հանդիսանում: 2017 թվականին այն միակն էր հարավկովկասյան ֆուտբոլային ակումբներից, որը կարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ՝ երկու անգամ ոչ-ոքի խաղալով Եվրոպայի լիգայի ապագա հաղթողի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: