«Ցանկացած սպառազինությանը հակազդելու միջոցներ կան, և հայկական կողմը ձեռքերը ծալած նստած չէ»

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐՈՂԻ ԴԵՐՈՒՄ ՉԷ՛

Ի՞նչ կարող է հաջորդել հայ նախարարի այս բացախոսությանը. ամենայն հավանակությամբ՝ փողոցային կռվարարներին բնորոշ նոր «աքլորքցումներ»՝ թե իբր չվախեցանք: Սակայն ասվածը ոչ թե վախեցնելու միտում ունի, այլ կարգի հրավիրող նախազգուշացում է, որը հազիվ թե հասու լինի «հինգ րոպե առաջվա» քոչվոր ցեղախմբին:
 
Եթե, իհարկե, դրա հովանավորները՝ «մեծ ախպոր» կամ զինավաճառության շահագրգռությամբ չշարունակեն բորբոքել ադրբեջանցի կոչվող ելուզակների համառությունն ու ինքնավստահությունը:
 
Կարծես թե սկսել ենք ինքնահարգանքով խոսել: Իսկ դա ո՛չ սպառնալիքն է, ո՛չ էլ մանավանդ մեր դեմ ոտնձգողի պահանջներին գոհացումներ որոնելով՝ նրան ընդառաջելը: Առավելևս՝ երբ ոսոխի լկտի բոլոր սադրանքները ի չիք են դարձել հայ զինվորի խիզախ ոգու առջև:
 
ՀՀ պաշտպանության նախարարը վերջապես բարձրաձայնել է, որ մեր համբերության բաժակն անտակ չէ՝ ասելով, որ «հայկական կողմը կարող է չդիմանալ հակառակորդին շեշտակի և լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը»: Կարևոր է, որ նա սա ասել է ոչ թե հայաստանյան լրատվամիջոցներին՝ այսպես կոչված ներքին սպառման համար, այլ եվրասիական մայրցամաքի քաղաքական, սոցիալական ու տնտեսական կյանքի վերաբերյալ վստահելի նորությունների և մասնագիտական վերլուծության աղբյուր համարվող EADaily լրատվական գործակալության հետ հարցազրույցում:
 
- Առանձնակի մտահոգության առիթ է Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական զորքերի ակտիվացումը, որտեղ նախկինում հարաբերական անդորր էր: Ցանկացած ռազմական սադրանք այս հատվածում հղի է մեծ ճգնաժամով, որից անմաս չեն մնա այլ տարածաշրջանային դերակատարները,- նախարարի պատասխաններից մեջբերումներ է կատարել Մեդիամաքսը:
 
- Հայաստանի կառուցողական դիրքորոշումը չպետք է թյուր կարծիք ստեղծի, թե Հայաստանը հանդես է գալիս խաղաղություն խնդրողի դերում: Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինեն նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այնպես չի լինելու, որ միջնորդներին հաջողվելու է համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016 ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չդիմանալ հակառակորդին շեշտակի եւ լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը, - ասել է Դավիթ Տոնոյանը:
 
- Ադրբեջանին թույլ չենք տալու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամկետը և ծավալը որոշելու մենաշնորհային իրավունքը,- ընդգծել է նախարարը:
 
Դավիթ Տոնոյանը նա մեկնաբանել է Ադրբեջանի կողմից ժամանակակից սպառազինությունների ձեռք բերման հարցը՝ ասելով, որ «ցանկացած սպառազինությանը հակազդելու միջոցներ կան, և հայկական կողմը ձեռքերը ծալած նստած չէ»:
 
- Մեզ անհանգստացնում են այդ սպառազինությունների ձեռքբերման աղբյուրները: Հայաստանի դաշնակից և գործընկեր պետությունները սպառազինություններ են վաճառում երկրին, որը տարածքային նկրտումներ ունի ոչ միայն մեր պետության առանձին հատվածների, այլև մայրաքաղաքի հանդեպ: Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները պետք է ձեռնպահ մնան Ադրբեջանին հարձակողական որոշ սպառազինությունների վաճառքից: Ի վերջո, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է պետք նախ խախտել կողմերի միջև գոյություն ունեցող ռազմական բալանսը, իսկ հետո փորձել վերականգնվել այն,- իր տարակուսանքն է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարը: