«GOODBYE, ԱԺ»
Ուղղություններս հաճախ չեմ փոխում. ՎՍՀԴԿ ատենապետուհի

Հայոց խորհրդարանում իրենց երկարամյա ներկայությունն այլևս չեն շարունակի նաև անվանափոխյալ երկու կուսակցություններ՝ ՀՎԿ («Հայկական վերածնունդ» կուսակցություն) դարձած ՕԵԿ-ը և ՎՍԴՀԿ-ն ( Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցություն): Նախապաշարված մարդիկ ասում են, թե անվան ու բնակարանների փոփոխությունը ո՛չ բոլորի «վրա է գալիս»: Այս երկուսի օրինակը՝ փաստ: Փաստ, որը մղում է վերահաստատել հռետորական այն հարցը, որի պատասխանն ամենքին է հայտնի՝
- Ո՞ր դեպքում և ի՞նչ անհրաժեշտությունից մղված են մարդիկ կամ մարդկային խմբեր ներառող միավորները փոխում իրենց անունը: Մանավանդ՝ անվանափոխությունից տեսակ ու էություն չի փոխվում:
Սա՝ իմիջիայլոց:
ՎՍԴՀԿ ատենապետուհի, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր պարտաճանաչորեն վերջին անգամ եկել էր ԱԺ: Նա նորընտիր խորհրդարանում չի լինելու, թեև հույս ուներ, որ ԲՀԿ դաշինքի ցուցակում ընդգրկված կլինի:
Օրեր առաջ նա նաև հայտարարել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջարկ էր ստացել՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար: Առաջարկը չէր մերժել, բայց ԲՀԿ-ն էր հրաժարվել Երևանի քաղաքապետարանից:
Այսուհանդերձ, Լյուդմիլա Սարգսյանն այսօր հավաստիացրեց, որ «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցությունը կպահպանի, քանի որ՝
-Ես այն մարդկանցից չեմ, որ հաճախ եմ ուղղություններ փոխում:
Հիշեցնենք` արդեն նախկին համարվող այս խորհրդարանում Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ պատգամավոր էր: ՀԱԿ-ի ու նրա միջև հոսող ջրերը պղտորվել էին սակայն, երբ սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակներում Լյուդմիլա Սարգսյանը հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ: