Հայաստանն այլևս խնդրողի կարգավիճակում չի լինելու

ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ վերջին շրջանում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, որոնք ունեն և՛ դրական, և՛ ռիսկահարույց միտումներ:
 
Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» օրերին բազմիցս հայտարարվել էր, որ ներհայաստանյան իրադարձությունները չունեն որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ, և՝ որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի չեն ունենալու կտրուկ շրջադարձեր, մասնավորապես կապված ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության, Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունների հետ:
 
Ընդ որում, արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի նոր իշխանությունների հիմնական շեշտադրումները կապված էին հենց Ռուսաստանի և եվրասիական ուղղության հետ, քանի որ նախկինում Փաշինյանը շատ անգամ հայտարարել էր այդ ուղղություններով իր վերապահումների մասին:
 
Իշխանափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին այցերը տեղի ունեցան հենց Ռուսաստան, ինչը կարող էր դիտարկվել որպես հավաստիացում Մոսկվային, որ Հայաստանը չի պատրաստվում լքել, այսպես ասած, եվրասիական բլոկը: Այդ այցերի ժամանակ կարմիր գծով անցնում էր միտքը, որ Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները առաջնային կարևորություն ունեն, և Մոսկվան անհանգստանալու որևէ հիմք չունի:
 
ՀՀ վարչապետի բրյուսելյան այցը, սակայն, ցույց տվեց, որ Հայաստանը չի պատրաստվում որևէ կերպ սահմանափակել Արևմուտքի հետ իր շփումները: Ավելին, ի հեճուկս զգուշացումների, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կարող է հայկական շահերին ոչ համահունչ հայտարարություն ընդունվել, Նիկոլ Փաշինյանը որոշում կայացրեց մասնակցել այդ միջոցառմանը, իսկ դրա ընթացքում արևմտյան առաջնորդների հետ արված լուսանկարները տպավորություն ստեղծեցին, որ ՀՀ վարչապետը փորձում է անմիջական ջերմ հարաբերություններ հաստատել նրանց հետ:
 
Պատկերը, սակայն, փոխվեց այն ժամանակ, երբ բրյուսելյան այցի վերջին օրը Փաշինյանը օդակայանում լրագրողների հետ զրույցում բացեց փակագծերը, և պարզ դարձավ, որ իրականում ԵՄ հետ երկխոսության մեջ Հայաստանի տոնայնության էական փոփոխություն է տեղի ունեցել: Փաշինյանը, փաստացի, բավականին կոշտ ազդակներ ուղղեց Բրյուսելին` նշելով, որ եթե ԵՄ-ն չի փոխում իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ապա պետք է իջեցնի իր հայտարարությունների ոգևորության աստիճանը` կապված հայաստանյան իրադարձությունների հետ: Ավելին, վարչապետը նշեց, որ Հայաստանն այլևս խնդրողի կարգավիճակում չի լինելու միջազգային գործընկերների հետ հարաբերություններում:
 
Թվում է, թե Բրյուսելի օդակայանից հնչած այս հայտարարությունները պետք է որոշակիորեն լիցքաթափեին հայ-ռուսական հարաբերություններում բրյուսելյան այցի առաջացրած լարվածությունը, սակայն հուլիսի 17-ին Շիրակի մարզում տեղի ունեցած միջադեպը և դրան Փաշինյանի արձագանքը նոր զարգացումների սպասումներ են առաջացնում:
 
Փանիկում, ինչպես հայտնի է, նշված օրը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություններ էին իրականացրել՝ սարսափի մատնելով տեղի բնակչությանը: Միջադեպից հետո ռուսական հրամանատարությունը տեղի ունեցածը վերագրել էր ֆորս-մաժորին և ներողություն խնդրել: Այնուամենայնիվ, միջադեպից երկու օր անց` հուլիսի 19-ին, կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածը որակեց որպես սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և Հայաստանի ինքնիշխանության: Ավելին, Փաշինյանը բավական կոշտ տոնով հայտարարեց, որ միջադեպի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
 
Այս զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանի նոր իշխանությունները, փաստացի, փորձում են վերանայել նախկին իշխանությունների որդեգրած, այսպես կոչված, կոմպլեմենտար քաղաքականության բնույթը, և հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու մասին հայտարարություններին զուգահեռ, գործնականում հանդես են գալիս բավական կոշտ դիրքերից:
 
Այս իրավիճակը մի կողմից փոխում է Հայաստանի միջազգային «որակը»՝ ներկայացնելով երկիրը որպես երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ավելի ամուր, սկզբունքային և ուժեղ խաղացողի, մյուս կողմից, սակայն, լրջագույն սպառնալիքներ է պարունակում, մանավանդ կարճաժամկետ կտրվածքով: Հայաստանի նոր իշխանությունները, լինելով ոչ այնքան փորձառու, հավանաբար չեն տիրապետում եվրոպական բյուրոկրատիայի նրբություններին, մյուս կողմից էլ չունենալով հաստատուն երաշխիքներ ԵՄ-ի կողմից Հայաստանին աջակցելու պատրաստակամության հարցում, դիմում են կոշտ տոնայնությանը, որը  կարող է վնասել հայ-եվրոպական հարաբերություններին` ակնկալվելիք օգուտների փոխարեն խնդիրներ ստեղծելով:
 
Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը տասնամյակներ շարունակ եղել է լիովին կանխատեսելի սուբյեկտ, ինչը իր բացասական ազդեցությունն է ունեցել հայկական շահերի վրա: Ներկա քաղաքականությունը, երբ օրինակ Հայաստանը հանդես է գալիս որևէ միջադեպի վերաբերյալ կոշտ դիրքորոշմամբ, թերևս միտում ունի պահպանել հավասարակշռությունը երկկողմ հարաբերություններում, սակայն նաև մտահոգությունների տեղիք է տալիս՝ կապված անվտանգության հարցերի հետ: Ինչպես հայտնի է, Հայաստանը փաստացի և դե յուրե գտնվում է անվտանգության այնպիսի համակարգում, որտեղ գրեթե ամեն ինչ կախված է Ռուսաստանից, և Մոսկվայի հետ հարաբերություններում Երևանը պետք է միշտ աչալուրջ և հավասարակշռված լինի:
 
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ «թավշյա հեղափոխությունից» հետո արտաքին քաղաքականությունը չփոփոխելու փուլն ավարտվում է, և սկսվում մի շրջան, երբ ուրվագծվում է Երևանի նոր արտաքին քաղաքականությունը: Եվ միայն ժամանակը ցույց կտա՝ որքանով հնարավոր կլինի փոփոխված իրավիճակում արդյունավետորեն առաջ մղել  հայկական շահերը:
 
Վահե ՂՈՒԿԱՍՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»