Միջազգային ընկալելիություն ունեցող հայկական նոր մոտեցումներ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առիթով կատարված բազմաթիվ հանդիպումների ընթացքում փոխանցված մոտեցումներում և արված հայտարարություններում կարելի է առանձնացնել հետևյալ մտքերը, որ ՀՀ վարչապետը հայտնել է Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ կայացած հանդիպմանը.
 
ա.  Հայաստանի ժողովրդավարական փոփոխությունները այս երկրներն ավելի են իրար միացնում և նրանց ավելի մոտ դարձնում: Հայկական կողմն ակնկալում է նաև ԵՄ աջակցություն այս ճանապարհին՝ ավելի ուժեղ դարձնելու Հայաստանի Հանրապետությունը:
 
բ. Ադրբեջանը շարունակում է շփման գծի իրավիճակը լարելու գործելաոճը, քանզի այդ երկրի նախագահը մտավախություն ունի, որ հայաստանյան ժողովրդավարական գործընթացները կարող են հասնել նաև Ադրբեջան:
 
գ. ՀՀ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին. հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության դեմ:
 
դ. Անհրաժեշտ է միջազգային հանրության կոշտ արձագանքը Ադրբեջանի կողմից շփման գծի վրա իրավիճակը սրելու փորձերին:
 
ե. ՀՀ կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը. ՀՀ իշխանություններն առաջիկայում մտադիր են անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:
 
Այս հանդիպմանը արծարծված առանցքային մոտեցումները թվում է, որ կամփոփեն մեր արտաքին քաղաքականության իրականացման ներկա փուլի կարևորագույն շեշտադրումները:
 
Եվրախորհրդարանի համաժամանակյա բանաձևերը ՀՀ-ին և Ադրբեջանին վերաբերող երկկողմ ուղերձներ էին փոխանցում. մեր դեպքում դրական-քաջալերական, Ադրբեջանի՝ բացասական-պայմանադրական: Դրական-քաջալերականը հիմնովին վերաբերում էր ժողովրդավարացմանը և այս դեպքում եվրոպական կամ ընդհանրապես արևմտյան մոտեցումով հետխորհրդային ախտանիշերի վերացման միտումներին. իսկ բացասական-պայմանադրականը բռնատիրության, միանձնյա կառավարական համակարգի և դարձյալ հետխորհրային երկրները հատկանշող ախտանիշային առումով չհեռացող ղեկավարների իրողությամբ:
 
Հայկական կողմը, ի դեմս վարչապետի, լիարժեք օգտագործում է միջազգային հարթության վրա գոյություն ունեցող այս ընկալում-դիրքորոշման հիման վրա ստեղծվող պահերը:
 
Հակադրելով Ադրբեջանի բռնատիրական կարգերը հայաստանյան քաջալերվող ժողովրդավարացման գործընթացին, վարչապետը նպատակաուղղված քայլ է կատարում միջազգային հարված հասցնելու Բաքվին և դրանով իսկ հայանպաստ դիրքորոշումներ ապահովելու արցախյան հակամարտության բանակցային գործընթացում, շրջելու համար խաղի հավասարեցման կանոնները:
 
Այս նոր բացատրությունը, որը պաշտոնապես ներկայացնում է Հայաստանի վարչապետը թե՛ շփման գծին և թե՛ պետական սահմանին Ադրբեջանի կատարած գործողություներին՝ լրիվ տեղավորվում է միջազգային ընկալում-դիրքորոշման այսօրվա իրականության ճշտած սահմաններում: Բաքուն հարձակողապաշտության նոր դրսևորումներ է կազմակերպում՝ կանխարգելելու ժողովրդավարական ալիքի ՀՀ-ից Ադրբեջան անցումը: Այստեղ միաժամանակ նուրբ ձևով փոխանցվում է նաև այն պատգամը, որ Երևանը Հարավային Կովկասում կարելի է դիտարկել իբրև ժողովրդավարական կարգեր արտահանող երկիր:
 
Այս հայտարարության քաղաքական փիլիսոփայության ամփոփումն այն է, որ ներկա պահին Երևանը Բաքվի հարձակողապաշտպության դրդապատճառների պարզաբանման համար միջազգային մակարդակի վրա ընկալելի նոր հնչեղություն է ապահովում: Եվ դրա հիման վրա էլ կոշտ արձագանք է ակնկալում միջազգային ընտանիքից՝ զսպելու համար Բաքվի ախորժակները:
 
Իսկ այս վարքագծի հետևողականության համար Երևանը հայտարարում է իր պատրաստ լինելը՝ ազատ, արդար ու թափանցիկ կազմակերպելու և անցկացնելու առաջիկա ընտրությունները, որոնք անպայման կարող են միջազգային հեղինակության նոր նշաձող ապահովել մեր երկրին, և հավելյալ բացասական-պայմանադրական ճնշումներ Բաքվին՝  հատկապես նկատի ունենալով Գանձակի շրջանում գրանցված պատահարները ու Ադրբեջանի իշխանությունների հակազդեցության եղանակները:
 
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր