Միջազգային փաստաթղթերով նշված հայկական ամրագրումներ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՇՈՇԱՓԵՑ ՀԱՐՑԵՐԻ ԼԱՅՆԱԾԻՐ ՇՐՋԱԳԻԾ

Եթե լուսարձակի տակ առնենք արցախյան հակամարտությանը վերաբերող վարչապետի կատարած պարզաբանումները, ապա այնտեղ կնկատենք երանգային որոշ շեշտադրումներ, որոնք ընդհանուր գծերում պահպանում են մինչ այժմ կատարված հայտարարությունների հետևողականությունը։
 

Այսպես. նախ բառացի մեջբերենք այս դեպքում պաշտոնական Երևանի դիրքորոշումը պարզաբանող վարչապետի խոսքը` 

- Առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում չի կարող լինել։ Բոլոր փաստաթղթերում արձանագրվել է, որ վերջնական փուլում պետք է Արցախը ներգրավված լինի գործընթացի մեջ. եթե մենք խոսում ենք վերջնական կարգավորման մասին, ուրեմն Արցախը պետք է ներգրավված լինի, իսկ մինչ այդ` պետք է շարունակվեն քննարկումները: Ինչպես Ստեփանակերտում ասել էի ասուլիսի ժամանակ` մենք պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի  նախագահի հետ: Բանակցության նյութ կա. պետք է ամբողջական նյութերին ծանոթանանք: Բանակցությունը նույնքան օգտակար է. պետք է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծվի, որպեսզի հարցը կարգավորվի։ Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել մթնոլորտ ձևավորելու համար: Անընդունելի է Բաքվի  ռազմաշունչ հռետորաբանությունը. Հայաստանը չի խաթարում մթնոլորտը։

Այստեղ ավելի պարզ է դառնում իր վերջնական համաձայնությունը տալու արցախյան կողմի բացարձակ իրավունքը։ Նախապես խոսվել էր Ստեփանակերտը բանակցային սեղան վերադարձի անհրաժեշտության մասին և որոշ անմիջականության մղում փոխանցել այդ առումով։  Հիմա թեև հաստատում է կատարվում վերջնական փուլին արցախյան կողմի ներգրավվածության կամ վերջնական կարգավորման գործընթացին Արցախի ներգրավման հրամայականի մասին, սակայն կարևորագույն պարզաբանում է ձևակերպվում և առավել ևս ընդգծվում է պայմանականությունը։

Բանակցային սեղան Ստեփանակերտի վերադարձը ենթադրել էր տալիս վերջնական համաձայնագրի կնքման համար եռակողմ ստորագրություն։ Ենթադրաբար նաև` եթե պաշտոնական Ստեփանակերտը ներկայացնող Արցախի Հանրապետության օրվա իշխանություններն իրենց համաձայնությունը տային քննարկվող փաստաթղթին կամ համաձայնագրի կետերին, այդ դեպքում բանակցող Երևանը ևս համադրելով իր քննարկումները Ստեփանակերտի հետ` կարող է վերջնականացնել իր դիրքորոշումը լուծման տարբերակին։

Վարչապետը շրջում է այս պատկերացումը մի կարևոր հստակեցումով։ Պաշտոնական Երևանի և պաշտոնական Ստեփանակերտի իրավասություններից վեր` Արցախի ժողովուրդն է, որը իր համաձայնությունը պետք է տա առաջադրված լուծման տարբերակին։ Որովհետև, վարչապետի բառերով`  առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում չի կարող է կայանալ։

Արցախի մասին վարչապետի կատարած պարզաբանումների ամբողջությունը նկատի ունենալով` բանակցային կամ առհասարակ կարգավորման ճանապարհային քարտեզի տեսանելի է դառնում հետևյալ ուրվագծումը։

Բանակցությունները շարունակվելու են` հիմնականում լուծման կամ կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտը ձևաւորելու համար։ Այդ մթնոլորտի ձևավորման համար անհրաժեշտ են միջազգային միջնորդների մասնակցությամբ կայացած պայմանավորվածությունների հարգումը (ինչն անում է հայկական կողմը)։ Այդ մթնոլորտի ձևավորմանը չի նպաստում Բաքուն. այլ ընդհակառակը, արգելակում է նման առաջադրանքների իրականացումը` հրադադարը խախտելով, ռազմական բյուջեն ուռճացնելով, ռազմատենչ հռետորաբանությանը թափ հաղորդելով։ Հակառակ այդ բոլորին, հայկական կողմն իր պատրաստակամությունն է հայտնում իր ներդրումն ունենալ` առաջադրանքի կատարման համար ։

Այդ մթնոլորտի ձևավորումից հետո Ստեփանակերտը կներգրավվի բանակցություններին` իբրև բանակցող կողմ։ Վերջնական փուլը չի նշանակում անշուշտ համաձայնության ստորագրություն։ Որովհետև բառակապակցություններն այստեղ հստակ են. Արցախը կներգրավվի կարգավորման գործընթացին։ Գործընթաց, որը սկզբունքով հանգելու է վերջնական համաձայնության։ Իսկ որևէ վերջնական համաձայնություն չի կայանա առանց Արցախի ժողովրդի մասնակցության, առանց ժողովրդի կամարտահայտության հանրաքվեի` ժողովրդավարական կարգերով ղեկավարվող պետության համար։

Ի դեպ, վարչապետ Փաշինյանի կատարած այս երանգային շեշտադրումները իրենց նշումներն ունեն միջազգային տարբեր փաստաթղթերում։ Առ այդ, ի տարբերություն Բաքվի, Երևանը նույն լեզուն, նոյն մասնագիտական բառապաշարը, քաղաքագիտական նույն ասելաձևերն է օգտագործում թե՛ ներքին լսարանի համար  և թե՛ միջազգային տարբեր ատյաններում։

Հրապարակված փաստաթղթերում նշումներ կան անժամկետ հանրաքվեի և այդ հանրաքվեի մասնակիցների (այս դեպքում` փախստականների վերադարձով պայմանավորված) գործադրելիության հավանականությունը անորոշ թողնող կետերի մասին։

Այս շփոթը հայկական պարզաբանումներում կփարատվի, երբ մտաբերենք վարչապետի կատարած նախորդ հայտարարության այն մասը, որտեղ հաստատվում է, որ Արցախի ադրբեջանական համայնքը արդեն մասնակից է բանակցություններին։ Նրանք ստացել են ադրբեջանական քաղաքացիություն և մասնակցել արցախյան հակամարտության բանակցային կողմ համավող Ադրբեջանի նախագահի ընտրություններին։ Նախագահ Ալիևը իրավականորեն իրենց ամբողջովին ներկայացնում է արդեն։ Ուրեմն պարզ է այստեղ Արցախի ժողովրդի պատկերացումը և հանրաքվեով իր համաձայնությունը տալու արցախահայության կամքի ամրագրման` վարչապետի կողմից ընդգծված հրամայականը։


 

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր